Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով դատական նիստում հարցաքննվեց գործով միակ վկան՝ Հայկ Բաղդասարյանը։
Հանրային մեղադրողի հարցին, թե այս գործից իրեն ինչ է հայտնի, վկան պատասխանեց՝ ոչինչ․
«Նամակ է եկել, որ վկա եմ, հետո կանչել են քննչական, գնացել եմ՝ պարզելու, թե ինչի համար։ Գնացել եմ, պարզվել է՝ Facebook-յան գրառման համար»։
Հանրային մեղադրողի հարցին, թե ինչ գրառում է արել, վկան պատմեց․
Կարդացեք նաև
«Տհաճ բան եմ լսել, գրել եմ, չեմ հիշում՝ ինչ էր, չեմ հիշում՝ ինչ գրառում եմ արել»։
Վկան պատմեց, որ նույնիսկ չի հիշում հաղորդման անունը, որովհետև չի հետևել այդ հաղորդմանը, պարզապես Facebook-ում պատահաբար է հանդիպել․
«Չեմ հիշում՝ թեման ինչ է եղել, էդպես էլ չիմացա՝ թեման ինչն էր։ Երևի խոսքն է տհաճ եղել, չեմ հիշում ոչ մի բան»։
Հարցին՝ հայհոյանք լսե՞լ է, վկան պատասխանեց՝ ոչ, անջատել է՝ զգալով, որ տհաճ խոսակցություն է և տանում է դրան։
Հանրային մեղադրողի մի շարք հարցերից հետո վկան պատասխանեց, որ լսել է «բ-ի տղա» արտահայտությունն ու անջատել։
Հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։ Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո ևս վկան հանրային մեղադրողի նախընտրած ցուցմունքը չտվեց՝ պնդելով, որ ոչինչ չի հիշում։
Հանրային մեղադրողը շարունակեց իր հարցերը՝ մի քանի անգամ հորդորելով վկային հստակ պատասխանել հարցերին և ներկայացնել իրականությունը։ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ հանրային մեղադրողն ակնհայտ ճնշում է գործադրում վկայի վրա։ Միջամտեց նիստը նախագահող դատավոր Մասիս Մելքոնյանը․
— Պարոն Ավետյան, ճնշում մի գործադրեք, այն տոնով եք խոսում, որ վկան կարող է ճնշվել։
Վկայի հարցաքննությունը կշարունակվի նաև փետրվարի 28-ի դատական նիստում։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































