Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Գնացել, մեր հայրենիքը պաշտպանել է, հիմա եկել , ասում է՝ մեր հայրենիքը չէր, հանձնում ենք Ադրբեջանին»

Հոկտեմբեր 13,2025 17:00

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր էլ քաղաքացիների համար սահմանված ընդունելության ընթացքում չընդունեց «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանին:

-Ակնկալիք արդեն չունեմ, որովհետեւ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներն ինձ հեռախոսով տեղեկացրել են, որ Ռուբեն Ռուբինյանն ինձ չի պատրաստվում ընդունելության արժանացնել: Ասում են՝ միայն ձեզ նպատակահարմար չի գտնում, հարցնում եմ այլ քաղաքացիներ կա՞ն գրանցված ընդունելության, ասում են՝ այո, ուրիշ քաղաքացիների հետ հանդիպում լինելու է: Պարզ ասում են, որ խտրական վերաբերմունք է՝ պայմանավորված իմ քաղաքական հայացքներով,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Ղազարյանը:

Խտրական վերաբերմունքից դժգոհ Ղազարյանը դիմել էր մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ). «ԱԺ-ից նամակ էին գրել, ասել, որ Էդգար Ղազարյանը չի արժանացել ընդունելության որպես քաղաքական գործիչ: Գրում են, որ պատճառն իմ քաղաքական հայացքներն են: Ես բողոքում եմ իրավապահներին, վարույթ չեն հարուցում, դատարանները մերժում են բողոքներս: Անպատժելիության մթնոլորտ է»:

Էդգար Ղազարյանն ասաց՝ մինչեւ ուրբաթ առավոտյան ժամը 11-ին ամեն օր ընդունելություն կա, ինքը պատրաստվում է ամեն օր գալ:

Հետո դիմեց ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին՝ առաջարկելով վաղը ժամը 11-ին բոլորով գան այստեղ. «Ինձ չեն թողնելու, չէ՞, այս դռնից անցնել, նրանց չեն կարող թույլ չտալ: Երեսուն հոգով անցնեն, գնան այն սրահ, ասեն՝ մի հատ հլը վեր կաց, ո՞նց չես ընդունում մարդուն: Կարգ կա, չէ՞, ընդունելության, Ղազարյանն այդ կարգը խախտե՞լ է, ոչ մի բան չի խախտել, ո՞նց չես ընդունում»:

Հարցին, եթե հանդիպման հարցը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը չլիներ, հնարավոր համարո՞ւմ է հանդիպման կայացումը, Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ ինքն ասել է, որ այլ թեմաներ էլ են լինելու. «Ինձ հետաքրքրում է Ռուբինյանի կարգավիճակը ՀՀ եւ Արցախի միջխորհրդարանական կազմում, ինքն այս հանձնաժողովի անդամ է: Ինքը համարվում է հայ-թուրքական գործընթացում հայկական կողմի պաշտոնական ներկայացուցիչ: Ինձ հետաքրքրում է իր գործողություններն այդ առումով: Ինքը 2016-ի մայիսին եղել է Արցախի պաշտպանության բանակում ՔՊ կամավորական ջոկատի անդամ: Մարտակերտի շրջանում ՊԲ զորամասերից մեկում իրականացրել է մարտական առաջադրանք: Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ կարգավիճակում է այնտեղ եղել՝ օկուպա՞նտ, ագրեսո՞ր, թե՞ ռազմական հանցագործ: Գնացել, մեր հայրենիքը պաշտպանել է, հիմա եկել , ասում է՝ մեր հայրենիքը չէր, հանձնում ենք Ադրբեջանին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031