Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիներն ունեն իրենց հայրենիք վերադարձի իրավունք, սա ես չեմ հնարում, սա միջազգային սկզբունք է, գոյություն ունեցող միջազգային կանոն»․ Արման Թաթոյան

Հոկտեմբեր 09,2025 16:21

«Մեզ համար կարեւորագույն խնդիրներից է լինելու այն, որ առհասարակ նախկինում տեղի ունեցած բոլոր հանցանքները մոռացության չենք տալու։ Խոսքը այն հանցանքների մասին է, որոնք կատարվել են ադրբեջանական քաղաքականության հետեւանքով, ՀՀ գործող իշխանության կոպիտ սխալների պատճառով, առհասարակ տարբեր խնդիրների պատճառով»,- «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության պաշտոնական մեկնարկից  հետո հրավիրած ասուլիսում ասաց նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Բնականաբար, արդար եւ ազնիվ չի լինի, եթե ես հիմա խոսեմ Արցախ վերադարձի մասին, մենք այդ հարցը չենք քննարկում, բայց ունենք 120 հազարից ավելի մեր հայրենակիցներ, որոնք ուղղակի տեղահանվել են իրենց հայրենի տներից, իրենց հայրենիքից։ Եվ նրանք ունեն իրենց հայրենիք վերադարձի իրավունք, սա ես չեմ ինձնից հնարում, սա միջազգային սկզբունք է՝ հաստատված, գոյություն ունեցող միջազգային կանոն։ Մասնավորապես, Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ի հանձնարարականով հստակ արձանագրել է, ընդառաջել է արցախցիների վերադարձի իրավունքը։ Ընդ որում, հատուկ նշել է սկզբունքներ՝ արցախցիների ապահով վերադարձ, կամովին վերադարձ, կայուն վերադարձ։ Սրանք վերադարձի միջազգային սկզբունքներ են։ Ավելին ասեմ, վերադարձի միջազգային իրավունքը ճանաչված է ոչ միայն Արդարադատության միջազգային դատարանի դատական ակտով, այլ նաեւ այլ միջազգային փաստաթղթերով։ Օրինակ՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-ի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հայտարարությամբ հստակ արձանագրված է այս հարցը։ Ավելին ասեմ, այդ փաստաթուղթը ստորագրել է նաեւ Հայաստանը, ստորագրել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններ։ Այսինքն՝ սա միջազգայնորեն ճանաչված իրավունք է»,- ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ մարդկանց նկատմամբ կատարվել են հանցագործություններ, էթնիկ զտում, որոնք անգամ ժամկետ չեն ճանաչում։ Թաթոյանը նշեց, որ ՀՀ իշխանությունը բացարձակ մանիպուլատիվ թեզով արցախցիների վերադարձին է հավասարեցրել այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի թեզը եւ ասում է, որ հարցը հավասարապես փակ է։  «Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ գոյություն ունեն միջազգային դատական ակտեր, որոնք փակել են այդ հարցն առհասարակ։ Օրինակ՝ 2021 թվականին ՄԻԵԴ-ը դատական ակտով հստակ արձանագրել է, որ այլեւս այդպիսի գանգատներ ներկայացնելը ժամանակավրեպ է։ Արդարադատության միջազգային դատարանը 2024 թվականին արձանագրել է, որ դա այլեւս այդ դատարանի քննությանը ենթակա հարց չէ։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, մենք ունենք երկու միջազգային դատական ատյան, որոնք փակել են այս հարցը։ Ի՞նչ է ստացվում՝ արցախահայության իրավունքների պաշտպանության առումով ունենք միջազգայնորեն ճանաչված իրավունք, իսկ մյուս մասով, եթե այս հարցը զարգանա այդ ճանապարհով, նշանակում է, որ սա տեղի է ունենալու միայն քաղաքական լուծում, որովհետեւ սրա իրավական ճանապարհները փակ են։

Արցախցիների վերադարձի հարցերը միջազգայնորեն ճանաչված իրավունք լինելուց զատ, մենք մեր երկրում խնդիր ունենք մեր հայրենակիցներին ապահովելու, որպեսզի նրանք Հայաստանում ունենան արժանապատիվ կյանք, սոցիալական արժանապատիվ պայմաններ, առանց ատելության կյանք։ Այսօր տեսեք, թե ինչ է կատարվում՝ ամբողջ համացանցը ողողված է արցախցիների նկատմամբ ատելությամբ։ Իսկ մենք առաջարկում ենք բոլորովին այլ ճանապարհ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Թաթոյանն ասաց, որ սկսելու են «Արցախի ձայնը» ծրագիր, որի շրջանակներում հավաքագրելու ու արձանագրելու են արցախցիների կարիքները, որպեսզի հասկանան՝ ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի արցախցիները Հայաստանում ունենան արժանապատիվ կյանք։ «Դրանից բացի, իշխանության գալուց անմիջապես հետո մենք իրականացնելու ենք հատուկ ծրագրեր, ստեղծելու ենք «Արցախի երեխաները» հատուկ ծրագիր, որի շրջանակներում ուսուցողական դասընթացներ ենք ապահովելու մեր երեխաներին, որպեսզի նրանք հանկարծ դուրս չմնան Հայաստանի հասարակությունից։ Ուզում եմ կարեւոր մի բան ընդգծել՝ արցախյան ինքնությունը հայկական ինքնության անբաժան մաս է, սա մեզ համար կարեւոր սկզբունք է լինելու։ Մենք Երեւանի կենտրոնում ստեղծելու ենք Արցախին վերաբերող պատմության թանգարան, հատուկ գերատեսչություն ենք ստեղծելու Արցախի եւ բռնի տեղահանվածների հարցով»,- ասաց նա։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031