Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանքը՝ պատժի միջոց. առանց դատավճիռ ազատազրկվածների թիվը Հայաստանում 53,3 տոկոս է

Փետրվար 07,2026 12:30 Share

Սկիզբը՝ «Առավոտի» 23.01.2026-ի համարում

«Եթե մենք ցանկանում ենք Հայաստանում նվազեցնել քաղբանտարկյալների թիվը, եւ կալանավորների թիվը ընդհանրապես, օրենսդրական կարգավորումները պետք է փոխվեն». Ավետիք Չալաբյան

Հայաստանում առանց դատավճիռ ազատազրկվածների թիվը կազմում է ընդհանուր բանտարկյալների թվի կեսից ավելին՝ 53.3%։ Այս ցուցանիշը անհամեմատ բարձր է անգամ Արեւելյան Եվրոպայի այլ երկրների հետ համեմատությամբ։ Արեւելյան Եվրոպայի երկրներում կալանքը կիրառվում է միայն ծանր եւ առավել ծանր հանցագործությունների դեպքում, մնացյալ դեպքերում կիրառվում են այլ խափանման միջոցներ։

Որ Հայաստանում կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ պատժի, իրավապաշտպանները շատ են ահազանգել, հատկապես՝ վերջին տարիներին։ Սակայն, ուշագրավ էր օրերս այս առիթով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի պարզաբանումը։ Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանում կալանքը շարունակում լայնորեն կիրառվել որպես կանխարգելիչ միջոց, Սրբուհի Գալյանը պատասխանել էր. «Կալանքների դեպքերը հստակ նվազել են, ավելի քիչ են դեպքերը, երբ անձինք դատապարտված են։ Այս պահին տնային կալանքում գտնվող 907 անձ ունենք, 1143 վարչական հսկողության ներքո գտնվող անձ ունենք։ Չեմ կարող նշել, թե քանի անձ ունենք, որոնց նկատմամբ կիրառված է չհեռանալու, երկրից չբացակայելու արգելք։ Եվ չեմ կարող նշել թվեր, երբ անձանց նկատմամբ կիրառված է գրավ խափանման միջոցը։ Խոսքը հազարավոր, տասնյակ հազարավոր դեպքերի մասին է։ Այսինքն՝ եթե հարցադրումը տրվում է այնպես, որ այլընտրանքային խափանման միջոցները չեն աշխատում, եւ կալանքն է հաճախ կիրառվում, դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Այսօր մենք ունենք ընդամենը 1406 կալանավոր, որոնք պահվում են ՔԿՀ-ներում։ Իհարկե, այս թիվը կրկին մեծ է, եւ մենք խնդիր ունենք այս թվական տվյալի նվազեցման»։

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի գնահատմամբ, Հայաստանում նախաքննության տակ գտնվողների նկատմամբ կալանքը, որպես գերակշռող միջոց օգտագործվելու բարձր տոկոսը պայմանավորված է հիմնականում օրենքի ակնհայտ բացով, ապա՝ դատական համակարգի գործընթացների դանդաղությամբ, նախաքննության մարմինների կողմից ստալինյան գործելաոճով եւ դատական համակարգը քաղաքական իշխանության կողմից փաստացի բռնազավթելով։

Օրենքի բացերի մասով մեր զրուցակիցը մանրամասնում է՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածը տալիս է կալանքի կիրառման չափազանց տարածական սահմանում. կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար։ Դրանք են՝ խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է`

1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ

2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ

3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

Ավետիք Չալաբյանի գնահատմամբ, սա կալանքի կիրառումը դարձնում է բացարձակ հայեցողական, մանավանդ, որ նույն օրենսգրքի Հոդված 119-ը սահմանում է երկու իրավիճակ. անձին կարելի է կալանքի տակ պահել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վարույթի բնականոն ընթացքն ապահովելու համար, եւ քանի դեռ առկա են անձին կալանքի տակ պահելու հիմքերը, սակայն ամեն դեպքում այդ ժամկետը չի կարող գերազանցել սույն հոդվածով կալանքի տակ պահելու համար սահմանված առավելագույն ժամկետները:  Մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետն է.

1) չորս ամիս` ոչ մեծ ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում.

2) վեց ամիս` միջին ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում.

3) տասը ամիս` ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում.

4) տասներկու ամիս` առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում:

Դատական վարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երեք ամսից ոչ ավելի ժամկետով: Կալանքի տակ պահելու ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել մեղադրյալին վերագրվող հանցանքի համար նախատեսված` ազատազրկման ձեւով պատժի առավելագույն ժամկետը:

«Այս երկու հոդվածների համակցությունը հնարավորություն են տալիս կալանքը օգտագործել որպես արտադատական պատժի միջոց։ Եթե մենք ցանկանում ենք Հայաստանում նվազեցնել քաղբանտարկյալների թիվը, եւ կալանավորների թիվը ընդհանրապես, այս օրենսդրական կարգավորումները պետք է փոխվեն։ Մասնավորապես, պետք է դիտարկել Օրենքի 119 հոդվածի կարգավորումների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության հոդված 78-ին, որը սահմանում է Համաչափության սկզբունքը. Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը:

Նաեւ, անհրաժեշտ է որդեգրել Եվրոպական երկրների իրավակիրառ պրակտիկան, որտեղ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելի է միայն ծանր եւ առավել ծանր հանցագործությունների դեպքում։ Մենք հանձն ենք առնում այդպիսի փոփոխություններ իրականացնել»,- ասում է Ավետիք Չալաբյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Շարունակելի

«Առավոտ» օրաթերթ
06.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728