-Վերջին ժամանակահատվածում, երբ աշխատանքային ծանրաբեռնվածությունս թույլ է տալիս, ես մասնակցում եմ պատարագի, նախորդիվ էլ եմ մասնակցել, վերջին ժամանակահատվածում ավելի հաճախ, -այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Նա այսօր Նիկոլ Փաշինյանի հետ Գառնիում էր մասնակցելու պատարագի:
Հարցին, թե այսօր ով է պատարագ մատուցելու, նախարարն ասաց՝ սովորաբար նման հարցերով չի հետարքրքվում ու դժվարացավ ասել՝ այս անգամ է՞լ է շրջիկ քահանա պատարագը մատուցելու, թե՞ ոչ. «Ենթադրում եմ՝ այս եկեղեցու հոգեւոր հայրը»:
Անդրադառնալով Փաշինյանի ներկայությամբ պատարագներին Վեհափառ հայրապետի անունը զեղչելուն՝ նախարարն ասաց. «Այն ուխտը, որ դրժվել է տվյալ անձի կողմից, այդ կետից նա չի կարող լինել կաթողիկոս: Եթե որեւէ կետով ես չհամապատասխանեի իմ կարգավիճակին՝ կրթությամբ կամ քաղաքացիության շեմով, դուք կասեիք, որ չեմ կարող զբաղեցնել այդ պաշտոնը: Նույն կերպ այստեղ է, եկեղեցին ունի իր կանոնագիրքը, այդտեղ կան կետեր: Կանոնագրքի կետերը պետք է պահպանել ամբողջ ծավալով»:
Անդրադառնալով դեպքերին, երբ Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին, որտեղ զեղչվում է կաթողիկոսի անունը եւ գտնվում են քաղաքացիներ, որոնք հնչեցնում են Վեհափառ հայրապետի անունը ու բիրտ ուժով դուրս հանվում եկեղեցուց՝ Պապոյանն ասաց, որ չի տեսել բիրտ ուժի կիրառում: Նրա խոսքով՝ օրինակ` Գյումրիում տեսել է, թե ինչպես են Վեհափառի անունը հնչեցրած կնոջ թեւը մտած դուրս հանել. «Ժողովրդավարությունն այն է, երբ որ մեկ անձը իր կարծիքը չի կարողանում բոլորին պարտադրել, եթե մեկ հոգի գա ու հազար հոգու պատարագը խանգարի, դա դասական ավտոկրատիան է, երբ մի հոգին իր կամքը պարտադրում է բոլորին»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի վրա գրոհին՝ Պապոյանն ասաց, նման իրավիճակ չի տեսել, երբ իշխանության աջակիցները բարձրացած լինեին կաթողիկոսի շիրմաքարերին եւ անկարգություններ հրահրեին կամ իշխանության ներկայացուցիչները հայհոյեին հոգեւորականներին. «Չեմ տեսել նման, բան, այդտեղ մարդիկ էին, որոնք գնացել էին իրենց սրբազանների հորդորով: Այդ քաղաքացիների մեջ չեմ տարբերակել ՔՊ անդամ եւ ոչ անդամ, բազմաթիվ կուսակցության անդամներ գիտեմ, որ չեն գնացել, քանի որ հոգեւոր կյանքով չեմ ապրել»:
Պապոյանը նաեւ հայտնեց, որ հնարավոր է՝ Հայաստանից Ադրբեջան արտահանում իրականացվի. «Ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլեւ արտահանում, սպասեք՝ ամեն ինչ էլ հնարավոր է։ Բավականին մրցունակ գին ենք ստացել վրացական երկաթուղուց, այնպես որ հնարավորությունները շատ են։ Կարծում եմ՝ շուտով, վրացական, ադրբեջանական կողմը հերթական հաջող գործարքի մասին կհայտարարեն, մենք էլ կհաստատենք»:
Լրագրողի հարցին՝ ինչ կարող է առաջարկել Հայաստանն Ադրբեջանին, Պապոյանը պատասխանեց. «Կա ապրանքների ցանկ՝ ալյումին, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք, այսինքն` աշխատանք կա տարվող, հիմա այս քննարկումների մեջ են»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ






















































