Բեռնատարների վարորդներն այսօր դարձյալ բողոքի ցույց են անում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ դժգոհելով Ռուսաստանում ուժի մեջ մտած նոր օրենսդրությունից։
Հիշեցնենք, որ խոսքը ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին ֆեդերալ օրենքի փոփոխության մասին է, որն արդեն ուժի մեջ է մտել: Ըստ այդմ՝ հունվարի 1-ից ոչ վիզային երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր ՌԴ-ում գտնվելու փոխարեն օրացուցային տարվա ընթացքում այլեւս կարող են գտնվել գումարային 90 օր: Այսինքն՝ ժամկետը կրճատվում է երկու անգամ։ Վարորդներն ասում են, որ այդ ժամկետը շատ քիչ է՝ հաշվի առնելով նաեւ այն, որ հայկական բեռնատարները շատ հաճախ օրերով հերթի մեջ են գտնվում Վերին Լարսի անցակետում։

Minister of Economy of Armenia Gevorg Papoyan met with the truck drivers protesting near the government building in Yerevan, Armenia.
Վարորդների հետ կառավարության այսօրվա նիստից առաջ զրուցել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ «Բողոքը 90 օրվա մասին է, չէ՞։ Ժողովուրդ ջան, ոչ միայն տեղյակ ենք, զբաղվում ենք, հիմա սրանից ավելի բան էս պահին չասեմ, բայց ձեզնից շատ ենք էդ հարցով զբաղվում։ Եթե աշխատանքային մի երկու բան ավել ասեմ, կարող է մեր գործին խանգարի։ Բայց հավատացեք, ԵԱՏՄ-ում ամենաբարձր մակարդակով զբաղվում ենք այդ հարցով»,- ասաց Պապոյանը։
Նա նշեց՝ մեծ հույս ունի, որ խնդիրն առաջիկայում լուծվելու է։ «Իհարկե, ձեր իրավունքն է, դուք կարող եք ամեն օր ցույց էլ անել, բողոք էլ անել, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ առանց էս ցույցի էլ մի շաբաթ է՝ զբաղվում ենք եւ շարունակելու ենք զբաղվել այնքան, մինչեւ կարողանանք հասնել այնպիսի լուծման, որ այդ հարցը ինչ-որ կերպ լուծվի։ Ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում չաշխատող տարբերակ է, որովհետեւ տարվա մեջ 90 օր դուք մենակ կարաք Վերին Լարսում կանգնեք»,- ասաց Պապոյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ