Հայաստանի կոմպոզիտորների միության երիտասարդական մասնաճյուղի ղեկավար, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության թեկնածու, դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը 5 տարվա ընդմիջումից հետո նոյեմբերի 10-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում յուրահատուկ դաշնամուրային համերգ ունի՝ «Նվիրում հերոսին՝ Նորայր Արտեմյանին» խորագրով: Լիլիթը հերոսի քույրն է, նրա եղբայրը՝ 19-ամյա Նորայրը անմահացել է 44-օրյա պատերազմի 33-րդ օրը: Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Շեխեր գյուղում մարտի ամենաթեժ պահին, երբ երկնքից ասես կրակ էր թափվում, Նորայրը փորձել էր հասնել վիրավոր զինակցին ու մոտեցնել շտապօգնության մեքենային, սակայն չէր հասցրել, զոհվել էր` վիրավորի հետ միասին:
«Համերգով հանդես գալու, եղբորս նվիրված առանձնահատուկ երեկո կազմակերպելու գաղափարը մտքումս պտտվում է 2022 թվականից: Պարզապես ցավն այնքան խորն էր, որ զգացմունքներս թույլ չէին տալիս, որ իրականացնեմ: Հիմա էլ նույն ապրումներն ունեմ: 2020 թվականից հետո հանդես չեմ եկել որեւէ մենահամերգով: Սա առաջինն է, եւ որոշեցի նվիրել եղբորս, իր սխրանքին, իր կատարած մեծ աշխատանքին: Չարաբաստիկ պատերազմից հետո կարծում էի, որ այլեւս բեմ չեմ վերադառնա, բայց ներքին մղումը ստիպեց իրականացնել գաղափարը:
Գիտեք, որ ես համատեղում եմ գիտական եւ կատարողական գործունեություններս, ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող եմ: Թեզս պաշտպանելուց հետո առաջարկ ստացա Արվեստի ինստիտուտի այն ժամանակվա փոխտնօրեն, այժմ արդեն տնօրեն՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանից այնտեղ աշխատանքի անցնելու: Նշեմ, որ իմ գիտական եւ կատարողական գործունեությունը լրացնում են միմյանցից եւ տարանջատված չեն… Եղբորս ձայնը, եղբորս խոսքը ստիպեցին ինձ բեմը չթողնել: Որոշեցի բեմ վերադառնալ եւ առաջին համերգս նվիրել Նորայրին»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Արտեմյանը:
Հետաքրքրվեցինք, թե ինչպես է կազմվել համերգի ծրագիրը՝ Բեթհովեն, Ֆրանկ, Միխայիլ Կոկժաեւի՝ Օրորոցային «Կլաասի մոխիրը բաբախում է իմ սրտում», Վարդ Մանուկյանի «Նվիրում» ստեղծագործությունները:
Կարդացեք նաև
«Սկզբում մտածում էի ավելի մեծ ծրագրով հանդես գալ, հետո հասկացա, որ էմոցիոնալ առումով մեկ բաժինը լրիվ բավարար է երեկոյի համար: Բեթհովեն ընտրեցի, որովհետեւ եղբորս սիրելի կոմպոզիտորն էր: Նորայրը մեծ սեր, հետաքրքրություն ուներ դասական երաժշտության հանդեպ, ծանոթ էր հայ եւ համաշխարհային կոմպոզիտորական արվեստի ձեռքբերումներին, մանավանդ պատերազմից առաջ շատ էր լսում Բեթհովենի 5-րդ՝ «Ճակատագրի սիմֆոնիան»: Ես ընտրեցի Բեթհովենի 17-րդ Սոնատը: Սա միակ սոնատն է, որ նվիրում չունի: Այն ամբողջովին սեր է, եղբայրս էլ իր ամբողջ էությամբ սեր էր, իր շուրջ լույս եւ սեր էր տարածում: Ֆրանկն իմ ընտրությամբ է եղել: Այս տարիների ընթացքում համարում եմ, որ գոյատեւել եմ, ինձ պահել, պահպանել է աղոթքը առ Աստված Հայ Առաքելական սուրբ եկեղեցում, Ֆրանկն էլ, ինչպես գիտենք, ռոմանտիկ դարաշրջանի հոգեւոր կոմպոզիտորներից է:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ եղբայրս մտավ հայ կոմպոզիտորական արվեստ. Միխայիլ Կոկժաեւի եւ Վարդ Մանուկյանի ստեղծագործությունները նվիրված են եղբորս: 2021 թ. արվեստագիտության թեկնածու, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Կոկժաեւը, որ իմ ատենախոսության գիտական ղեկավարն է, ասաց, որ ստեղծագործություն է գրելու եւ նվիրելու է եղբորս: Դա ինձ համար մեծ բան էր: Ես ասացի, որ անպայման կկատարեմ այդ ստեղծագործությունը: Մեր կոմպոզիտորական արվեստի եւս մեկ ակնառու ներկայացուցիչներից արվեստի վաստակավոր գործիչ Վարդ Մանուկյանը եւս գրեց ստեղծագործություն, որը նվիրված ե եղբորս: Կարծում եմ, որ սա շարունակական կլինի: Ու հուսամ՝ մի դաշնամուրային շարք կլինի եղբորս նվիրված, եւ մեկ համերգի ընթացքում կկատարեմ»,-ասաց մեր զրուցակիցը:
«Կուզեմ, որ Նորայրիս նմանները շատ լինեն մեր երկրում… իր նման լուռ հայրենասերները, գործով հայրենասերներ… Կուզեմ, որ երիտասարդների այդ տեսակը ոչ թե նվազի, այլ ավելանա»,-մեր զրույցի ավարտին ընդգծեց Լիլիթը:
Նշենք, որ է հետմահու «Մարտական ծառայության» մեդալով պարգեւատրված, ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Նորայր Արտեմյանը հողմային էներգիայի գյուտի հեղինակներից է: Մտավոր սեփականության գրասենյակը 2022թ. արտոնագիր է շնորհել «Հողմաէներգետիկ տեղակայանք» գյուտի համար: Հետագայում գյուտը նաեւ միջազգային արտոնագիր է ստացել:
Հերոս երիտասարդը մաթեմատիկական հատուկ ունակություններից բացի, հաջողություններ ուներ նաեւ սպորտում` լող, ձյուդո, ֆուտբոլ: Նորայրի սթափ դատելու ու խելամիտ հաշվարկներ կատարելու բացառիկ ունակությունները դրսեւորվել են մարտի դաշտում: Պատերազմի ընթացքում նրան առաջարկել են ծառայությունը շարունակել որպես դասակի հրամանատար եւ ղեկավարել մարտական գործողությունները: 19-ամյա երիտասարդի հրամանով արձակված ավելի քան 200 արկերը մեծ կորուստներ են հասցրել թշնամու տեխնիկային եւ կենդանի ուժին: Մարտի ընթացքում Նորայրը կարողացել էր 3 անգամ ինքնուրույն նորոգել իր զինտեխնիկան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































