«2019 թվականից ի վեր 80 դատավորի հաստիք է ավելացվել։ Դատավորների վարձատրությունն այդ ընթացքում ավելացել է 40 տոկոսով»,- այսօր «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա նշեց, որ դատական համակարգում խնդիրները շարունակում են մնալ չլուծված։
«Եվ ես ունեմ համոզմունք, որ խնդիրների մեծ մասը ոչ թե օբյեկտիվ են, այլ սուբյեկտիվ։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետեւ եթե նույնիսկ համարենք, որ կան օբյեկտիվ շատ մեծ խնդիրներ, դրանց պայմաններում բարեխիղճ դատավորների գոյությունը, որոնք հասցնում են ողջամիտ ժամկետում գործերի քննություն իրականացնել, մեզ բերում է այն կարծիքին, որ իրականում, խնդիրների մեծամասնությունը սուբյեկտիվ բնույթի են։ Այս պատկերը մենք տեսնում ենք նաեւ մեզ ուղղված դիմում-բողոքներում։ Մենք տեսնում ենք իրավիճակներ, երբ դատավորը կարող է 7 տարի շարունակ քննել զրպարտության վերաբերյալ պարզունակ գործ եւ մեկ տարի չհրապարակել դատական ակտը։ Մենք կարող ենք տեսնել, որ օրերի ընթացքում որոշում կայացնելու փոխարեն դատավորը կարող է սպասել ամիսներ։ Մենք տեսնում ենք, որ անձը կալանքի տակ կարող է մնալ 5 եւ ավելի տարի։ Եթե այս հարցերը սուբյեկտիվ են, ապա յուրաքանչյուր դեպքով պետք է հանգեցնեն կարգապահական պատասխանատվության, եւ որոշ դեպքերում ես ուրախ եմ, որ հանգեցնում են։ Ուզում եմ նշել, որ մենք արդեն ունենք պրակտիկա, որ կարգապահական վարույթների ընթացքում այն դատավորները, որոնք զգում են կամ կանխատեսում են հնարավոր հանգուցալուծումը լիազորությունների դադարեցման տեսքով, սեփական դիմումի համաձայն դուրս են գալիս համակարգից։ Սա լավ է այն տեսանկյունից, որ դատական համակարգը մաքրվում է, իրապես մաքրվում է, որովհետեւ մեզ պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի շարունակ կարող են քննել պարզունակ հայցեր»,- ասաց նախարարը։
Սրբուհի Գալյանի խոսքով՝ պետք է ունենալ գործիքակազմեր, որոնք դիմում գրելուց հետո հնարավորություն չեն տա նույն դատավորներին ապագայում համալրել դատավորների շարքերը։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ դատական իշխանությունն այն իշխանությունն է, որն այս պահին եղած կարգավորումներով կարող է ստանձնել վերջնական ակտ կայացնելու պատասխանատվությունը։ Եվ պետք չէ մտածել վատամարդ չլինելու կամ սոցիալական կապերը վտանգելու մասին։ «Պետք է առաջ շարժվել այն ուղղությամբ, որ ձեր ձայնը լսելի դարձնենք եւ պետության, եւ քաղաքացիների համար, ինչու ոչ, որոշ դեպքերում օգտվեք ձեզ ընձեռնված օրենսդրական հնարավորություններից՝ մատնացույց անելու պետական մյուս մարմինների թերացումները»,- ասաց Գալյանը։
Նախարարը նաեւ նշեց, որ որոշում են կայացրել, որ յուրաքանչյուր դատավարության համար պետք է ունենալ օրենսդրորեն սահմանված հստակ ժամկետ։ Այս որոշումը կայացվել է, որպեսզի լինի հստակություն դատավարության բոլոր մասնակիցների համար, թե որքան կարող է տեւել դատական գործի քննությունը։ Եթե այդ ժամկետները երկարացվեն, դա պետք լինի պատճառաբանված։ «Եվ եթե դրանք չլինեն պատճառաբանված, ապա խնդիր է առաջանալու գնահատել դատավորի վարքագիծը կարգապահության տեսանկյունից»,- հավելեց նախարարը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































