Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի հեքիաթները հօդս են ցնդել ԵԽԽՎ զեկույցով. հստակ գրված է՝ պետության հարձակում եկեղեցու դեմ». Հայկ Մամիջանյան

Հունվար 27,2026 13:34

«Իհարկե, բանաձևը խայտառակություն է, այնտեղ տեղ են գտնում այնպիսի ձևակերպումներ և տեղ չեն գտնում այնպիսի փաստեր՝ քաղբանտարկյալների և այլ թեմաներով, որ դա պարզապես անհասկանալի է։ Բայց դա մեզ համար նորություն չէ, դրա մասին խոսել ենք, խոսում ենք և խոսելու ենք»,- իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում այսպիսի կարծիք է հայտնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը։

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում երեկ ընդունվեց «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» բանաձևը։ Փաստաթղթում Հայաստանի՝ որպես ամբողջական մոնիտորինգի տակ գտնվող երկրի վերաբերյալ ամրագրված է․ «Վեհաժողովը ցավում է Հայաստանում քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացման և խարանման համար՝ բոլոր կողմերից։ Այն խորապես մտահոգված է ՀՀ վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածությամբ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցուն պատկանող մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրությունների մասին հայտարարություններով»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այստեղ կան նաև այնպիսի կետեր, որոնց մասին նրա բնութագրմամբ՝ իշխանական քարոզչամեքենան չի խոսելու․ «Զեկույցում հստակ նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, պետության հարձակումն է եկեղեցու վրա։ Այսինքն՝ այն հեքիաթները, որ Փաշինյանը պատմում է, թե սա եկեղեցու դեմ չէ, հօդս են ցնդել նույնիսկ այս զեկույցի շրջանակներում։ Հստակ նշվում է, որ առկա է առճակատում պետության և եկեղեցու միջև։

Երկրորդ կետն այն է, որ զեկույցում, նույնիսկ հաշվի առնելով Փաշինյանի նկատմամբ եվրոպական չեզոքությունը ու որևէ վատ բան չասելու, իրականությունը չարձագանքելու մոտեցումները, հստակ նշվում է, որ ընտրությունների ժամանակ պիտի բացառվի պետական ռեսուրսի օգտագործումը։ Նույնիսկ Փաշինյանի նկատմամբ չեզոքության պարագայում հստակ նշվում է սա զեկույցում։

Հստակ նշվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ազդեցությունից։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ահռելի մակարդակի են այդ խախտումները, ինչքան անհնար է այն չնկատել ու կոծկել, որ անգամ հաշվի առնելով Փաշինյանի ցանկացած արարք արդարացնելու և չբարձրաձայնելու՝ որոշ միջազգային կազմակերպությունների մոտեցումները՝ իրենք չեն կարողացել նրա մասին չներառել այս զեկույցում։

Մնացած ձևակերպումները զեկույցում անընդունելի, զարմանալի են ինձ համար, բայց ամեն բան բացատրվում է երևի աշխարհաքաղաքական շահերի ու հետաքրքրությունների տրամաբանության մեջ»։

Հայկ Մամիջանյանը նաև ԵԽԽՎ-ին շնորհակալություն հայտնեց ևս մեկ անգամ հայ ռազմագերիների հարցը զեկույցում ներառելու և Ադրբեջանից նրանց վերադարձը պահանջելու համար։

Նշենք, որ ԵԽԽՎ այս բանաձևի ընդունման առիթով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը քննադատական գրառում է կատարել ՀՀ ընդդիմության ներկայացուցիչների վերաբերյալ և համարել, որ «սա Հայաստանի պատվիրակության ընդդիմադիր հատվածի տապալումն է և խայտառակությունը»։ Նա մասնավորապես նշել է․ «Քանի՞ գրոշ արժեն սրբազանների դատական նիստերին ընդդիմադիրների ելույթները։ Ստացվում է՝ ԵԽԽՎ-ում տեղյակ չեն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, չգիտեն, որ Միքայել սրբազանը, Սամվել Կարապետյանը և բազմաթիվ այլ մարդիկ այլախոհության համար ապօրինի կերպով բանտարկված են, և նման հայտարարությամբ են հանդես գալիս իրենց զեկույցում։ ԵԽԽՎ-ն չի դատապարտում և չի մեղադրում ՀՀ իշխանություններին տեղի ունեցող դատաիրավական աբսուրդի համար, չնայած այն հանգամանքին, որ ապացուցված է և վաղուց բոլորի համար ակնհայտ՝ Հայաստանում դատարանները անկախ չեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Միայն Մարուքյանի մեկնաբանությունը հրիք է, որ ձեր հորինած սուտը հերքվի: Բա ու՞ր է էդ սարսափելի ապտալի ուղիղ մեջբերումը, իսկ վարչական ռեսուրսի մասին խոսակցությունը հերթապահ ֆրազ է, իրականը հենց ձեր նշած լոյալությունն է, որից կաթվածահար եք:

Պատասխանել Զավեն

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031