«Այդ միջոցառմանը ներկա էին ադրբեջանցի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում իրենց դեսպանը, որը կարող էր հանգիստ վերցնել խոսափողը եւ հանգիստ ասել, որ մենք ընդունում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մենք ընդունում ենք, որ այդ գյուղը Հայաստանի տարածքում է, բայց ինքը դա չարեց, եւ ոչ ոք չարեց»։ Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Համատեքստ
Հիշեցնենք․ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսի շրջանակում «Հ/կ-ների աջակցության պետական հիմնադրամ» ադրբեջանական պետական գործակալության կազմակերպած միջոցառման ժամանակ ադրբեջանցի հ/կ-ական Նազրին Ալիեւան պնդել էր, թե Նռնաձոր գյուղը պատկանել է Ադրբեջանի Հանրապետությանը, որին հակադարձել էր Իոաննիսյանը՝ ավելի քան 10 անգամ խնդրելով հստակեցնել՝ ո՞ր պետության տարածքում է գտնվում Նռնաձորը։ Ընթացել էր թեժ բանավեճ։
Կարդացեք նաև
«Սկսեցի հարցուփորձ անել»
Մեզ հետ զրույցում Իոաննիսյանը մանրամասնեց դեպքերի հաջորդականությունը․ «Նրանք խոսում էին այն փախստականների մասին, որոնք 35 տարի առաջ Հայաստանից գնացել են Ադրբեջան։ Ես հարց տվեցի, ասացի՝ հասկանալի է՝ գնացել են, բայց Ադրբեջանում էլ կես միլիոն հայ էր ապրում, որոնք եկել են Հայաստան։ Այդ հանգամանքի մասին ինչո՞ւ եք լռում։
Իր պատասխանում նա ասաց մի բան, որը ես չէի սպասում։ Նա ասաց, որ նա Մեղրիի շրջանի Նյուվադի գյուղից է, որը Ադրբեջանում է։ Ես զարմացա, առաջին պահին նույնիսկ վստահ չէի, որ ճիշտ լսեցի իր պատասխանը։
Սկսեցի հարցուփորձ անել, հարցնել՝ այդ գյուղը ո՞ր երկրի տարածքում է, ընդունո՞ւմ եք, որ Հայաստանի տարածքում է։
Այդպես էլ տիկին Նազրին Ալիեւան չընդունեց, որ այդ գյուղը, որը նախկինում Նյուվադի էր կոչվում, այժմ Նռնաձոր է կոչվում, Հայաստանի Հանրապետության տարածքում է։ Այդպես էլ այդ հանգամանքը չընդունեց»։
Առավոտ․ Ինչո՞ւ է հատուկ ուշադրության արժանի այն հանգամանքը, որ բանախոսը Ադրբեջանի իշխանության աջակցությունը վայելող քաղաքացիական հասարակության կազմակերպությունից էր։
Իոաննիսյան․ Դուք նշեցիք ադրբեջանական քաղաքացիական հասարակություն։ Դա, կներեք, քաղաքացիական հասարակություն չէ։ Դրանք պետության ենթակայության ներքո գործող կազմակերպություններ են։ Ադրբեջանում անկախ քաղաքացիական հասարակություն, ցավոք, չկա։ Կան ադրբեջանական հ/կ-ներ, որոնք Ադրբեջանում չեն գործում, գործում են ուրիշ երկրներում, օրինակ՝ Շվեյցարիայում։ Դրանք իրապես ադրբեջանական իրավապաշտպան հ/կ-ներ են։
Նա արձանագրեց, որ պետությանը ենթակա ադրբեջանական հասարակական կազմակերպություններն «իրենց հռետորաբանության մեջ տարածքային նկրտումներ ունեն Հայաստանի նկատմամբ»։
«Ի վերջո, եթե դա զուտ Նազրին Ալիեւայի անձնական մոտեցումն էր, այդ միջոցառմանը ներկա էին ադրբեջանցի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում իրենց դեսպանը, որը կարող էր հանգիստ վերցնել խոսափողը եւ հանգիստ ասել, որ մենք ընդունում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մենք ընդունում ենք, որ այդ գյուղը Հայաստանի տարածքում է, բայց ինքը դա չարեց, եւ ոչ ոք չարեց», – ասաց Իոաննիսյանը։
Առավոտ․ Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պնդում են, որ խաղաղություն է հաստատվել, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներով եւ առավելապաշտությամբ լի հռետորաբանությունը չի դադարել։ Ի՞նչ պետք է Հայաստանը հասկանա այս իրողությունից։
Իոաննիսյան․ Մենք, ըստ էության, հստակ տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է ադրբեջանցի փախստականների հումանիտար հարցը վերածել զենքի՝ Հայաստանի դեմ տարածքային նկրտումներ եւ տարածքային պահանջներ ձեւավորելու գործում։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային