Սկիզբը՝ այստեղ:
Հարգելի՛ քաղաքացի, իրական թալանը հիմա է, եւ այն աննախադեպ մասշտաբների է հասնում։ Հեղափոխության ամենասիրելի լոզունգներից մեկն էր. նախկինները թալանել են, մենք եկել ենք թալանածը հետ բերելու։ Բայց ինչպե՞ս ստացվեց, որ հենց «թալանը վերադարձնողները» այսօր դարձել են հանրային ունեցվածքի ամենաանհագ օգտագործողները։
Ինչպե՞ս ստացվեց, որ պետական բյուջեն, որը պետք է ծառայի քաղաքացիներին, վերածվել է իրենց շրջապատի «ատկատների», գերշահույթների եւ աննախադեպ վատնումների աղբյուրի։ Երբ խոսում էին նախկինների «թալանի» մասին, իրական թալանը նոր էր սկսվում։
2018-ից հետո պետական կառավարման համակարգը բախվեց մի երեւույթի. անձնային հարստացման նոր, անթույլատրելի սխեմաներ, որոնք գոյություն անգամ չունեին նախկինում։ Պետական պաշտոնյաների ծախսերը բազմապատկվել են՝ ծառայողական մեքենաներ, թանկ ուղեւորություններ, հյուրանոցային մեծ ծախսեր, որոնք նվազագույնը շքեղ են, առավելագույնը՝ անբարոյական։ Կառավարության աշխատակազմը ուռճացվել է, իսկ աշխատավարձերն ու պարգեւավճարները դարձել են հսկայական բեռ քաղաքացիների համար։
Կարդացեք նաև
Միլիարդավոր դրամների պարգեւավճարներ՝ ամեն ամիս, ամեն եռամսյակ, անգամ պատերազմական եւ հետպատերազմական ամենածանր փուլերում։ Այո, հենց այն ժամանակ, երբ ժողովուրդը փլատակների մեջ էր լսում «պետությունն աղքատ է» արտահայտությունը, պետական բարձրաստիճան պաշտոնյաների բանկային հաշվեհամարները լցվում էին նոր գումարներով։
«Սուղ բյուջե» ասողները՝ միլիոնավոր պարգեւավճարների ստացողներ դարձան։ Բյուջեն սուղ է միայն ժողովրդի համար, այլ ոչ թե պետության։ Գյուղացին մտածում է՝ ինչո՞վ վճարի կոմունալները։ Երիտասարդ ընտանիքը չի կարողանում տուն գնել։ Վարձով ապրողը մտածում է՝ արդյո՞ք հաջորդ ամսին կկարողանա վճարել տան վարձը։ Իսկ կառավարության համար բյուջեն երբեք սուղ չի եղել. միլիոնավոր դրամների պարգեւավճարներ, հնչեղ պաշտոնների համար թանկ գնվող ավտոմեքենաներ, անձնական թռիչքներ, պետական միջոցներով կատարվող շքեղ միջոցառումներ։ Հարց է առաջանում. եթե նախկինները թալանել էին, դուք ինչպե՞ս եք կարողանում այսպիսի շռայլություն ապահովել «աղքատ պետության» վրա նստած։
Այսօր պետական բյուջեից «հոսող» գումարներն անհամեմատ մեծ են, որովհետեւ ներկայիս վերահսկողությունը գրեթե զրոյացել է, իսկ հասանելիությունը՝ բազմապատկվել։
Սուտը «նախկինները թալանել են» ոչ թե բացահայտում էր, այլ՝ քողարկում։ Քանի դեռ ժողովուրդը հետ է նայում ու վախեցած է «նախկինների» անունից, ներկաները խաղաղ նստած են պետական համակարգի ամենամեծ դրամական հոսքերի վրա։ Այս սուտը դարձավ նրանց ամենաարդյունավետ վահաններից մեկը՝ մեղավորին ուրիշ տեղ ցույց տալու համար։ Բայց իրականությունը պարզ է. այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում, աննախադեպ մասշտաբներ ունի։
Ժողովուրդը պետք է նայի ոչ թե անցյալին, այլ՝ ներկա հաշվետվություններին: Թալանը չի չափվում խոսքերով։ Թալանը չափվում է բյուջեի ծախսերով, պետական գնումների անհասկանալի թանկություններով, պաշտոնյաների հարստացման տեմպերով, կոռուպցիոն ռիսկերով եւ ամենակարեւորը՝ ժողովրդական կյանքի մակարդակով։
Եվ այս բոլոր ցուցանիշներով այսօրվա իշխանությունը ոչ միայն չի մաքրել համակարգը, այլ ավելի է խորացրել կոռուպցիոն մեխանիզմները։
Այսօր, ապրելով նորանկախ Հայաստանի վատագույն շրջանում, ես, որպես ՀՀ քաղաքացի, վստահ ասում եմ. երանի նորից ապրեի 2018 թվականից առաջվա «թալանված» երկրում։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
«Առավոտ» օրաթերթ
13.12.2025


















































