Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր բռնապետի հետ կարելի է գործ ունենալ

Հունվար 24,2026 10:00

Նուբար Աֆեյանի եւ Նիկոլ Փաշինյանի համատեղ լուսանկարը շատերիս մեջ չափազանց տհաճ զգացմունքներ է առաջացրել: Հայաստանի վարչապետն այն անձնավորությունը չէ, որի հետ հնարավոր է անկեղծորեն ինչ-որ հարց քննարկել: Չեմ բացառում, որ ամերիկահայ գործարարը խոսել է Ռուբեն Վարդանյանի, եկեղեցու դեմ ՔՊ-ական իշխանության վայրագ հարձակումների կամ նույնիսկ, հնարավոր է, Սամվել Կարապետյանի մասին: Գուցե նա այս կամ որեւէ այլ հարցերում ինչ-ինչ փոխզիջումներ է փնտրել:

Բայց հասուն, փորձառու մարդ լինելով՝ նա պետք է որ հասկանա, թե ում հետ գործ ունի: Եվ ամենակարեւորը՝ պարտավոր է իմանալ, թե ինչպիսի ռեժիմ է Փաշինյանը հաստատել Հայաստանում, որտեղ անձնական-քաղաքական վրեժխնդրությունը, հաշվեհարդարն ամեն ինչից բարձր է, այդ թվում՝ պետության քաղաքական ու տնտեսական շահերից: Կամ գուցե պարոն Աֆեյանն այնքան միամիտ է, որ կարծում է, թե Փաշինյանը որեւէ հարցում վեհանձն կամ մեծահոգի կգտնվի, որպեսզի փոխզիջումների գնա կամ հետքայլ կատարի: (Այստեղ կարելի է միայն «սմայլիկ» դնել):

Արեւմտյան բիզնեսմեններն, այո, հաճախ են գործ բռնում կարծր ավտորիտար ռեժիմների հետ, բայց միայն այն պարագայում, երբ դրանց լիդերներն ամեն քայլափոխի չեն խաբում, սուտը ստի վրա դարսում, եւ այդ երկրներում պետական որոշումներն ու իրավական, դատական համակարգի քայլերը կախված չեն նրանից, թե առավոտյան ինչպես է արթնացել պետության ղեկավարը:

Ո՛չ, Նուբար Աֆեյանը միամիտ մարդ չէ: Նա, օրինակ, գիտի, որ Արշակ սրբազանը ազատազրկված է նրա համար, թե իբր ավելի քան 7 տարի առաջ իր ստորադասին հանձնարարել է ակտիվիստներից մեկի պայուսակի մեջ թմրանյութ գցել՝ այդ ակտիվիստին վարկաբեկելու համար: Բայց հետո դա ինչ-որ ֆանտաստիկ, ավելի ճիշտ՝ անեկդոտիկ ձեւով որակվել է որպես թմրանյութի տարածում:

Աֆեյանը հաստատապես տեղյակ է, որ Սամվել Կարապետյանը սկզբից հետապնդվում էր հանրային կոչերով իշխանությունը զավթելու համար (որովհետեւ ասել էր, թե իր ձեւով պաշտպանելու է Հայ առաքելական եկեղեցին), հետո միայն մոգոնեցին «փողերի լվացումը»: Չի՞ վախենում, որ իրեն էլ բռնեն ինչ-որ «սխալ բառի» համար:

Չեմ կասկածում, գործարարը տեղեկացված է, որ Փաշինյանի իշխանությունը կաթողիկոսին սկզբից մեղադրում էր զավակ ունենալու մեջ: Բայց տեսնելով, որ դա, մեծ հաշվով, ոչ մեկին չի հետաքրքրում, սկսեցին ակնարկել, որ նա ФСБ-ի գործակալ է, սակայն «ռիսկ չեն անում» դա բարձրաձայն ասել: Հիմա էլ փորձում են «կպցնել» դարձյալ «փողերի լվացումը»՝ իրենց երեւակայության աղքատությունը ցուցադրելով:

Աֆեյանն այդ ամենը հրաշալի գիտի: Բայց քանի որ ձեւ է անում, թե չգիտի, ես նրան այլեւս երբեք չեմ անդրադառնա:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հայկական ժողովրդական ասացվածք կա՝ «Մուկը մի բան չի, բայց որ ընկնում է կարասը՝ հարամում է»։ Հիմա նիկոլը ում հետ շփվում կամ լուսանկարվում է, այդ մարդու հեղինակությունն ու համբավը հարամվում է։
    Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում Աֆեյանն այդ հանդիպման և զրույցի ընթացքում միգուցե փորձել է իր ձեռքից եկածն անել իր ընկերոջ համար (նիկոլի տված խոստումի կշիռն իմանալով հանդերձ), անտեսելով համատեղ լուսանկարի հետևանքով իր վարկանիշի հնարավոր նվազումը։ Չի բացառվում նաև, որ Աֆեյանն այդ զրույցի ընթացքում փորձել է նիկոլից զգալ Ռուբեն Վարդանյանից ունեցած նրա քաղաքական վախերը, որը նույնպես կարևոր հանգամանք է ալիև-նիկոլ «խախաղության բազարների» ընթացքում Ռուբեն Վարդանյանի հետագա կարգավիճակը կանխատեսելու համար

    • Սարգիս Զեյթունյան says:

      Ձեզ հետ համաձայն եմ և՛ մկան (իմա՝ էնմեկելի), և՛ Նուբար Աֆեյանի՝ ընկերոջն օգնելու հնարավոր մտադրության առումով։
      Պարո՛ն Աբրահամյան, իմանալով մեծերի հետ նկարվելու իր մոլուցքը, պետք չէ բացառել, որ էնմեկելն օգտագործել է Աֆեյանի ազնիվ մտադրությունը՝ ևս մեկ անգամ ցուցադրվելու համար։ Ավելորդ է ասել, որ պետք չէ հավատալ այն պաշտոնական ստերին, որ գրվել կամ գրվելու են այս նկարի տակ։

  2. Լավատես says:

    Մենք հա իշխանությանն ենք վատաբանում, իրականում այդ իշխանությանը քաղաքականապես մակարդակով հայերը չեն ընտրել եւ ոչ էլ քաղաքականապես միամիտ հայերը, ովքեր կարծում են, թե իրենք են ընտրել: Այդ իշխանությանը ընտրել է դավոսի ժողովուրդը, ով մասնագիտացել է ժողովուրդների մանիպուլյացիաների մեջ: Եթե մե՛նք չենք ընտրել, մենք ի՛նչ իրավունք ունենք ուրիշի ապրանքին ձեռք տալու: Տասնութ թիվն էլ դավոսի ձեռքի գործն է, որով մանիպուլացրեց ոչ միայն միամիտներին, այլեւ մակարդակով հայերի մեծամասնությանը, բայց միեւնույնն է, անչափ քաղցր էր մեր ամբողջ աշխարհի հայության միասնությունը, լավ կլիներ, որ դա մեր ազգային ուժերի՝ իսկական ընդդիմության ձեռքի գործը լիներ:
    Ես կոչ եմ անում մեր իսկական ընդդիմությանը ուրիշի ապրանքին ձեռք չտալ, թե դավոսի չափ շնորհք ունեք, մի տասնութ էլ դուք կազմակերպեք, մերժեք այս հետխորհրդային խրտվիլակաիշխանությանը ու իշխանության բերեք ձեր մարդուն:
    Երբ Մեծն Մարտիրոս Սարյանը իր հանճարեղ ձեռքով տետրերում լուսանցքներ էր գծում համալսարանի ուսանողների համար, դա խոսում է իր մեծության մասին, երբ մեր քաղաքական հանճարները մեր սովորական քաղաքացիների հետ քաղաքական լիկբեզ անցկացնեն, դա կխոսի նրանց մեծության մասին: ՄԻԱՑՈ՛ՒՄ:

  3. Sarkis says:

    Ես միշտ ասում եմ, որ նա մարդկային կերպարանքով դև է։ Նա այն փորձությունն է, որին «քրիստոնյաները» ձախողվում են։ Նա նման է օձին, որը համոզեց Եվային ուտել խնձորը։

Պատասխանել Sarkis

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031