Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի՝ աղմկոտ միջադեպերի մեջ հայտնված խորհրդականը պաշտոնազրկվել է

Հունվար 16,2026 17:33

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանը, որը վերջերս հայտնվել էր մի աղմկոտ պատմության մեջ․ ոստիկանության Կումայրի բաժնի շենքի առանձին մասնաճյուղում տեղակայված պարեկային ծառայությունում ոչ սթափ վիճակում ծեծի էր ենթարկել պարեկային ծառայության աշխատակիցներից մեկին, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Նրա անուն-ազգանունն արդեն իսկ հանվել է Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից․ մարզպետն ունի երեք խորհրդականներ, երկուսի անունը-ազգանունները կան, Գոռ Սարոյանինը հեռացված է։

Լուսանկարում՝ ձախից՝ Արտյոմ Հովհաննիսյանն է, աջից՝ Գոռ Սարոյանը

Գոռ Սարոյանի մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 29-ին․ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նա Համլետ Խուրշուդյանի ու իր սանիկի՝ Արտյոմ Հովհաննիսյանի հետ միասին, որն աշխատում էր քրեական ոստիկանությունում, ոչ սթափ վիճակում այցելել էր ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հերթապահ մասի տարածք ու վիճաբանության մեջ ներքաշել պարեկային ծառայողին։ Այնուհետ Գոռ Սարոյանն ու իր սանիկը հարվածներ էին հասցրել պարեկային ծառայողի մարմնի տարբեր մասերին։

Պատճառը, Aravot.am-ի տեղեկություններով, եղել էր այն, որ պարեկը միջադեպից մի քանի օր առաջ խախտում կատարելու համար կանգնեցրել է «Ջիփ» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է Գոռ Սարոյանի աներոջը, և որի ղեկին եղել է նրա անչափահաս երեխան։ Գոռ Սարոյանը ևս գտնվել է այդ մեքենայում, ըստ որոշ տեղեկությունների, նա այդ անգամ էլ եղել է ոչ սթափ վիճակում, որի պատճառով ղեկին նստել է նրա անչափահաս որդին։ Պարեկը մեքենան տեղափոխել էր մեքենաների հատուկ պահպանվող տարածք։

Այս միջադեպից հետո Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անմիջապես աշխատանքից հեռացրել էր Արտյոմ Հովհաննիսյանին, իսկ Դավիթ Առուշանյանը երկար ժամանակ երկմտում էր։ Դավիթ Առուշանյանը Գոռ Սարոյանի հետ աշխատել էր Գյումրու քաղաքապետարանում, երբ ինքը փոխքաղաքապետ էր, իսկ Գոռ Սարոյանը՝ որպես ՔՊ-ական, զբաղեցնում էր ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի պաշտոնը։

Նոյեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 195 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով։

Նշենք, որ սա առաջին աղմկոտ միջադեպը չէր Գոռ Սարոյանի մասնակցությամբ․ 2017 թվականին, երբ նա աշխատում էր ոստիկանական համակարգում, այդ ժամանակ էլ ոչ սթափ վիճակում ցանկացել էր ֆայտոն նստել, վիճաբանություն էր սկսել գյումրեցի հայտնի ֆայտոնչի Գրիշի թոռի՝ դարբին Սամվելի հետ, այնուհետ սկսել էր ծեծել նրան։ Այս դեպքից ժամեր անց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան հեռացրել էր համակարգից։

Այդ ժամանակ ևս հարուցվել էր քրեական գործ, Գոռ Սարոյանը հայտնվել էր դատարանում՝ մեղադրյալի աթոռին։ Գոռ Սարոյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ դատարանում զղջացել է իր արարքի համար։

Իսկ թավշյա հեղափոխությունից հետո, երբ Գոռ Սարոյանը դարձել էր ՔՊ-ական ու Գյումրու քաղաքապետարանում զբաղեցրել ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի պաշտոնը․ իր մոտ մտած քաղաքացիներից մեկի հետ հայտնվել էր մի տհաճ պատմության մեջ։

Գործով քաղաքապետարան հրավիրված քաղաքացու համար շտապօգնություն էին կանչել, դեպքի վայր մեկնած ոստիկանությանը նա հայտնել էր, թե Գյումրու համայնքապետարանի պաշտոնյան վիճաբանել է իր հետ, հրել, գցել է գետին, ինչի արդյունքում վնասել է գլուխը։

Գոռ Սարոյանն էլ իր հերթին Aravot.am-ին պարզաբանել էր, որ քաղաքացին մտել է իր աշխատակիցների սենյակ, գոռգոռացել, իրեն տեսնելով էլ՝ սպառնացել էր, թե «որսորդական հրացան ունեմ, կբերեմ, կգյուլեմ քեզ էլ, Վարդգեսին էլ», այսինքն` այդ ժամանակվա քաղաքապետին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031