«Ռոսիա մոլ»-ի աշխատակիցներն այսօր գործադուլ ու բողոքի ցույց են անում մոլի տարածքում։ Նրանք ասում են՝ արդեն 5-6 օր է՝ խոսակցություն կա, որ տարածքը պետք է ազատեն, որպեսզի տոնավաճառի տարածքում վերանորոգում իրականացվի։ Իսկ իրենց առաջարկում են աշխատանքը շարունակել «Երեւան» տոնավաճառի տարածքում։


Employees of the Rossia Mall shopping center are staging a protest against the closure of their workplaces. Yerevan, Armenia
«Խնդիրն այն է, որ տարածքն ուզում են տան մի քանի բրենդի։ Ժողովուրդը՝ էսքան մարդ մնում է առանց գործ, մարդիկ վարկերի տակ են, փողեր են դրել։ Հարցը այն է, որ գոնե սարքեն բուտիկներ, ժողովուրդը թեկուզ մեկ ամիս նստեն տանը, բայց նույն ժողովրդին տեղավորեն նույն տեղում։ Թող վարձն էլ մի քիչ բարձր լինի, համաձայն ենք։ Այսքան ժամանակ՝ 30 տարի շարունակ, մարդիկ կանգնել ու աշխատել են վատ պայմաններում՝ էլ վերեւից ջուր է կաթացել, էլ ապրանք է փչացել, ցրտին, շոգին մարդիկ աշխատել են։ Հիմա պայմանները բարելավում են, մեզ ասում են՝ գնացեք»,- լրագրողներին ասաց տոնավաճառի աշխատակիցներից մեկը։

Employees of the Rossia Mall shopping center are staging a protest against the closure of their workplaces. Yerevan, Armenia
Անհատ ձեռներեցներից մեկն էլ նշեց, որ բոլոր առեւտրականները համաձայն են, որ վերանորոգում լինի, որեւէ մեկը չի առարկել։ «Բոլորն այստեղ 25-30 տարի արդեն աշխատում են, հիմա տնօրինությունը մեզ հարց է տվել, թե ի՞նչ ենք ուզում մենք։ Մենք ուզում ենք, որ կարգավորվի ներսի վիճակը, վերանորոգումը լինի եւ հետո այս մարդիկ ամեն մեկն իր տարածքում տեղավորվի աշխատանքի։ Այստեղ պետք չէ որեւէ բան քաղաքականացնել, ավելորդ թեմա սարքել»,- ասաց նա։
«Մեզ ասում են՝ գնացեք դուք Երեւան տոնավաճառում կանգնեք, մենք այստեղ վերանորոգում ենք, տալիս ենք ուրիշի, բրենդներ պետք է կանգնեն։ Վերանորոգելուց հետո մեզ տեղ չեն տալու, ես էլ մնալու եմ փողոցում, ես իմ հարցերը ստեղով եմ լուծում, ո՞նց ապրեմ։ Ես 1997 թվականից կանգնած եմ այստեղ, ամեն ինչ էլ արել եմ։ Հիմա ես թոշակառու եմ, որ դուրս եկա, ի՞նչ եմ անելու, գնամ մետրոյի տակ փող հավաքե՞մ»,- ասաց կոշիկի վաճառքով զբաղվող տարեց առեւտրականներից մեկը։
Կարդացեք նաև
«Արդյոք արժե՞ 3-4 բրենդի համար հարյուրավոր մարդկանց թողնել անգործ։ Ասում են՝ վերանորոգելուց հետո դառնալու են բրենդներ, եթե դուք կարաք բրենդային խանութ բացել, եկեք։ Էսքան ժողովուրդն ի՞նչ պիտի անի, այսինքն՝ իրենք ամեն ինչ անում են, որ փոքր բիզնեսը փակվի։ Մենք այստեղ տարիներ ենք դրել, որ հաճախորդներ հավաքենք, չենք կարող գնալ «Երեւան» տոնավաճառ ու հաճախորդ հավաքել»,- նշեց մոլի առեւտրականներից մեկը։
Ցուցարարներին միացել էր նաեւ հայտնի «բոլոլա է լինելու» արտահայտության հեղինակ Ռուստամ Վարդանյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց․ «Հեսա բոլոլա եղավ, տեսա՞ք, սաղին հանում են դուրս։ Ես ասում էի՝ բոլոլա ա ըլնելու, ահավոր բազառ։ Իմ հարազատն է այստեղ հացի փող աշխատում, եկել ենք, որ պայքարենք»։

Employees of the Rossia Mall shopping center are staging a protest against the closure of their workplaces. Yerevan, Armenia
«Հանուն ժողովրդավար պետականության» կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանը եկել էր աջակցելու մոլի աշխատակիցներին։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ կառավարությունը ԵՄ-ից 270 մլն եվրո գումար է ստացել, այդ թվում՝ մանր ու միջին բիզնեսին աջակցելու համար։ Նա դիմեց առեւտրականներին․ «Հարգելի փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, կառավարությունը ձեզ որեւիցե ֆինանսական աջակցություն տվե՞լ է, թե՞ ոչ»։
Ցույցի մասնակիցներն ասացին, որ որեւէ աջակցություն չեն ստացել, ավելին, իրենք են աշխատել ու հարկեր վճարել պետությանը։ Արսեն Սարգսյանը ստորագրահավաք նախաձեռնեց, որպեսզի դիմումը ներկայացնեն կառավարությանը։ «Եթե կառավարությունն այս հարցին լուծում չտվեց, ապա դիմելու ենք միջազգային գործընկերներին՝ Եվրամիության գրասենյակին։ Միջազգային բոլոր կոնվենցիաներով ապահովելու ենք իրենց միջազգային եւ սահմանադրական իրավունքը»,- ասաց Արսեն Սարգսյանը։

Employees of the Rossia Mall shopping center are staging a protest against the closure of their workplaces. Yerevan, Armenia
Տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչը, որը չցանկացավ ներկայանալ, փորձեց խոչընդոտել ստորագրահավաքն ու հորդորեց, որ մարդիկ ստորագրահավաք անեն ու ներկայացնեն «Ռոսիա մոլ»-ի տնօրինությանը, ոչ թե կառավարությանը։ «Մարդիկ հիմա ստորագրահավաքը կանեն, կփոխանցենք տնօրեններին։ Էս շենքը տնօրինություն ունի, կառավարություն ինչո՞ւ են դիմում, կառավարությունն ի՞նչ պետք է անի։ Իրենց դուրս չեն հանում, իրենց տեղափոխում են ուրիշ տեղ, իրենց ուզած քառակուսների մեջ»,- լրագրողներին ասաց «Ռոսիա մոլի» տնօրինության ներկայացուցիչը։
Տոնավաճառների աշխատակիցներն ասացին, որ պայքարելու են մինչեւ վերջ, մնալու են իրենց տեղում, այլ առեւտրի կենտրոններ չեն տեղափոխվելու։
Տոնավաճառի աշխատակիցների կողմից դիմում ներկայացվեց տոնավաճառի գլխավոր սեփականատեր, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, որում նշվում է․ «Խնդրում ենք, վերանորոգումից հետո տաղավարները տրամադրել անհատ ձեռներեցներին կամ տվեք խելամիտ ժամկետ՝ տոնավաճառն ազատելու համար»։ Նրանք ասացին՝ կսպասեն դիմումի պատասխանին, որից հետո կորոշեն՝ կառավարության շենքի մոտ ցույցեր անել, թե ոչ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































