«Եթե կա կասկած, որ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները կապ ունեն այս կամ այն հատուկ ծառայությունների հետ, և մեր երկրի հատուկ ծառայությունը դա գիտի, պետք է այդ մասին բարձրաձայնեն, հետո այդ մարդկանց հետապնդեն ու ձերբակալեն հենց այդ մեղադրանքով։ Որևէ Սահմանադրության մեջ գրված չէ, որ հայրենիքի դավաճանության համար եպիսկոպոս կալանավորել չի կարելի։ Կարելի է։ Ինչո՞ւ չեք խոսում այդ մասին։ Խոսեք ուղիղ, որ մարդիկ իմանան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ խոսելով բարձրաստիճան հոգևորականների և իշխանությունների միջև առկա լարվածության մասին։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում հայտարարել էր, թե իրեն պետք չէ կաթողիկոս, որ ենթարկվի իրեն։ Իրեն պետք է կաթողիկոս, որ «չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի և ամենօրյա ռեժիմով նրան չզեկուցի»։
Իրավապաշտպանը ենթադրում է, որ եթե, իսկապես, մեր բարձրաստիճան հոգևորականներն առնչություն ունեն այլ երկրի հատուկ ծառայությունների հետ, և իշխանություններն այդ մասին ուղիղ չեն խոսում, ուրեմն վախեցած են։
«Ես չեմ բացառում, որ այս կամ այն եկեղեցականը կապված է այս կամ այն հատուկ ծառայության հետ։ Խորհրդային տարիներին կային ՊԱԿ-ը և Կրոնի կոմիտե, որոնք զբաղված էին՝ եկեղեցականներին հավաքագրելով»,- հավելում է Վարդան Հարությունյանը։
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, իրավապաշտպանը գտնում է, որ իշխանությունը չպետք է խառնվի եկեղեցու ներքին գործերին։ Եկեղեցին ինքը պետք է կարգավորի իր ներքին խնդիրները։ Նույն կերպ նա գտնում է, որ եկեղեցին իր հերթին չպետք է խառնվի պետական ու քաղաքական գործերին։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































