-Մեր աչքերը բաց են, ձեր այդ բոլոր մեղքերը մեր աչքի առաջ եք իրականացնում: Կարծես թե «ճ» կլասի ժողովրդի տեղ են մեզ դրել: Դուք կարծում եք՝ ՄԱԿ-ը չգիտե՞ր՝ ում էր նշանակում այդ հանձնաժողովի նախագահ: Նրանք ունեն բոլորի մասին այնպիսի դոսյեներ, որտեղ հայտնի է լինում, թե մանկության ժամանակ ինչ մանկապարտեզ են գնացել, ուր մնաց՝ չիմանային «Socar»-ի հետ կապ ունի՞, թե՞ չունի: Ես ունեմ հիմնավոր կասկած՝ պնդելու, որ ՀՀ իշխանություններն էլ գիտեին դա ու համաձայն են եղել դրա հետ,- այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց լրագրողներին ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ Բաքվում ապօրինի պահվող գործարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ՄԱԿ-ի՝ անձանց ապօրինի կալանավորման հարցերով հանձնաժողովը դեռ այս տարվա փետրվարին տվել է մի եզրակացություն, որը հավաստում է, թե գործարարի կալանքը կամայական չէ: Այս եզրակացության գոյությունն ի հայտ է եկել միայն վերջերս, երբ արգենտինացի իրավաբան Լուիս Մորենո Օկամպոն սկսել է իր հետաքննությունը, պարզել ու հրապարակել: Հենց այս եզրակացության չեղարկման պահանջով այսօր «Միասին» շարժման անդամները բողոքի ցույց են անցկացրել ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ, որին մասնակցում էր նաեւ այս շարժման խորհրդի անդամ Լարիսա Ալավերդյանը:
Կարդացեք նաև
-Կան անուղղակի ապացույցներ, որ նախ եւ առաջ հենց ռազմաքաղաքական ղեկավարության՝ Ադրբեջանում ճաղերի հետեւում հայտնվելու հարցում անպայման կա ՀՀ կառավարության, առնվազն նրա ղեկավարի մասնակցությունը: Դա այսօր կամ վաղը կապացուցվի:
Եվ ինչ վերաբերում է Հայաստանի ղեկավարությանը, մենք վաղուց գիտենք, որ չեք ծառայում հայ ժողովրդին: Այս իշխանություններն իրենց քաղաքականությամբ սպասարկում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանությանը: Այստեղ եկել ենք ոչ թե ակնկալիքով, որ վաղը ՄԱԿ-ը կձերբազատվի իր կոռուպցիայի մեջ խրված վիճակից, ոչ: Մենք ասում ենք նախ եւ առաջ, որ պետք է չեղարկեք այդ եզրակացությունը, պարտավոր եք նոր հանձնախումբ ձեւավորել ու պետք է հստակ իմանան, որ մենք հետեւելու ենք՝ ում են նշանակելու խմբի ղեկավարին:
Միջազգային իրավունքը դարձրել են ոտքի փալաս ամենապղտոր նպատակների համար: Մեր պահանջն է՝ չեղարկեք այդ գնված եզրակացությունը, այդ եզրակացության մեջ մարդկանց արյուն կա: Այն, որ այդ եզրակացությունը չի համապատասխանում միջազգային իրավունքին, պարզ է, բայց չի համապատասխանում նաեւ իրականությանը: Ամո՛թ ՄԱԿ-ին, որ փորձում է հինավուրց ազգերից մեկնի՝ հայերին, դարձնի խաղալիք իր ձեռքում եւ գնված մասնակիցների ձեռքին, մենք չենք լինելու խաղալիք իրենց ձեռքում,- ասաց Ալավերդյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ