Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնտեղ, որտեղ չկա գիտելիք, հեշտ է ապակողմնորոշել, մանիպուլացնել եւ դրանով իսկ կառավարել». Ժաննա Անդրեասյան

Հոկտեմբեր 20,2025 11:55

«Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորումի» ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ի թիվս այլնի, խոսեց գիտելիքի մասին, այն բնորոշեց որպես խաղաղության եւ ժողովրդավարության ճանապարհ: Ասաց, որ միշտ էլ նորարարությունն ու մտքի թռիչքն ընդունվել են սվիններով ու թերահավատությամբ: «Այնտեղ, որտեղ չկա գիտելիք, հեշտ է ապակողմնորոշել, մանիպուլացնել եւ դրանով իսկ կառավարել»,-ասաց Ժաննա Անդրեասյանը: Նա նշեց, որ երբ փակվում է գիտելիքի ճանապարհը, առաջացած դատարկությունը լցվում է ապատեղեկատվությամբ եւ դիմացինի հանդեպ թշնամանքով:

Ինչ վերաբերվում է Ակադեմիական քաղաքին, ասաց, որ այն լինելու է գիտելիքի, հետազոտության, նորարարության հայաստանյան կենտրոն, անգամ դառնալու է միջազգային հարթակ: Նախարարը նաեւ նշեց, որ կրթության ռազմավարությունը միակ ռազմավարությունն է, որ ունի օրենքի կարգավիճակ: Նա նկարագրեց Ակադեմիական քաղաքը, ընդգծեց, որ այն ենթադրում է խոշորածավալ ենթակառուցվածքի ձեւավորում, բայց առաջին հերթին բովանդակության մասին է, որին հարմարեցվելու է ենթակառուցվածքը: Ժաննա Անդրեասյանը հույս հայտնեց, որ Ակադեմիական քաղաքը կարող է դառնալ տարածաշրջանային հաբ՝ միավորելով տարբեր երկրների ուսանողների եւ բուհերի, հետազոտական խմբերի, ասաց նաեւ, որ Խաղաղության խաչմերուկը կվերածվի գիտելիքի եւ նորարարության խաչմերուկի;

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ի թիվս այլնի՝ անդրադարձավ այս տարվա տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակներին: Փաստեց, որ 2025թ Նոբելյան մրցանակը շնորհվել է 3 տնտեսագետների՝ Ջոել Մոկիրին, Ֆիլիպ Ագիոնին եւ Փիթեր Հաուիթին, որոնց աշխատանքը մարմնավորում է 20-րդ դարի 40-ականներին առաջ քաշված ստեղծագործական ոչնչացման գաղափարը: Նախագահն ասաց, որ Նոբելյան 3 մրցանակակիրները զարգացրել են պատկերացումներն այն մասին, թե ինչպես է տեխնոլոգիական առաջընթացը նպաստում մարդկության զարգացմանը, կյանքի որակի բարելավմանը: Հավելեց, որ կրթությունը, նոր տեխնոլոգիաներն այն շարժիչ ուժն են, որ կապահովեն Հայաստանի զարգացման, մարդկանց բարեկեցության, տնտեսության աճի, պետության անվտանգության մակարդակի բարձրացումը:

Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն ասաց, որ մեծ պատիվ է մասնակցել նման կոնֆերանսի: Նրա ձեւակերպմամբ, նման կոնֆերանսները կարեւոր հարթակ են հաստատելու հանձնառությունները կրթության ոլորտում: Նախարարն ասաց նաեւ, որ ամեն երկրում իրավիճակը տարբեր է, բայց ձգտումները փողկապակցված են. «Մի կրթական համակարգի առաջխաղաղացումն ուժեղացնում է մյուսներին… Ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ փոփոխությունների տեմպն աննախադեպ է: Կրթական համակարգերը ոչ միայն գիտելիք պետք է փոխանցեն, այլեւ սերմանեն ճկունություն, հարմարվողականություն եւ դիմակայունություն»: Միկանաձեն անդրադարձավ Վրաստանի բարձրագույն կրթության հայեցակարգին, կրթության ոլորտում առկա 7 մարտահրավերներին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031