Լրահոս
Օրվա լրահոսը

Ասես Նիկոլ Փաշինյանի ծնունդը լիներ, մտավ  եկեղեցի, սկսեցին ծափ տալ, բայց չէ՞ որ պատարագ էր. Հովհաննես Իշխանյան

Դեկտեմբեր 02,2025 14:19

«Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվածն ամենեւին պատարագի նման չէր, որովհետեւ, ինչքանով տեղյակ եմ, պատարագներն արվում են հավատացյալների համար, եւ դրանց հիմքում Քրիստոնեությունն է, Քրիստոսն է, սակայն այս պատարագի հիմքում Արցախը հանձնած, 385 եկեղեցի թշնամուն հանձնած, քրիստոնյաներին կեղեքող Նիկոլ Փաշինյանն էր»,-«Հայելի» ակումբում նշեց վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների մասնակցությամբ հավաքին:

«Ասես Նիկոլ Փաշինյանի ծնունդը լիներ, մտավ  եկեղեցի, սկսեցին ծափ տալ, բայց  չէ՞ որ պատարագ էր … Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է: Պատարագը սկսվեց այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը ներս մտավ… Ինչո՞ւ է պատարագիչ քահանան պատարագը սկսում այդ պահից: Ստացվում է՝ արքեպիսկոպոս Կճոյանն էլ ընդունում է, որ ոչ թե Քրիստոսը, այլ քաղաքացի Նիկոլ Փաշինյանն է եկեղեցու գլխին, որն, ի դեպ Ադրբեջանին է  հանձնել 5-րդ դարի Ամարաս եկեղեցին, որտեղ ժամանակին  Մեսրոպ Մաշտոցը դպրոց էր հիմնել, իսկ հիմա Ադրբեջանն  այս ամենը նենգափոխում է»,-հավելեց Իշխանյանը:

«Պատարագի ժամանակ սարկավագները եւ պատարագիչ քահանան պետք է տան Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը՝ Գարեգին Երկրորդ: Բայց թե՛ պատարագիչը, թե՛ սարկավագները  Սուրբ Սարգիս եկեղեցում Վեհափառի անունը չտվեցին, այսինքն գրաքննեցին պատարագը: Այդպես արեցին, որովհետեւ այն անձը, ում ծափերով ներս թողեցին, որոշել էր, որ պետք է պատարագն իր ուզած ձեւով արվեր: Օրինակ, եթե ինքը այդ տեքստում գրեր՝ փառք քեզ Իլհամ Ալիեւ, դու մեր կանանց մասնատող, մեր զինվորներին քնած ժամանակ սպանող, դու մեր բարբարոս, ամենայն հավանականությամբ դա էլ կանեին, որովհետեւ այդ մարդը կոմպրոմատ ունի բոլորի վրա:

Պարարագի ժամանակ ոչ միայն ես, այլեւ բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ Հայկ Դորունցը, որին բերանը փակելով հանել էին Հովհաննավանքից, քանի որ հնչեցրել էր, որ կարգալույծ Ստեփանը չի կարող պատարագ մատուցել, Արմինեն Պետրոսյան, բազմաթիվ  կանայք եւ տղամարդիկ շտկում էին այդ գրաքննությունը, ուղղում էին տեսքտը, հնչեցնում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը:

Այդտեղ ուժով ինձ ու Հայկ Դորունցին դուրս հանեցին ու տարան անհայտ ուղղությամբ՝ առանց ներկայացնելու մեր իրավունքները, հիմքը՝ ինչի համար են  բռնում եւ ուր են տանում: Տարան, բաց թողեցին Հաղթանակ զբոսայգու մոտ, փաստորեն անհիմն զրկեցին իմ տեղաշարժի իրավունքից եւ ազատությունից, ինչին, կարծում եմ, իրավական պատասխան պետք է տրվի: Նորից հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը զավթում է հայկական եկեղեցին, վերացնում է, որովհետեւ եկեղեցին այն կազմակերպված կառույցն է, որը պայքարում է արցախցիների իրավունքների,  Արցախում հայկական մշակութային ժառանգության վերացման, եկեղեցիների եւ վանքերի ավերման դեմ: Դրա համար էլ Փաշինյանն ու Ալիեւը չեն ուզում, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը լինի Գարեգին Երկրորդը»,-նշեց Հովհաննես Իշխանյանը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031