Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում ԱՄՆ դեսպանին՝ ՀՀ-ում քաղաքական հետապնդումների, ապօրինի կալանքների և մեդիայի գործունեության խոչընդոտման վերաբերյալ

Նոյեմբեր 28,2025 17:35

AntiFake.am-ի խմբագրությունը նամակ է ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանին՝ հրատապ դիմելով Հայաստանում քաղաքական հետապնդումների, ապօրինի կալանքների և մեդիայի ազատ գործունեության խոչընդոտման վերաբերյալ.

Տիկին Դեսպան,

Մենք՝ AntiFake.am-ի խմբագրության անդամներս, Ձեզ ենք դիմում խորը անհանգստությամբ և մտահոգությամբ՝ կապված Հայաստանի Հանրապետությունում անկախ մեդիայի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների, ապօրինի կալանքների և լրագրողական գործունեության անմիջական խոչընդոտման հետ։

Վերջին շաբաթների ընթացքում AntiFake.am-ը, նրա հիմնադիրները, լրագրողները և տեխնիկական աշխատակիցները դարձել են աննախադեպ ճնշումների, վախի մեխանիզմների և պետական մակարդակով իրականացվող հետապնդումների թիրախ։ Այս իրադարձությունները լրջագույն սպառնալիք են խոսքի ազատությանը, մեդիայի անկախությանը և ժողովրդավարական հիմնարար սկզբունքներին։

Ստորև ներկայացնում ենք տեղի ունեցածի ամբողջական պատկերը․

2025 թվականի նոյեմբերի 13-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) դիմակավորված աշխատակիցները միաժամանակ ներխուժել են․

  • am-ի հիմնադիր և «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի բնակարան,
  • փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի բնակարան,
  • am-ի խմբագրություն։

Չնայած դիմադրության բացակայությանը՝ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը բերման են ենթարկվել ձեռնաշղթաներով։

Խուզարկության ընթացքում խմբագրությունից առգրավվել է մեր լրագրողական աշխատանքի համար անհրաժեշտ ամբողջ տեխնիկան, այդ թվում՝

  • բոլոր համակարգիչները,
  • բոլոր տեսախցիկները, տեսանկարահանող դրոնները,
  • բոլոր միկրոֆոնները և ձայնագրող սարքերը,
  • բոլոր շտատիվները
  • գրասենյակի անվտանգության տեսախցիկների DVR սարքը,
  • մարտկոցներ, լիցքավորիչներ, էներգաբանկեր,
  • ուղիղ եթերի հեռարձակման համար անհրաժեշտ սարքեր։

Առգրավված սարքերի զգալի մասը ֆիզիկապես չի կարող պարունակել որևէ «ապացույց», ինչը հստակ ցույց է տալիս գործողության իրական նպատակը՝ լրատվամիջոցի աշխատանքն ամբողջությամբ կաթվածահար անելը։

Երկու շաբաթ անց՝ տեխնիկան դեռևս չի վերադարձվել, ինչի հետևանքով խմբագրության աշխատանքը ամբողջ ծավալով չի իրականացվում։

Խուզարկություններից հետո իրավապահները ձերբակալել են նաև մեր աշխատակիցներից երկուսին․

  • լրագրող Դավիթ Ֆիդանյանին՝ 3 օրովով,
  • օպերատոր Իշխան Խոսրովյանին՝ մի քանի ժամով։

Երկու ձերբակալությունները եղել են անհիմն, առանց որևէ իրավական պատճառի և ուղղված բացառապես խմբագրությանը վախեցնելու և ճնշելու նպատակին։

Հայաստանի ամենադիտվող քաղաքական հարթակներից մեկի՝ «Իմնեմնիմի» քաղաքական փոդքասթի հեղինակներ ու վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են երկու ամսով։

Նրանց դեմ հարուցված գործը՝

  • նույն հոդվածով է, որով նրանք հետապնդվել են 2024 թ․ մարտ–մայիս ամիսներին,
  • և որի առնչությամբ առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել է արդարացման դատական ակտ,
  • սակայն դատախազությունը բողոքարկել է այդ դատավճիռը, և գործը դեռ քննվում է Վերաքննիչ դատարանում։

Հետապնդումների այս շղթան վերսկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ նրանք թողարկեցին Հայաստանի երրորդ նախագահի մասնակցությամբ փոդքասթի էպիզոդը։

Այդ թողարկմանը հաջորդեց․

  • ՀՀ ԱԺ խոսնակի հրապարակային վիրավորանքը փոդքասթի հեղինակներին՝ «շան լակոտներ»,
  • փոդքասթի հեղինակների պատասխանն այդ վիրավորանքին, որի ընթացքում Նարեկ Սամսոնյանն ընդամենը օգտագործել է «հետույք» բառը՝ խոսնակի վարքագիծը նկարագրելիս,
  • դրանից հետո ԱԺ խոսնակի կողմից բողոք ներկայացվեց, թե իբր «խուլիգանություն» և «սպառնալիք» է հնչել՝ ինչը փաստացի սուտ է։

Պետական կառույցները գործել են աննախադեպ արագությամբ և թափով՝ հիմնվելով միայն երկրի երկրորդ պաշտոնյայի բողոքի վրա, ինչի հետևանքով տեղի են ունեցել խուզարկությունները, ձերբակալություններն ու կալանավորումները։

 

Հայաստանը երկար տարիներ համարել է ԱՄՆ-ին ժողովրդավարական զարգացումների, մեդիայի ազատության և ինստիտուցիոնալ կայունության կարևորագույն գործընկեր։

Այսօր մենք դիմում ենք Ձեզ, քանի որ ստեղծված իրավիճակը ներառում է․

  • խոսքի ազատության ակնհայտ խախտումներ,
  • պետական իշխանության չարաշահում լրագրողների դեմ,
  • քաղաքական դրդապատճառներով իրականացվող կալանքներ։

ԱՄՆ-ը մշտապես առանցքային դեր է ունեցել Հայաստանում ազատ մեդիայի և ժողովրդավարական արժեքների պաշտպանության համատեքստում։

Ձեր հետևողական ուշադրությունն ու դիվանագիտական ներգրավվածությունը կարող են ուղղակի ազդեցություն ունենալ լրագրողների իրավունքների, ազատությունների և անվտանգության պաշտպանության վրա։ 

Կոչ ենք անում՝

  1. Պահանջել քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի անհապաղ ազատ արձակումը։
  2. Դիվանագիտական եղանակներով բարձրացնել նրանց կալանքի քաղաքական դրդապատճառների հարցը։
  3. Մշտադիտարկում իրականացնել իրավապահ մարմինների գործողությունների նկատմամբ, որոնք ուղղված են AntiFake.am-ի գործունեության սահմանափակմանը։
  4. Աջակցել Հայաստանում խոսքի և մեդիայի ազատության պաշտպանությանը՝ հատկապես այն պայմաններում, երբ անկախ լրատվամիջոցները դառնում են իշխանական ճնշումների թիրախ։

Տիկին Դեսպան,

Պատրաստ ենք տրամադրել լրացուցիչ փաստաթղթեր, նյութեր, տեսագրություններ կամ այլ տեղեկատվություն։ Մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց ազատ մեդիայի, և այսօր Հայաստանում այդ հիմնարար արժեքը ուղիղ հարվածի տակ է։

AntiFake.am խմբագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930