«Մենք շատ ցույցեր ենք կազմակերպել Գերմանիայի կանցլերի նստավայրի դիմաց, բայց երբեք մետաղյա պարիսպներ մեզ համար չեն բերել։ Այս անգամ մեզ հատուկ շատ հեռու էին տարել, մետաղական պարիսպների հետևում էինք, վանդակից դուրս իրավունք չունեինք կանգնել։ Նման բան առաջին անգամ էր տեղի ունենում։ Դա շատ տարօրինակ էր։ Այնքան հեռու էին մեզ տարել, որ կանցլերի գրասենյակից դուրս գալիս Փաշինյանը կտեսներ մեզ հեռվից, կտեսներ, որ մարդիկ են կանգնած, բայց ոչ պաստառների վրա գրվածը կտեսներ, ոչ մեր վանկարկումները կլսեր։ Առաջին անգամ էր նման բան արվում, ու դա հատուկ մտածված էր»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Theophanu Club Germany շարժման ներկայացուցիչ Լիլիթ Քոչարյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բեռլինում՝ Գերմանիայի կանցլերի գրասենյակի դիմաց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բողոքի ցույց անցկացվեց, որին մասնակցում էին Գերմանիայում գործունեություն ծավալող իրավապաշտպան տարբեր խմբերի ներկայացուցիչներ։
Նրանք պահանջում են Բաքվում գտնվող բոլոր հայ պատանդների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում և նրանց հետապնդումների դադարեցում, խոսքի ազատության ապահովում՝ որպես սահմանադրական իրավունք, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների դադարեցում, պետություն և եկեղեցի սահմանադրական բաժանման հարգում, բոլոր ձերբակալված արքեպիսկոպոսների և հոգևորականների ազատ արձակում, Հայաստանում բոլոր «գրավված» եկեղեցիների ազատագրում և դրանց վերադարձ իրենց օրինական տիրոջը՝ Հայ առաքելական եկեղեցուն, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և դատական համակարգի կողմից ընդդիմության անդամների նկատմամբ ճնշումների դադարեցում, Լեռնային Ղարաբաղից/Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների հարգում:
Լիլիթ Քոչարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի այցը կես ժամ առաջ էին գցել, իրենց տեղեկություններով պետք է լիներ Գերմանիայի ժամանակով ժամը 16․30-ին, և իրենք էլ պատրաստվել էին, որ պետք է դիմավորեին Փաշինյանին, սակայն նա շուտ է այցելել կանցլերի նստավայր։ Իսկ նստավայրից դուրս գալուց, երբ արդեն շուրջ 25 հոգով հավաքվել էին, այնքան հեռու էին կանգնած, որ իրենց պաստառները տեսանելի չէին, վանկարկումներն էլ լսելի չէին լինի Փաշինյանին։
Մեր զրուցակիցն ասաց՝ քանի որ հատուկ տարածք է, նախապես դիմել են Գերմանիայի ՆԳ նախարարություն ցույցի անցկացման համար։ Այնուհետև մանրամասնեց․ «Ոստիկանությունից մեզ ասել էին, որ մեզ նստավայրի գլխավոր մուտքից հեռու են թույլ տալու անցկացնել ցույցը՝ ամենադիմացի մուտքը չեն կարող թույլ տալ, քանի որ այս անգամ սովորական ընդունելություն չէ, այլ զինվորական շքախմբով և երաժշտությամբ։ Նախորդ անգամները նման զինվորական շքախմբով ընդունելություն չի եղել։ Սա առաջին անգամն էր, որ հատուկ պատվի է արժանացել Նիկոլ Փաշինյանը՝ չգիտես՝ ինչ պատճառներով, ինչո՞ւ են նրան այդքան շնորհակալ։ Մեզ ասել էին, որ թույլ կտան կանգնել կողքի կղզյակում, որը մեզ հարմար էր, քանի որ կարծում էինք՝ հենց շենքի դիմացի կղզյակում ենք լինելու, բայց անմիջապես դիմացի կղզյակից մեկ փողոց, մեկ բլոկ այն կողմ էին մեզ ցույց անելու տարածք տրամադրել։ Բոլորն այդ մետաղական փոքր պարիսպներն էին կառուցել, մեզ համար դժվար էր։ Գերմանիայի պետությունը մեզ երևի վտանգավոր տարր էր համարել և շատ հեռու տարածք տրամադրել։ Մինչդեռ մեր նպատակն էր դիմավորել ու ճանապարհել Նիկոլ Փաշինյանին, որ մեր պաստառները տեսանելի լինեին, մեր վանկարկումներն էլ լսելի լինեին։ Բայց հատուկ էին արել, որ ոչ լսելի լինի, ոչ տեսանելի։ Շատ ենք այնտեղ ցույցեր արել, բայց սա առաջին անգամն էր, որ այդպես էր»։
Կարդացեք նաև
Լիլիթ Քոչարյանը հիշեց, որ Իլհամ Ալիևի երկու այցելությունների ժամանակ ցույց են իրականացրել, իրենց թույլ են տվել կանգնել ուղիղ կանցլերի գրասենյակի հիմնական մուտքի դիմաց, և իրենց համար երբեք մետաղյա պարիսպներ չէին բերել։
Լիլիթ Քոչարյանը նաև հայտնեց, որ «Ցեղասպանության դեմ պայքարի եւ ճանաչման աշխատանքային հանձնախմբի» (AGA) ղեկավար դոկտոր Թեսսա Հոֆմանը ցույցի ընթացքում ընթերցել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի, «Վտանգված ազգերի ընկերակցության» (GfbV), «Ցեղասպանության դեմ պայքարի եւ ճանաչման աշխատանքային հանձնախմբի» (AGA) , «Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության» Գերմանիայի մասնաճյուղի (CSI) համատեղ կոչն՝ ուղղված ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, որում մասնավորապես նշված է․ « Ցանկանում ենք արտահայտել մեր հրատապ խնդրանքն ու ակնկալիքը, որ ՀՀ կառավարության ղեկավարի հետ Ձեր քննարկումներում տարածաշրջանում մարդու իրավունքների և մարդասիրական հրատապ հարցերը չդառնան երկրորդական, այլ հավասար առաջնահերթություն տրվեն դրանց՝ երկկողմ համագործակցության և տնտեսական քաղաքականության վերաբերյալ հարցերն արծարծելիս»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































