Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջս ամուսնության առաջարկ Գյումրիում եմ արել և ինձ համարում եմ հայ փեսա. Կանադայի դեսպան

Հոկտեմբեր 24,2025 15:22

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։

Ողջունելով դեսպանին՝ մարզպետը ներկայացրել է Շիրակի մարզն ու նշել, որ ՀՀ հյուրասեր ու հումորասեր մարզում է Էնդրյու Թըրները․ «Անչափ ուրախ ենք մեր օտարերկրյա գործընկերներին տեսնելու Շիրակում։ Գիտակցում ենք, որ մեր մարզի հանդեպ ունեցած հետաքրքրությունը բերելու է փոխշահավետ համագործակցության տարբեր բնագավառներում։

Շիրակը ոչ միայն իր աշխարհագրական դիրքով է առանձնանում, այլև լոգիստիկ առումով։ Մարզը գյուղատնտեսական ուղղվածություն ունի, հատկապես հողագործությունը և անասնապահությունը բավական զարգացած են, հարուստ է նաև տուֆ քարով։ Գյումրու մասին էլ խոսելիս, պետք է նշենք, որ այն ոչ միայն մեր երկրի, այլև աշխարհի զարդերից մեկն է։ Գյումրու կենտրոնը 1976 թվականից արգելոց թանգարան է համարվում՝ իր ինքնատիպ ճարտարապետության և 19-րդ դարին հատուկ շինությունների շնորհիվ։ Գյումրին առաջընթաց ունի թե տեղեկատվական տեխնոլոգիաների, թե մշակութային նախաձեռնությունների և թե մարզական ձեռքբերումների առումով։ 2018-ից հետո Կառավարության որդեգրած՝ տարածքների համաչափ զարգացման ռազմավարության իրականացման արդյունքում շուրջ 75-80 մլրդ դրամի ներդրում է կատարվել Գյումրիում։ Այժմ էլ Շիրակում շուրջ 50 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ են ընթանում»։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ իսկապես Գյումրին առանձնակի է կարևորում․ «Պարոն մարզպետ, զգացված եմ անմիջական ընդունելության համար, Գյումրու հետ կապված շատ ջերմ հիշողություններ ունեմ, քանի որ տարիներ առաջ կնոջս ամուսնության առաջարկ Գյումրիում եմ արել և ինձ համարում եմ հայ փեսա։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա վստահ եմ՝ եթե կա ցանկություն՝ ամեն ինչ կստացվի։ Մեր դեսպանատան բացումից երկու տարի է անցել, բավական աշխատանք է տարվել այս տարիների ընթացքում, թե մինչ այդ կենտրոնացել էինք կառույցի կայացման, հայ-կանադական հարաբերությունների ամրապնդման վրա՝ այժմ էլ անելու ենք հնարավորը ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման համար»։

Մարզպետն ու դեսպանը խոսել են համագործակցության հնարավոր տարբերակների, մասնավորապես տնտեսական հարաբերությունների զարգացման, տարբեր բնագավառներում փորձի փոխանակման, գործարար կապերի հաստատման մասին։

Ավարտին մարզպետն ու դեսպանը փոխանակվել են հուշանվերներով։

Շիրակի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031