Կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց այն մասին, որ ԵԽԽՎ-ում մտահոգություններ են հնչել իշխանություն-եկեղեցի առճակատման մասին։ Հարցին, թե սա չի մտահոգո՞ւմ ՀՀ իշխանություններին, որ այս հարցն արդեն միջազգային հարթակներում է քննարկվում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք միջազգային հարթակներում որեւէ հարցի քննարկման հետ կապված խնդիր չունենք, որովհետեւ մեր գործելակերպը հստակ է, թափանցիկ է, հիմնավորված է։ Երկրորդը, չկա եկեղեցի-պետություն հակամարտություն, կա եկեղեցում իշխանությունն ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնին։ Եվ մենք բոլոր հնարավոր միջոցները՝ թույլատրելի եւ օրինական, ձեռնարկելու ենք նրան՝ իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար»։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ-ում հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր, թե «որոշ հոգեւորականներ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը բռնի կերպով իշխանությունից հեռացնելու կոչեր են անում։ Նաեւ սպանության կոչեր են արել, ընդ որում՝ դրանցից մեկը՝ ուղղված ինձ»։
Հարցին՝ որքանո՞վ է իրականության համապատասխանում Արարատ Միրզոյանի այս պատասխանը, եթե չկա դատարանի կայացրած որոշում, Փաշինյանը պատասխանեց․ «Կան փաստեր»։
Նիկոլ Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց․ «Արդարությո՞ւն է այն, երբ ձեր աջակիցը վեհափառին սպանելու կոչ է անում»։ Փաշինյանը խուսափեց պատասխանել այս հարցին։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լրագրողներից մեկն էլ հարցրեց․ «Ասում եք՝ դուք Գարեգին երկրորդին կաթողիկոս չեք համարում, նույն կերպ կարող են ձեզ վարչապետ չհամարել, ասել՝ դե եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէ, իր նախարարներն էլ նախարար չեն եւ չընդունեն ձեր որոշումները»։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Թող փորձեն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































