Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյան. «Զուտ խոսքի համար, եթե չի եղել զրպարտություն, վիրավորանք, այսպես ասած` եթե արարքը խուլիգանական էլեմենտներ չէր ունենում, չեմ հիշում, որ առաջներում նման դեպքերում մարդկանց լուրջ հետապնդեին». «Հրապարակ»

Նոյեմբեր 15,2025 11:40

Փաստաբան Տիգրան Աթանեսյանին, որը Նիկոլ Փաշինյանի փաստաբանն է եղել, «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ նախադեպ է, երբ հայհոյանքը համարում են խուլիգանություն եւ մարդկանց կալանավորում: Երբ Փաշինյանին տարիներ առաջ դատում էին, նա հայտարարում էր, որ ճնշում են գործադրում իր նկատմամբ, փորձում են իր խոսքը լռեցնել: Այդ դեպքում ի՞նչ է անում նա այսօր քաղաքական այլախոհների հետ: Աթանեսյանը նկատեց.

«Դժվար հարց է, որովհետեւ զուտ խոսքի համար, եթե չի եղել զրպարտություն, վիրավորանք, այսպես ասած` եթե արարքը խուլիգանական էլեմենտներ չէր ունենում, չեմ հիշում, որ առաջներում նման դեպքերում մարդկանց լուրջ հետապնդեին: Ասել, թե լրագրողներին երբեւէ չեն հետապնդել, չեմ կարող, ոչ՝ եղել են դեպքեր, բայց շատ կարեւոր է ֆիքսել. երկրում ընդհանուր մթնոլորտն այսօր ուրիշ է: Մինչեւ 2018 թվականը` Նիկոլի իշխանության գալը, ընդունված չէր հայհոյելը, գուցե ինչ-որ քննադատություններ հնչեին, սուր խոսքեր եւ այլն, սակայն ուղիղ հայհոյանքն ընդունված չէր: Նրանք, ովքեր անցնում էին որոշակի սահմաններ, պատժվում էին, սակայն այսօրվա Հայաստանում, երբ իշխանությունների ձեռամբ հայհոյանքն ու վարկաբեկումը դարձել են սովորական երեւույթներ, դժվար է համեմատություններ անելը»:

Ինչո՞ւ է վարչապետը ԱԱԾ-ն դարձրել իր քաղաքական հակառակորդներին պատժելու, բերման ենթարկելու գործիք, ի վերջո՝ այդ կառույցի գործառույթը շատ ավելի լուրջ է։ «Ես չգիտեմ, հիմա կարելի՞ է ասել՝ լուրջ է, թե ոչ, ինչու, որովհետեւ, դատելով նրանից, թե թուրքական հետախուզությունն ինչպես է աշխատում Հայաստանում, կարող ենք արձանագրել, որ այն այնքան էլ լուրջ կառույց չէ: Սեփական քաղաքացիներին վախեցնելն այդ կառույցին չի դարձնում լուրջ: Ինչ վերաբերում է խուլիգանությանը, ապա ո՞վ է առաջինը վիրավորել. Ալեն Սիմոնյանը, իսկ նրանք հակադարձել են Սիմոնյանին: Ստացվում է, որ Հայաստանում ձեւավորվել են բռնապետական կարգեր, ով ում ուզում, ինչքան ուզում, ձերբակալում է, կալանավորում է, բայց վարչապետը, ԱԺ նախագահն իրավունք չունեն ինչ-որ մեկին բերման ենթարկելու հրաման տալու: Նրանք թագավոր չեն, ի վերջո: Այս ամբողջ պրոցեսն ինքնին ապօրինի է»:

Ի՞նչ ասել է խուլիգանություն, ի՞նչ հանցակազմ է պարունակում Քրեական օրենսգրքի այս հոդվածը։ «Խուլիգանությունը հասարակական կարգի տապալում է: Օրինակ` երբ գիշերային ժամերին ինչ-որ մեկը բարձր հայհոյում է՝ խանգարելով տարբեր անձանց, երեխաների, տարեցների եւ, առհասարակ, ցանկացած տարիքի եւ սեռի անձանց հանգիստը: Ֆեյսբուքում, Յութուբում խուլիգանությամբ զբաղվելը ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ է: Ո՞ւմ երեխան չի կարողացել քնել այդ հաղորդման պատճառով, կամ ո՞վ է արթնացել քնից դրա պատճառով: Համացանցն այնպիսի երեւույթ է, որ եթե չես ուզում, չես օգտվում դրանից, այստեղ խուլիգանության մասին չի կարող խոսք լինել: 15 տարի է՝ վիրավորանքն ապաքրեականացվել է, օրինակ` չի կարելի վիրավորել դատավորին։ Այսպիսի առանձին դեպքեր կան, սակայն, ընդհանուր առմամբ, հայհոյանքում չկա հանցակազմ»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930