ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու նախագիծը։
Նա նախ նշեց, որ զինվորական ծառայություն չանցած տղաների մասին իր հեղինակած օրենքի ընդունումից հետո անցել է շուրջ 2 տարի։ «Այժմ ունենք արտասահմանում բնակվող եւ հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակիցներ, ում 27 տարին լրացել է իմ նախորդ օրենքի ընդունումից հետո։ Նրանք չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն որեւէ այլընտրանք, քան ազատազրկվելը 2-5 տարի ժամկետով։ Ես՝ որպես օրենսդիր, չեմ ցանկանում, որպեսզի իմ ազգակից հազարավոր եղբայրներ շարունակեն կտրված ապրել մեր հայրենիքից։ Չեմ էլ ցանկանում, որպեսզի նրանք վերադառնան եւ դատապարտվեն ազատազրկման, քանի որ այդ դեպքում եւ նրանց ճակատագրերը կխեղվեն, եւ մեր պետությունը ոչինչ չշահելով՝ հսկայական վնասներ կկրի»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Նա նշեց, որ այս նախագծով առաջարկում է լուծել այս հարցը մեկընդմիշտ՝ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով ՀՀ եւ ընտրելով 5 տարբերակներից մեկը։ Առաջինը՝ ծառայել 24 ամիս ժամկետով, երկրորդ՝ ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2,5 մլն դրամ, երրորդ՝ ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 մլն դրամ, չորրորդ՝ ծառայել 1 ամիս ժամկետով, եւ պետական բյուջե վճարել 8 մլն դրամ եւ հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն պատական բյուջե վճարել 15 մլն դրամ։
«Իմ նախորդ օրենքի ընդունումից հետո 2024 թվականի փետրվարից մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը օրենքից օգտվել է շուրջ 200 քաղաքացի։ Նրանք վճարել կամ ծառայել են զինված ուժերում, հաշվառվել պահեստազորում։ Պետական բյուջե մուտքագրվել է շուրջ 2 մլրդ դրամ կամ 5 մլն դոլար գումար։ Այսինքն՝ ակնկալվում է, որ մեր հայրենակիցների մի մասը կօգտվեն օրենքից, կվերադառնան հայրենիք, հսկայական գումարներ կմուտքագրվեն պետական բյուջե, որը կարող ենք ծառայեցնել կարիքների համար։ Նաեւ նրանց ճակատագրերը չեն շարունակի մնալ խեղված, նրանք չեն դատապարտվի կամ չեն շարունակի արտասահմանում մնալ այլ կարգավիճակով»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, այն կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































