Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ հասարակությունը ներկայացվում է, որպես նյութական փոքր շահի համար սկզբունքներից հրաժարվող մարդկանց խումբ». Վիտալի Մանգասարյան

Դեկտեմբեր 26,2025 23:13

Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս օրերին ակտիվորեն շրջանառվում է այն թեզը, թե Ադրբեջանը իբր կարող է Հայաստանին մատակարարել «էժան բենզին»։ Առաջին հայացքից սա ներկայացվում է որպես տնտեսական շահավետ առաջարկ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է:

Նախ պետք է արձանագրել հիմնական փաստը․ Ադրբեջանը, լինելով նավթարդյունահանող երկիր, իրականում սեփական ներքին շուկայի համար բենզին է ներկրում՝ հիմնականում Ռուսաստանից, Բելառուսից և եվրոպական որոշ երկրներից։

Եթե Ադրբեջանը սեփական սպառման համար տարեկան հարյուր հազարավոր տոննաներով բենզին է ներմուծում միջազգային շուկայական գներով, ապա տրամաբանական հարց է առաջանում․ ինչպե՞ս է այդ նույն երկիրը կարողանալու Հայաստանին երկարաժամկետ կտրվածքով  մատակարարել ավելի էժան բենզին: Տնտեսական տեսանկյունից սա անիրատեսական է:

Այս համատեքստում «էժան ադրբեջանական բենզինի» թեման ավելի շատ քաղաքական գործիք է, քան տնտեսական առաջարկ։ Այն լուծում է ոչ թե Հայաստանի էներգետիկ կամ սոցիալական խնդիրները, այլ ծառայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կերպարի «մարդասիրական» ու «կառուցողական» փաթեթավորմանը։ Նպատակը պարզ է՝ ագրեսիվ  քաղաքականություն վարող ռեժիմը ներկայացնել որպես «մի հիանալի անձնավորություն»:

Միևնույն ժամանակ, այս քարոզչական թեզը ուղղված է նաև հայ հասարակությանը: Այն ձևավորում է վտանգավոր նարատիվ, ըստ որի՝ հայ հասարակությունը պետք է իր արժանապատվության հաշվին ընդունել ցանկացած առաջարկ՝ միայն թե մի փոքր էժան լինի։ Այսպես հայ հասարակությունը ներկայացվում է, որպես նյութական փոքր շահի համար սկզբունքներից հրաժարվող մարդկանց խումբ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031