Միացյալ Արաբական Էմիրություններում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության մրցումային հինգերորդ օրը Հայաստանի ազգային հավաքականից առաջինը պայքարի մեջ մտան 67 կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանը եւ Հովհաննես Բաչկովը։ Արմենը համառ պայքարում պարտվեց ուզբեկ մրցակցին, իսկ Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ Ղրղըզստանի ներկայացուցչի նկատմամբ։
Գյումրեցի մարզիկը երեք ռաունդներում էլ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ եւ անընդհատ բավականին ծանր հարվածներ էր հասցնում։ Եվ միայն զարմանալ կարելի էր, որ վերջինը կարողանում էր դեռ ոտքի վրա մնալ։ Տպավորություն էր, որ Բաչկովի հետ մենամարտից առաջ մարզումներում նա շեշտը դրել էր միայն ծանր հարվածներին դիմանալու վրա։ Ինչեւէ, Հովհաննես Բաչկովը շարունակում է պայքարը աշխարհի առաջնության մեդալի համար։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































