Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբերին ստացել են պարգևավճարներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 101,007,130.00 ՀՀ դրամ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են առողջապահության նախարարությունից:
Թե որքա՞ն է կազմել նախարարի և տեղակալների ստացած պարգևավճարների չափը, ԱՆ-ից մերժել են տրամադրել՝ հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1֊ին մասի 1֊ին և 2-րդ կետերին (պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք,խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը):
Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34- րդ հոդվածով սահմանված գույքի, եկամուտների, շահերի և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձինք նույն օրենքի համաձայն ներկայացնում են հայտարարագրեր և նրանց եկամուտները տեսանելի և հասանելի պետք է լինեն հանրությանը:
Իսկ Առողջապահության նախարարը և տեղակալները հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձինք են, հետևաբար օրինաչափ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների ստացած եկամուտները հրապարակվեն ոչ միայն հայտարարգրերի ռեեստրում, այլևս ԶԼՄ-ների կողմից, իսկ այդ տեղեկատվությունը ժամանակավորապես թաքցնելը, մեղմ ասած անտրամաբանական է:
Կարդացեք նաև
Իսկ ահա ՊԵԿ նախագահի ստացած գումարը գաղտնի է պահվում։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա համար ստացել են պարգևավճարներ, որոնց չափը կազմել է 953,390,305 ՀՀ դրամ (օրենքով սահմանված պահումները ներառյալ): Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը:
Թե որքա՞ն է կազմել ՊԵԿ նախագահի և տեղակալների ստացած պարգևավճարների չափը, ՊԵԿ-ից հայտնել են, որ այդ տվյալները անձնավորված են և չեն կարող տրամադրվել:
«Միաժամանակ, հաշվի առնելով, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34- րդ հոդվածով սահմանված գույքի, եկամուտների, շահերի և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար Անձինք նույն օրենքի համաձայն ներկայացնում են հայտարարագրեր, հետևաբար’ վերջիններիս կողմից հայտարարագրած եկամուտները տեսանելի և հասանելի կլինեն հանրությանը»,-տեղեկացրել են ՊԵԿ-ից:


















































