Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերի զգալի մասը խնդիր ունի ապացուցելու, որ իրենք «նախկինների» հետ կապ չունեն: Իշխանության քարոզչությունը, հակառակը, իր առաջ խնդիր է դրել Փաշինյանի բոլոր ընդդիմախոսներին կապել «նախկինների» եւ Ռուսաստանի հետ:
Այս խոսակցությունների ֆոնին առանձնանում է Ռոբերտ Քոչարյանի՝ շատերի մոտ բացասական զգացմունքներ առաջացնող, կասեի՝ «ինֆեռնալ» ֆիգուրը: Հենց որ նա ասուլիս է տալիս, անկախ նրանից, ճիշտ բաներ է ասում, թե սխալ, բազմաթիվ քաղաքացիներ ասում են՝ «ավելի լավ է՝ թող Նիկոլը մնա»:
Խոստովանեմ, որ 2021 թվականին ես էլ էի այդպես մտածում: Հիմա՝ ոչ. Փաշինյանն այս 5 տարում արել է ամեն ինչ, որ ես այդպես չմտածեմ: Մասնավորապես, պետական ճնշումների, ռեպրեսիաների, բռնությունների առումով ներկայիս վարչապետը հավասարվել է Քոչարյանին:
Բայց բոլոր դեպքերում պետք է իրականությանը սթափ նայել. ի հեճուկս անհայտ «սոցիոլոգիական հարցումների»՝ Քոչարյանը կամ «Հայաստան» դաշինքը, առանձին վերցրած, հաղթելու շանսեր չունեն:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, ես խորհուրդ չէի տա ընդդիմադիր ուժերին օրը 10 անգամ, իշխանության քարոզչության ծավալին համապատասխան, կրկնել, որ իրենք «նախկինների» հետ կապ չունեն: Դա նշանակում է՝ հաստատել իշխանությանը չափազանց ձեռնտու օրակարգի կարեւորությունը եւ չքննարկել այն ծանրագույն խնդիրները, որոնց առաջ մենք կանգնած ենք: Իսկ ամենամեծ մարտահրավերը, եթե կարճ ձեւակերպենք, պետականությունը դե-ֆակտո կորցնելն է: Դրան է Փաշինյանը տանում՝ մեծ «բերկրանք» ապրելով: Բայց ինձ համար ակնհայտ չէ, որ որեւէ քաղաքական ուժ կարող է այդ գործընթացը կանխել:
…Վերջերս խոսվում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասին՝ որպես ընդդիմության թեկնածու: Եթե նա գա Երեւան եւ գոնե կեսբերան խոսի քաղաքականության մասին, ապա իշխանության գործողությունները կանխատեսելի են՝ մի հատ կամ մի քանի հատ քրեական գործ կկարեն (մի 50 քննիչ էլ դրանով կզբաղվի): Փաշինյանի քննիչները եւ դատախազները կարող են տասնյակներով «մեղադրական եզրակացություններ» թխել, իսկ Փաշինյանի դատարանները դրանք կդակեն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“Խոստովանեմ, որ 2021 թվականին ես էլ էի այդպես մտածում:”
բա ոչ ըտենց ա․ էլ հիմա ինչ ես ուզում ?
Իմ կարծիքով, մեր այսօրվա խնդիրների պատճառն այն է, որ լյուստրացիա չարվեց, որ օտարին ծառայողները չթափանցեն պետության օրգանիզմ եւ չթունավորեն ու հիվանդացնեն պետությունն իր ազգով հանդերձ: Մարդու օրգանիզմում լյուստրացիան իրականացնում է իմունիտետ դիմադրողականության համակարգը եւ երբ մարդու իմունիտետը թույլ է, ամեն տեսակ օտարածին ու հիվանդածին մանրէներ ներթափանցում են մարդու օրգանիզմ: Պետությունը նույնպես կենդանի օրգանիզմ է եւ պետության օրգանիզմում լյուստրացիան պետք է իրականացնի պետության իմունիտետ դիմադրողականության համակարգը՝ դա պետության ազգային անվտանգության համակարգն է, որի թույլ լինելու դեպքում ամեն տեսակ օտարածին եւ հիվանդածին գործակալներ ներթափանցում են մեր պետության կենդանի օրգանիզմը եւ թուլացնում նրան ներսից, դրան էլ նպաստում է մեր քաղաքականապես թույլ դիմադրողականությամբ ընտրողներն, ովքեր առաջիններն են թունավորվում օտարածին ու հիվանդածին գաղափարներով:
Ես մեր ԱԱԾին ցանկանում եմ ինքնամաքրում, ինքնաառողջացում եւ մեր հայ հզորագույն ԱԱԾ կդառնա մեր պետության հզորացման ամենագլխավոր հիմնասյուներից մեկը: