65 «կողմ», 2 «դեմ» ձայների հարաբերակցությամբ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Այն հեղինակել են ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Լիլիթ Մինասյանը։
Օրենքը խստացնում է ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների հավատարմագրման և գործունեության կանոնները։
Հիմնական փոփոխությունները՝
Կարդացեք նաև
Դիտորդ կարող են ներկայացնել միայն այն ՀԿ-ներն ու հիմնադրամները, որոնք առնվազն 1 տարի զբաղվում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությամբ, քաղաքականորեն չեզոք են, չեն աջակցում թեկնածուների կամ կուսակցությունների և չունեն նրանց հետ ասոցացվող անվանում։
Պարտադիր է հրապարակել գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը և բացահայտել դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրներն ու չափերը։
Դիտորդների վարքագծի կանոնները պետք է ընդունված լինեն, ուսուցանված և հրապարակվում են ԿԸՀ կայքում։
Դիմումի ներկայացման պահից կազմակերպությունն ու դիտորդները պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն, չզբաղվել քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ, չարտահայտել կանխակալ դիրքորոշում։
Խախտումների դեպքում ԿԸՀ-ն կարող է մերժել կամ ուժը կորցրած ճանաչել հավատարմագրումը, դիտորդին հանել հավատարմագրված ցանկից, քվեարկության օրը դիտորդին հեռացնել տեղամասից (2/3 քվեով)։
Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում էր վերցրել, հավանաբար պատգամավորներին «բերման ենթարկելու» համար, քանի որ ընդմիջումից հետո Ալեն Սիմոնյանը պատգամավորներին զգուշացրեց՝ չլքել աշխատասենյակները, ԱԺ շենքի տարածքը՝ երեք ժամ հետո երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը մասնակցելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































