«Ձախողումների ամփոփման բյուջե»,- խորհրդարանական ճեպազրույցներում այսօր 2026 թվականի բյուջեի նախագիծն այսպես բնութագրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նկատելով, որ տնտեսական աճը գահավիժեց 5,2–5,4 տոկոսի միջակայքում, մինչդեռ բարենպաստ պայմանների դեպքում խոստացվել էր 9 տոկոս, իսկ սովորական պայմանների դեպքում՝ 7 տոկոս տնտեսական աճ։ Պետական պարտքի սրընթաց աճը, իր հաշվարկներով, 2026-ին անցնելու է 6 տրիլիոնը։ Միջին աշխատավարձերի թվային վերլուծությունն էլ խոստումնալից չէ․ «Եթե միջին աշխատավարձը 300–306 հազարի կարգի է, ապա բնակչության ¾-ը միջին աշխատավարձից ցածր աշխատավարձ է ստանում, այսինքն՝ 4-ից 3-ը միջինից ցածր է ստանում, իսկ սա նշանակում է, որ բեւեռացումը մեծացել է, իսկ միջին աշխատավարձին հղումները պարզ մեքենայություն են»։
Իրավիճակն ավելի է սրում անհուսալի վարկերի քանակը՝ 330 հազարից ավելի անհուսալի վարկ կա այսօր մեր բանկային համակարգում․ «Չեմ կարող ասել՝ քանի վարկառու կա։ Փոքր վարկերը, եթե 2017-ին ընդամենը 46 000 էին, ապա 2025-ին չորս անգամ ավելացել են․ դա բարեկեցության անկման ամենամեծ ցուցանիշն է»։
2026-ի բյուջեի կարեւոր քաղաքական ուղերձն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, այն էր, որ «մենք մարտունակ բանակ չենք կառուցելու, մենք կառուցելու ենք պաշտպանունակ բանակ»։
Արթուր Խաչատրյանը հարց ունի Փաշինյանին՝ ինքը խղճի խայթ, պատասխանատվություն չի՞ զգում, որ երեկ Ադրբեջանի ղեկավարությունը ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկումներ պահանջեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համար գրեթե միաժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր «Արցախը ֆեյք» էր։
Կարդացեք նաև
Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությանը, թե շուտով խորհրդարանական ընտրություններ են լինելու եւ թնջուկի լուծումն այն է, որ այդ անձանց (նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին-Ն․ Գ․) հարող ուժերը խորհրդարանում այլեւս չլինեն, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը չի որոշում, թե ո՞ր քաղաքական ուժերը պետք է լինեն խորհրդարանում»։ Լիլիթ Գալստյանն էլ հավելեց՝ Հայաստանը բռնատիրական պետություն է դարձել եւ Նիկոլ Փաշինյանի անոնսը նրա մասին է, որ չեն հաջողելու այլախոհությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































