Երեկ տեղեկություն տարածվեց, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը՝ հոկտեմբերի 20-ին, Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, որով անցնում է նաև Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը (լուսանկարում), կասեցվել է նրա պաշտոնավարումը։
Aravot.am-ը դիմեց ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ ճշտելու այս տեղեկությունը։
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյանը մեզ փոխանցեց, որ քննչական կոմիտեի կողմից սույն քրեական վարույթի շրջանակում Ավետիս Առաքելյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, պաշտոնավարման կասեցում տեղի չի ունեցել։
Նշենք, որ ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության․ «Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 2 անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը, գրավը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը»:
Կարդացեք նաև
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գործով կալանավորվել է Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանը, որի պաշտոնավարումը, մեր տեղեկություններով, կասեցվել է։
Այս գործով տնային կալանքի է ենթարկվել Ավետիս Առաքելյանի օգնական Կարապետ Ղուկասյանը, որը Վարդան Ղուկասյանի ազգականն է։
Այս գործով նոր մեղադրանք է առաջադրվել նաև Վարդան Ղուկասյանի՝ խուլիգանության հոդվածով կալանքի տակ գտնվող որդուն Սպարտակ Ղուկասյանին։ Նա քաղաքապետ հոր հետ կատարվող հայտնի դեպքի օրը՝ հոկտեմբերի 20-ին տնային կալանքի մեջ էր, սակայն, մեր տեղեկություններով, կասկածվում է հեռախոսակապով Վարդանանց հրապարակում անհնազանդության ակցիաներ կազմակերպելու մեջ․ մեղադրանքի հիմքում դա է։
Նշենք նաև՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Ղուկասյանների գերդաստանի կանանց՝ մասնավորապես Վարդան Ղուկասյանի կնոջ, ավագ դստեր, թոռնուհիների՝ Սպարտակ Ղուկասյանի երկու դուստրերի հեռախոսներն առգրավվել են այս գործի շրջանակում։
Այն փաստաբան Զարուհի Փոստանջյանը որակել էր որպես անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող իրերի հափշտակություն և քաղաքական դրդապատճառներով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին ահաբեկում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































