Viva-ն և «Արտիսիմո»-ն ազդարարել են համագործակցության մասին
Արվեստը հզոր գործիք է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների համար: Այս թիրախային խմբի երեխաների և նրանց ծնողների հետ հետևողական աշխատանքը կարևոր է՝ հնարավոր խնդիրները վաղ փուլում բացահայտելու և դրանց լուծման արդյունավետության համար: Ութ տարի առաջ ստեղծված «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպությանը լուրջ հետազոտություն է անցկացրել և բացահայտել Հայաստանի տարբեր շրջաններին բնորոշ խնդիրները: Երկու մարզում՝ Գեղարքունիքում և Վայոց ձորում, կրթաբուժական մեկական կենտրոն է ստեղծվել:
Կարդացեք նաև
Գնահատելով արվեստի ուժով հաղորդակցվելու և վերականգնվելու կարևորությունը՝ Viva-ն սկսել է համագործակցել «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպության հետ: Արդյունքում՝ «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոններ հաճախող 60 երեխա կօգտվի կրթաբուժական և վերականգնողական ծառայություններից: Դա կնպաստի այս խմբի երեխաների ներառական զարգացմանը:
Viva-ի և «Արտիսիմո»-ի համագործակցության մեկնարկն ազդարարվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում:
«Այս համագործակցության հիմքում կարևոր ուղերձ կա. միանալ՝ արվեստի միջոցով սեր և հոգատարություն փոխանցելու առաքելությանը: Այն, ինչ երեխաները չեն կարողանում արտահայտել բառերով՝ վախերը, ուրախությունն ու հույզերը, կանեն արվեստի միջոցով: Դա թույլ կտա աստիճանաբար զարգացնել հաղորդակցվելու ունակություններն ու նպաստել նրանց ինտեգրմանը: Մեր գործընկերներին հաջողվել է ծնողների շրջանում կոտրել կարծրատիպերը, հասնել խնդիրների վաղ բացահայտմանը և վերականգնողական պրոցեսում կանխել արժեքավոր ժամանակի անվերադարձ կորուստը: Հուսով ենք՝ մեր աջակցությամբ կնպաստենք նոր ձեռքբերումների արձանագրմանը»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«Ընդհանուր առմամբ, երկու մարզում «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոն է հաճախում ավելի քան երկու հարյուր երեխա: Շատերի համար վերականգնողական բուժումը կրում է մշտական բնույթ, ինչը նշանակում է, որ դադարներով ցանկալի արդյունք հնարավոր չէ ապահովել: Viva-ի աջակցությամբ, մենք արդեն կարող ենք ևս վաթսուն երեխաների կյանքի բարելավմանն ուղղված թերապիաներ անցկացնել՝ լուսավորելով բոլորի մանկությունը: Այս համագործակցությունը շատ կարևոր էր մեզ համար»,- ասել է «Արտիսիմո» մշակութային ՀԿ հիմնադիր Կատերինա Հորստկան:
«Ոսկեփորիկ»-ում, արդյունավետության տեսակետից առանձնահատուկ տեղ է հատկացվում հիպոթերապիային (ձիաբուժություն), որի դերն անգնահատելի է հենաշարժողական խնդիրներով երեխաների վերականգնման համար: Այս թերապիայի համար ընտրվում են համապատասխան վայր և որոշակի հատկություններով օժտված կենդանիներ` երեխաների վերականգնման գործընթացում ապահովելով հոգեբանական հիանալի արդյունք:
Կրթության առանձնահատուկ պայմաններ ապահովող ծառայությունների ցանկը բազմազան է: Այն ներառում է զգայական ինտեգրում, հոգեբանական աջակցություն, լոգոպեդիա ֆիզիոթերապիա, հոգեխնամք, հիպոթերապիա, հեքիաթաթերապիա, ավազաթերապիա, կանիսթերապիա (հատուկ վարժեցված շների ներգրավմամբ թերապիա), ջրային թերապիա, արտ-թերապիա և երաժշտաթերապիա:



























































