Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կրկին ասում եմ՝ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան, չի կարելի պատսպարվել քաղաքական հայացքի հետեւում ու կատարել հանցանք»

Փետրվար 04,2026 13:04 Share

«Այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը՝ կալանավոր, իսկ 1463-ը՝ դատապարտյալ։ Այսինքն՝ վերջին 5 տարիների կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվն ավելի է, քան կալանավորների թիվը։ Սա բավականին դրական ցուցանիշ է, նշանակում է, որ կալանքների թիվը նվազում է, փոխարենն ավելանում է դատական ակտերի թիվը, որոնք մտնում են օրինական ուժի մեջ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա նշեց՝ տպավորություն է, թե մարդիկ, երբ փակվում են ՔԿՀ-ում, այնտեղից դուրս չեն գալիս կամ շատ ուշ են դուրս գալիս։ Բայց դա այդպես չէ․ «Նախորդ տարի ՔԿՀ մուտք է գործել 2557 անձ եւ ՔԿՀ-ներից դուրս է եկել 2396 անձ։ Այսինքն՝ ամեն տարի մոտ նույն թվով անձանց ելք ու մուտք ենք ունենում»։

Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանում կալանքը շարունակում լայնորեն կիրառվել որպես կանխարգելիչ միջոց, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Կալանքների դեպքերը հստակ նվազել են, ավելի քիչ են դեպքերը, երբ անձինք դատապարտված են։ Այս պահին տնային կալանքում գտնվող 907 անձ ունենք, 1143 վարչական հսկողության ներքո գտնվող անձ ունենք։ Չեմ կարող նշել, թե քանի անձ ունենք, որոնց նկատմամբ կիրառված է չհեռանալու, երկրից չբացակայելու արգելք։ Եվ չեմ կարող նշել թվեր, երբ անձանց նկատմամբ կիրառված է գրավ խափանման միջոցը։ Խոսքը հազարավոր, տասնյակ հազարավոր դեպքերի մասին է։ Այսինքն՝ եթե հարցադրումը տրվում է այնպես, որ այլընտրանքային խափանման միջոցները չեն աշխատում, եւ կալանքն է հաճախ կիրառվում, դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Այսօր մենք ունենք ընդամենը 1406 կալանավոր, որոնք պահվում են ՔԿՀ-ներում։ Իհարկե, այս թիվը կրկին մեծ է, եւ մենք խնդիր ունենք այս թվական տվյալի նվազեցման»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Սրբուհի Գալյանի խոսքով՝ կատարելագործելու են պատժից վաղաժամկետ պայմանական ազատվելու ինստիտուտը։ Եվ նախատեսելու են, որ քրեակատարողական ծառայությունը պատժի կրման ընթացքում դրսեւորած վարքագիծը պետք է գնահատի, իսկ պրոբացիոն ծառայությունը միայն հասարակություն վերադառնալուց հետո դրսեւորվող վարքագծին պետք է հնարավոր գնահատական տա, այսինքն՝ կանխատեսումների ձեւով դա պետք է տեղի ունենա։

«Ես հույս ունեմ, որ մեր մասով աշխատանքները կնպաստեն ինստիտուտի կիրառմանը նաեւ ցմահ դատապարտյալների դեպքում։ Բայց ցավով պետք է նշեմ, որ մենք ունենք նաեւ օրինակ, երբ նախկինում ազատ արձակված անձը կրկին կատարել է քրեորեն հետապնդելի արարք, եւ այս պահին պրոցեսներ են իրականացվում։ Մեկ անձի արարքը ստվերում է այլ անձանց հնարավոր վարքագիծը, ինչը մտահոգություն է առաջացնում դատախազության ու դատարանների համար»,- ասաց նա։

 

Սրբուհի Գալյանը, անդրադառնալով Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին հարցին, ասաց․ «Ես կրկին ասում եմ, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան։ Վերջերս եվրոպական կառույցների կողմից համապատասխան զեկույցները հրապարակվեցին, եւ մեր ընդդիմախոսները, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները շատ դառնացած նշում էին, որ որեւէ հղում քաղբանտարկյալներին չկա։ Իսկ դա ինչի՞ մասին է խոսում, որ իրականում գուցե դրանք չկա՞ն»:

Նա ասաց․ «Չի կարելի պատսպարվել քաղաքական հայացքի, մարդու կարգավիճակի հետեւում ու կատարել հանցանք, հետո խոսել ինչ-որ քաղաքական հետապնդումների մասին։ Քաղաքականությամբ զբաղվելը չի ենթադրում, որ կատարված արարքներին պարտադիր պետք է տրվեն քաղաքական ենթատեքստ։ Կան քրեական գործեր, քրեական գործերի քննությունը շարունակվում է, որոշ գործերի դեպքում մեզ որոշ ապացույցներ հասանելի են դարձել։ Մենք պետք է սպասենք, թե երբ կլինեն դատական ակտեր։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարղ պատասխանատու լինել քննչական եւ դատախազական մարմինների, դատարանների աշխատանքի համար։ Ես չեմ կարող գնահատական տալ այդ աշխատանքներին, բայց հնչեցրեցի ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովի հնչեցրած գնահատականը, որտեղ բառ չկար քաղբանտարկյալների մասին։ Սա նշանակում է, որ մեր ընդդիմադիր քաղաքական գործիչները փաստեր են ներկայացրել, իսկ եվրոպական մարդակենտրոն ինստիտուտներն այդ փաստերը հաշվի չեն առել։ Հետեւություններ թող անեն այն մարդիկ, որոնք իրենց համարում են մասնագետներ»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728