«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, անազատության ու արդեն 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանը օր առաջ վիրահատվելու կարիք ունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
-Իմ ընկալմամբ՝ խնդիրներն առաջացել են առաջին կալանավորման շրջանում՝ 2024 թվականին: Տեղյակ էի՝ Նարեկը պատրաստվում էր վիրահատվել, նախատեսված էր դեկտեմբերին, փորձում էր այնպես անել, որ դա իր հանրային գործունեությանը չխանգարեր: Դեկտեմբերին նշանակվեց վիրահատություն, մենք էլ ուրախացել էինք, որ առողջական խնդիրները կկարգավորվեն, բայց, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ ու նոյեմբերի 13-ին ապօրինի ձերբակալվեցին ու հետո կալանավորվեցին Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը,- ասաց Մելիքյանը:
Նրա խոսքով՝ ինքը զրուցել է Սամսոնյանին բուժող բժշկի հետ ու բանավոր զրույցից հասկացել՝ մինչեւ Նարեկը հացադուլից դուրս չգա, հիվանդանոց տեղափոխելը նպատակահարմար չէ, որովհետեւ հացադուլավորին մի քանի օր է պետք, որ գա այն ֆիզիկական վիճակին, որ կարողանա վիրահատվել:
Կարդացեք նաև
-Առողջական վիճակը գնալով սրվելու է թե՛ հացադուլով, թե՛ իր առողջական վիճակով պայմանավորված: Ես ունեմ վատ փորձ, ու դա ինձ ամբողջ կյանքում հետապնդելու է, իմ կողքին քաղբանտարկյալ է մահացել,- պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը հիշելով՝ ասաց Մելիքյանը:
Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) լռությանը եւ Նարեկ Սամսոնյանին իր հացադուլի 9-րդ օրը նույնիսկ չայցելելուն՝ Մելիքյանը՝ որպես Արցախի նախկին ՄԻՊ, անբացատրելի համարեց այդ գործելաոճը. « Ինչպես կարող է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը սեփական նախաձեռնութամբ ընթացակարգ չսկսել քաղբանտարկյալի հացադուլի դեպքով: Եթե սրանով չանի, էլ որով պետք է անի: ՄԻՊ-ն իր անգործությամբ հաստատում է իր վերաբերյալ մեր ունեցած բոլոր մոտեցումները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































