Պատկերացրեք այսպիսի վիճակ: Ես գնում եմ Հ1 եւ այնտեղ բամբասում եմ կամ ցուցմունք եմ տալիս (Փաշինյանի ռեժիմի դեպքում դա նույնն է) մեկ այլ խմբագրի դեմ, որին, ենթադրենք, չեմ սիրում, բայց որը գտնվում է անազատության մեջ՝ ակնհայտորեն անհեթեթ մեղադրանքով, եւ որը որեւէ ձեւով հնարավորություն չունի ինձ պատասխանելու: Ինչպե՞ս կբնութագրեիք իմ վարքը:
Կան հարցեր, որոնք դուրս են քաղաքական, եկեղեցական կամ անձնական վեճերից: Դրանք մշտական սկզբունքներ են, որոնք, ի դեպ, առաջ ավելի հստակ էին պահվում, քան հիմա: 70-ականների սովետական դպրոցում, որտեղ ես սովորում էի, ցանկացած նորմալ ուսուցիչ կասեր, որ այդպես վարվել չի կարելի: Ավելին՝ այն բակում, որտեղ ես խաղում էի, տղաները նույնպես կասեին, որ դա, մեղմ ասած, ստորություն է:
Խոսքն այստեղ էքստրեմալ իրավիճակների մասին չէ: Ֆիզիկապես խոշտանգվող մարդն ինչ ասես կարող է անել, եւ նրանից հերոսություն պահանջելը մեկ այլ անբարոյականություն է: Բայց, երբ հնարավոր է ստորություններ չանել, եւ պարզ է, որ պարկեշտ վարքի հետեւանքով մարդը չի զրկվի կյանքից կամ ազատությունից, ապա շատ բնական է ակնկալել, որ այդ դեպքում մարդն իրեն արժանապատվորեն կպահի:
1975 թվականին մոտ 7 տասնյակ խորհրդային ակադեմիկոսներ կոլեկտիվ նամակ էին ստորագրել իրենց գործընկեր Անդրեյ Սախարովի դեմ: «Վերեւներում» թխած այդ նամակի տեքստում մեղադրանքներ կային, որ Սախարովը, մասնավորապես, զրպարտում է խորհրդային կարգերի հասցեին եւ ջուր է լցնում թշնամական ուժերի ջրաղացին: Հիմա նիկոլական քարոզիչները կասեին՝ «արտաքին ուժերի ազդեցության գործակալ է», «հիբրիդային պատերազմ է վարում»: 70 խորհրդային ակադեմիկոսներն իրենց դեմ տված տեքստի տակ ստորագրեցին, 3-ը չստորագրեցին: Եվ նրանց հետ առանձնապես ոչ մի վատ բան չպատահեց:
…Հիմա էլ է ընտրությունը շատ պարզ: Մի կողմում Փաշինյանն է՝ իր ՔՊ-ով ու խամաճիկ կուսակցություններով, ԱԱԾ-ով ու այլ պատժիչ մարմիններով, գրպանային դատարաններով, «ոչինչ չնկատող» հ/կ-ականներով ու տիրադավ հոգեւորականներով: Մյուս կողմում՝ մնացածը, որոնք այդ ամենը չեն ընդունում՝ շատ տարբեր մարդիկ շատ տարբեր հայացքներով: Կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Ամփոփում – ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, բարոյականն էլ ընդ անբարոյական։