«Մենք տեսել ենք գործող վարչախմբի պարագլխի կողմից անմիջական պատվեր ԱԺ–ի ամբիոնից, տեսել ենք, թե ինչպես են վարչախմբի տարբեր պատգամավորներ միանում եւ սպառնալիքներ տեղում Գյումրու քաղաքապետի հասցեին: Տեսել ենք ոստիկանական բռնությունը, ինչպես են քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառում ու որեւէ դիմադրություն ցույց չտված քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելով՝ բերման ենթարկում: Կարծում եմ, որ վարչախումբն այսպիսի գործողություններով փորձարկում է ընտրությունների նախապատրաստությունը»,- այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» ազգային–քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Գյումրիում այսօր տեղի ունեցած գործողություններին:
«Այս վարչախումբը գիտի, որ ընտրություններում պարտվելու է, եւ այդ պարտությունը փորձելու է չեզոքացնել բռնության միջոցով. այսինքն՝ քաղաքացիներին փորձելու են ահաբեկել, որ մարդիկ մնան տանը, չգնան ընտրությունների։ Կամ ընտրությունների արդյունքները կեղծվեն եւ ստիպեն մարդկանց համակերպվել դրանց հետ: Իրենց խաղադրույքները շատ մեծ են, իրենց տերերը դրսում, Թուրքիայում եւ արեւմտյան այլ երկրներում, որ դրան աջակցում են, այնքան են բարձրացրել խաղադրույքները, որ վարչախումբը որոշել է ամեն գնով իշխանությունը պահպանել: Եթե իրենց պետք լինի արյունահեղություն, կգնան դրան, եթե պետք լինեն կեղծիքներ, կգնան դրան»,–ասաց Չալաբյանը։
Նա շեշտեց, որ վերջին շրջանում տարբեր անձանց վերաբերյալ հրապարակվող ձայնագրություններն էլ ապօրինի են, թե՛ Նաթան սրբազանին վերաբերող, թե՛ Վարդան Ղուկասյանին:
Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ