Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը վերջին շրջանում ահազանգում է, որ արցախցիների սոցիալական վիճակը գնալով վատանում է։
Նժդեհ Իսկանդարյանը տեսանյութով ցուցադրում է, թե ինչ վատ պայմաններում են ապրում արցախցիները, իսկ օրերս նաեւ հրապարակում էր արել այն մասին, որ 2023 թվականի վառելիքի պահեստի պայթյունից զոհվածների ընտանիքների կարգավիճակի չլուծված լինելն արդեն բերել է կոնկրետ ողբերգության. միայնակ մայրը` երկու անչափահաս երեխաների, հետ երկու ամիս է՝ չի կարողանում վճարել տան վարձը եւ փողոցում հայտնվելու վտանգի տակ է։
«Առավոտ»-ի հետ զրույցում Նդժեհ Իսկանդարյանն ասաց, որ արցախցիների խնդիրներն իրականում շատ-շատ են։
«Երբ տեսանք, թե ինչպիսի ծրագրեր են կառավարության կողմից մշակվում, մենք առաջին իսկ օրվանից բարձրաձայնել ենք խնդիրների մասին։ Խոսքս բնակապահովման ծրագրի մասին է, որը խնդրահարույց է հատկապես փոքր կազմով ընտանքների համար։ Հաշվի առնելով Հայաստանում գործող շուկայական արժեքները՝ պարզ էր, որ մարդիկ չէին կարողանալու բնակարաններ ձեռք բերել, ինչին էլ այսօր մենք բախվում ենք»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Արցախի պետնախարարի խոսքով՝ իրենց հետ հանդիպումներում շատ արցախցիներ տարբեր հարցեր են առաջ քաշում, ավելի վատ պայմաններում ապրող մարդիկ էլ կան, բայց արցախցիների արժանապատվությունը թույլ չի տալիս, որ իրենց բնակության պայմանները նկարահանվեն, եւ տեսանյութերը տարածվեն սոցցանցերում։
Ըստ Նդժեհ Իսկանդարյանի՝ նախ խնդիր է այն, որ մեկ հրամանագրով ստեղծվել է լուրջ խնդիր, դա այն է, որ արցախցիներին չեն համարում ՀՀ քաղաքացիներ։ Մարդիկ ստիպված անցնում են բազմաթիվ խնդիրների միջով, մինչեւ ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերում։
«Իսկ վերջին շրջանում քաղաքացիության ձեռք բերման գործընթացը դարձել է օնլայն։ Կարծում եմ՝ սա կապված է այն բանի հետ, որ արցախցիները խնդիրների բախվեն, հատկապես որ առաջիկայում ընտրություններ են լինելու։ Այս իշխանության համար ակնհայտ է, որ մեծամասնությունն իրենց օգտին չեն քվեարկելու, դրա համար ստեղծել է նման մեխանիզմ»,- ասաց նա։
Նդժեհ Իսկանդարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հնարավոր է փողոցային պայքար սկսեն։ Հարցին, թե ի՞նչ քայլեր են անելու այս ուղղությամբ, նա պատասխանեց․ «Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, բնականաբար, դա լինելու է, որովհետեւ տարբեր հանդիպումներից պարզ է դառնում, որ հանրային պահաջ կա, եւ ես ստիպված եմ գնալ այդ ճանապարհով»։
Անդրադառնալով վերադարձի հարցին՝ նա ասաց․ «Վերադարձի մասին խոսել այս իշխանությունների օրոք՝ արդեն անիմիաստ է։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջներն են այս մարդիկ ի կատար ածում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































