Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է իրական պատճառը Դավիթ Առուշանյանի մոտալուտ պաշտոնազրկման և ի՞նչ նոր անուններ են շրջանառվում Շիրակի մարզպետի պաշտոնի համար

Դեկտեմբեր 22,2025 18:11

Տեղեկացրել ենք՝ առաջիկայում Շիրակի մարզպետի փոփոխություն կլինի․ Դավիթ Առուշանյանը կազատվի աշխատանքից։

Մամուլում հայտնված այս տեղեկությունը չի հերքում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ հինգշաբթի օրը կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նա լրագրողներին ասել էր․ «Եթե կլինի համապատասխան որոշում, կհրապարակվի, կիմանաք»։

Դավիթ Առուշանյանը, բնականաբար, դեռ շարունակում է պաշտոնավարել․ վաղը նա պատրաստվում է ընդունել 2025 թվականի աշխարհի ու Եվրոպայի Շիրակի մարզի չեմպիոններին ու նրանց մարզիչներին։

Չի բացառվում, որ մարզպետի փոփոխությունը լինի նոր տարում, քանի որ այս պահին, ըստ մեր տեղեկությունների, մարզպետի թեկնածուներ են փնտրվում․ ՔՊ վարչությունում անուններ են շրջանառում ու քննարկում։

Հասկանալի է՝ ամեն ոք այս պահին չի կարող զբաղեցնել Շիրակի մարզպետի պաշտոնը․ առաջիկայում ԱԺ ընտրություններ են ու պահանջվում է այնպիսի մեկը, որը մեծ ազդեցություն ունի Շիրակի մարզում, ուղնուծուծով ճանաչում է այս մարզը։

Նկատի ունենանք, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է՝ իր ընդդիմադիր իշխանությամբ, և ՔՊ-ն այստեղից շատ ձայներ տանելու հույսեր չպիտի ունենա, հատկապես, երբ քաղաքի բնակիչները, հոգևորականները ի ցույց են դնում իրենց ընդդիմադիր կեցվածքը։

Այսինքն՝ նոր մարզպետը պիտի կարողանա իր կապերի շնորհիվ քարոզչական լայն աշխատանքներ տանել գյուղական համայնքներում։

Նշենք, որը ըստ մեր տեղեկությունների, այս պահին քննարկում են Շիրակի մարզի ուժային կառույցներում պաշտոններ զբաղեցրած անձանց թեկնածությունները, մասնավորապես Շիրակի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի և կարճ ժամանակահատվածում Շիրակի մարզում ոստիկանապետ աշխատած Արթուր Բդոյանի անունները։ Ըստ մամուլի որոշ հրապարակումների, նաև ԱԱԾ-ի նախկին պետ Արմեն Աբազյանի թեկնածությունն է դիտարկվում, որը սակայն, Շիրակի մարզում քիչ հավանական են համարում։

Ինչևէ, Դավիթ Առուշանյանին պաշտոնազրկելու մասին խոսակցությունների ֆոնին անմիջապես առաջ եկավ մարզպետի մի նոր թեկնածուի անուն․ խոսքը Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի մասին է։ Նրա թեկնածությունն այս պաշտոնում կարելի է համարել ամենաքննարկվածը։ Նա գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է։

Նշենք, սակայն, որ մեկ շաբաթ շարունակ ակտիվորեն շրջանառվող ասեկոսեները փոքր -ինչ նահանջել են․ կա տեղեկություն, որ Անանիկ Ոսկանյանի թեկնածության շուրջ էլ դեռ վերջնական հայտարարի չեն եկել, Ոսկանյանն ինքն էլ այնքան ոգևորված չէ այս առաջարկով։ Անանիկ Ոսկանյանը մեր հեռախոսազանգերին չի պատասխանում, որ այս ամենն անմիջապես նրանից ճշտենք։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը այս թեկնածուի վերաբերյալ մի կարևոր հարց է բարձրաձայնում, նա հիշեցնում է, որ Գյումրիում է տեղակայված 102-րդ ռազմաբազան, որի հետ մարզային իշխանությունները անընդհատ շփման մեջ են․ ինչպե՞ս է Անանիկ Ոսկանյանը շփվելու ռուսական կողմի հետ, երբ նա «պերսոնա նոն գրատա», այսինքն` անցանկալի անձ է ճանաչված ՌԴ-ի կողմից, և ըստ մամուլի հրապարակումների՝ նրա մուտքը ՌԴ 50 տարով արգելված է։

Այս պատմությունը կապված է Անանիկ Ոսկանյանի՝ Արթիկի հրապարակում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանն ապամոնտաժելու մտադրության հետ։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանը հակառուսական կեցվածք ունեցող անձի նշանակի մարզպետ։

«Բերենք սկսենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանը միշտ առաջնորդվում է այն սկզբունքով, որ որքան տվյալ անձը չի համապատասխանում տվյալ պաշտոնին, այնքան ավելի լավ։

Երկրորդը՝ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ է Շիրակի մարզում նշանակում մեկին, ով ՌԴ-ում «պերսոնա նոն գրատա» է։ Սա ևս դիտավորություն է, չի կարող 102-րդ ռազմաբազայի համար, չակերտավոր ասած, հայրենիք համարվող Շիրակի մարզը ունենալ մարզպետ, որը Ռուսաստանում «պերսոնա նոն գրատա» է։

Դա աբսուրդ է, բայց Նիկոլ Փաշինյանը դա ուզում է անի, դիտավորյալ, որովհետև Անանիկ Ոսկանյանը չի կարող ռուսամետ լինել, կամ Ռուսաստանի նկատմամբ չեզոք լինել։ Մարդը, ճանաչվելով ՌԴ-ի համար «պերսոնա նոն գրատա», մեխանիկորեն ունի հակակրանք այդ պետության նկատմամբ։

Չի բացառվում, որ հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանն այդ մարդուն դիտավորյալ բերի մարզպետ այնպիսի մարզի, որտեղ տեղակայված է 102-րդ ռազմաբազան, և Գյումրի քաղաքում բնակվում է 5000-ից ավելի ռուս զինվորականներ՝ իրենց ընտանիքներով», ասում է քաղաքագետը։

Ըստ նրա, Դավիթ Առուշանյանին պաշտոնից ազատելու գլխավոր պատճառն այն է, որ մարզպետին չհաջողվեց տեղի հոգևորականներից քարոզիչ գտնել դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցու պատարագի համար, որը տեղի էր ունենալու Նիկոլ Փաշինյանի թելադրած օրակարգով՝ Վեհափառի անունը զեղչելու պայմանով։ Շիրակի հոգևորականները մի մարդու պես դեմ դուրս եկան Նիկոլ Փաշինյանին։

«Գյումրիում շրջանառվում է, որ ի սկզբանե այդ «շաբաշ փարթին» ձախողվել է, քանի որ համապատասխան մարդիկ, այդ թվում՝ Դավիթ Առուշանյանը խոստացել է, որ տեղի թեմից կլինի պատարագ անցկացնող հոգևորականը, այսինքն՝ խոպանչի ինչ-որ մեկին, շրջիկ պատարագ մատուցողի չեն բերի, բայց այդպես չստացվեց։

Գումարած դրան՝ Յոթ վերք եկեղեցու զավթումը ԱԱԾ-ի կողմից և գյումրեցիների համապատասխան արձագանքը, որ գրեթե մարդ չգնաց և չմասնակցեց այդ խայտառակ միջոցառմանը, որը իրենք փորձում են պատարագ անվանել», -ասում է Գագիկ Համբարյանը։

Ըստ նրա, միակ քավության նոխազը Դավիթ Առուշանյանն է, մյուսները, ըստ էության, ունեն հզոր հովանավորեր, որոնց չեն պատժում։

 

Նշենք, որ Aravot.am-ին հասած տեղեկություններով, Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետից ազատելու մտադրությունը ոչ այնքան կապված է Շիրակի մարզի հոգևորականների ըմբոստ կեցվածքի․ Վեհափառի դեմ դուրս եկող հոգևորականի չգտնելու կամ էլ մարզպետի օգնական Գոռ Սարոյանի կողմից ոստիկանության «Կումայրի» բաժնում պարեկ ծեծելու, որքան Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին հարգալից արտահայտվելու հետ։

Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկումներից մեկի ժամանակ Դավիթ Առուշանյանը, հիշատակելով Գյումրու կալանավորված քաղաքապետին, նրան դիմել է անուն-հայրանունով՝ «Վարդան Նիկոլաևիչով», որն էլ բավական բարկացրել է Նիկոլ Փաշինյանին։

Ինչևէ, այս ամենի շուրջ մենք կփորձենք նաև զրուցել Շիրակի մարզպետի հետ, չի բացառվում, որ ՀՀ վարչապետը ևս օրերից մի օր անկեղծորեն կանդրադառնա այս թեմային։

 

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031