-Հացադուլ հայտարարելու Նարեկ Սամսոնյանի որոշումը ճարահատյալ քայլ էր,- այսօր ԵՄ դեսպանության դիմաց կազմակերպված ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Այսինքն՝ ի՞նչ պետք է աներ, նստեր, սպասեր, որ 5 ամիս հետո ընտրություններ լինեին, ինչ-որ բա՞ն փոխվեր…Նա այլ տարբերակ չուներ, ընտրել է իր համար հասանելի պայքարի միակ տարբերակը։ Դա ուղիղ կոչ է նաեւ մեր քաղաքական դաշտին, հանրությանը, որ այսպես շարունակել չի կարելի»,- ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ թեեւ ինքը շատ անհանգստանում է Սամսոնյանի առողջության համար, սակայն իրեն իրավունք չի վերապահի կոչերով դիմել նրան:
Կարդացեք նաև
«Հակառակը, կոչս պետք է ուղղված լինի ներքաղաքական դաշտի այն դերակատարներին, որոնք կարող են ինչ-որ բան նախաձեռնել, շարժումներ ձեւավորել, փողոց դուրս գալ եւ պահանջել, որպեսզի երկրում վերջապես արժեւորվի մարդն իր իրավունքներով, քաղաքական դաշտն արժեւորվի»,- շարունակեց Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար հստակ գործողություններ են պետք, միայն սոցցանցերով հուզիչ գրառումներ անելը քիչ է. «Պետք են հստակ մշակված ծրագրային քայլեր, որոնք կնպաստեն մեր երկրում օր առաջ իշխանափոխությանը: Օրակարգում նման քաղաքական առաջարկ կա՝ իմպիչմենտի առաջարկն է, որը կարելի է օգտագործել եւ սկսել այդ գործընթացը ու հանրության պոտենցիալով, քաղաքական ամբողջ ռեսուրսի կենտրոնացման միջոցով հասնել այդ խնդրի լուծմանը»:
Քաղաքագետը նկատեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարեւոր է նաեւ միջազգային կառույցների դեմ պահանջներ ներկայացնելը. «Վաղը մյուս օրը Եվրամիությունը ասելու է՝ Հայաստանում անցել են արդար ընտրություններ, ժողովրդավարական նոր ձեռքբերում էր եւ այլն, ես վստահ հայտարարում եմ՝ 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններն արդեն կեղծված են»:
Այսօր ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ԵՄ դեսպանության դիմաց ցույց է իրականացվել։ Ցույցի մասնակիցները նամակ են հանձնել ԵՄ դեսպանին։ Նրանք իրենց բողոքի ցույցը շարունակել են ԱՄՆ դեսպանատան դիմաց նաեւ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































