“A New Policy”-ն և Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ձևավորել են 18 ամերիկյան կազմակերպությունների դաշինք՝ դեմ արտահայտվելով Ադրբեջանի ընդգրկմանը Գազայի համար նախատեսվող միջազգային անվտանգության ուժերում (ISF)։ Դաշինքը կոչ է անում ԱՄՆ-ին և միջազգային գործընկերներին բացառել Ադրբեջանի ցանկացած ներգրավում՝ ընդգծելով Բաքվի կողմից Արցախի էթնիկ զտումը և Իսրայելի հետ սերտ ռազմական համագործակցությունը՝ որպես խաղաղապահ առաքելությանն անհամատեղելի գործոններ։
Համատեղ հայտարարության մեջ շեշտվում է՝ միջազգային անվտանգության ուժերը պետք է լինեն անաչառ և ունենան մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի հստակ պատմություն։ Ըստ նախաձեռնողների՝ Ադրբեջանը չի բավարարում այս երկու չափանիշներից որևէ մեկը։
Այս գաղափարի շուրջ համախմբված կազմակերպությունները նախազգուշացնում են՝ Ադրբեջանի և Իսրայելի խորացող ռազմական ու էներգետիկ կապերը լուրջ հակասության մեջ են դնում նրա հնարավոր անաչառությունը Գազայում։ Ըստ հրապարակված հայտարարության՝ Իսրայելը մատակարարում է Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության մինչև 70 տոկոսը, ներառյալ առաջատար անօդաչուներ և հակաօդային պաշտպանության համակարգեր, իսկ իր հերթին Իսրայելը իր նավթային ներկրման շուրջ 40 տոկոսը ստանում է Ադրբեջանից։
Հայտարարության հեղինակները նաև հիշեցնում են Ադրբեջանի մարդու իրավունքների խախտումների երկարատև և համակարգված բնույթը՝ ընդգծելով, որ 2023-ին Բաքուն պաշարեց և հումանիտար աղետի եզրին հասցրեց Արցախի 150,000 հայ բնակչությանը, իսկ այնուհետև իրականացրեց ռազմական հարձակում, որի հետևանքով ողջ հայ բնակչությունը հարկադրված եղավ լքել իր հայրենիքը։ Բացի դրանից, Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին և հայ ռազմագերուներին, իսկ հայկական մշակութային ժառանգության հանդեպ գործադրում է հետևողական ոչնչացման քաղաքականություն։
Կարդացեք նաև
Մեկնաբանելով այս նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․
«Ադրբեջանը, որն իրականացրեց Արցախի հայության ցեղասպանությունը և միլիարդավոր դոլարների զենք է գնում Իսրայելից, չի կարող հանդես գալ որպես խաղաղապահ Գազայում։ Ընդհակառակը՝ նման որոշումը կվնասի խաղաղության և արդարության գաղափարին։ Մենք հպարտ ենք կանգնելու մեր գործընկերների կողքին՝ մերժելով այս վտանգավոր փորձը՝ արդարացնելու Ադրբեջանի հանցավոր վարքագիծը՝ պաղեստինցի ժողովրդի հաշվին»։
Դաշինքում ընդգրկված են մարդու իրավունքների, ցեղասպանության կանխարգելման, Մերձավոր Արևելքի խաղաղության և արդարության ուղղությամբ գործող կազմակերպություններ։
Գործընկեր կազմակերպությունների հայտարարության եզրափակիչ մասը հստակ կոչ է ուղղում․ «Մենք հորդորում ենք միջազգային հանրությանը և Միացյալ Նահանգներին մերժել Ադրբեջանի ցանկացած մասնակցություն Գազայի միջազգային անվտանգության ուժերին՝ հաշվի առնելով նրա կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները, Արցախի հայության նկատմամբ իրականացրած էթնիկ զտումը, ինչպես նաև Իսրայելից ռազմական և էներգետիկ կախվածությունը»։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ


















































