Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ համոզիչ է, հանեք ձեռնակապերը, ինքը մեր դեմ դեռ պետք է պայքարի»

Փետրվար 21,2026 13:30

Ի՞նչ դրսեւորումներ ունեին քաղաքական հետապնդումները Հայաստանում՝ 1980-ականների վերջի, 1990-ականների սկզբի պատմական-անցումային շրջանում, երբ ազգային-ազատագրական շարժման գաղափարները բախվեցին նախկին խորհրդային համակարգի ժառանգությանը։

Սկիզբը՝ «Առավոտի» 13.02.2026-ի համարում

1988-ի դեկտեմբերին, Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո, խորհրդային իշխանությունները կալանավորեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին։ Նրանց պահում էին Մոսկվայի Լեֆորտովոյի բանտում, մոտ մեկ տարի։ Մեղադրեցին հասարակական կարգը խախտելու եւ իշխանության դեմ գործողություններ կազմակերպելու մեջ։ Դա Հայաստանի նորագույն պատմության առաջին բացահայտ քաղաքական հետապնդումն էր՝ ազգային շարժման առաջնորդների նկատմամբ։ Նրանց ազատեցին 1989 թ. մայիսին՝ ԽՍՀՄ լայնածավալ ժողովրդավարական ալիքի՝ «պերեստրոյկայի» ազդեցությամբ։

«Տղաների հուշերից երեւում է, որ դա ձեւական գործողություն էր, բայց կալանավորեցին։ Հետաքրքրական է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբ վերադարձավ, նրա առաջին խոսքը եղավ՝ ոչ թե մինչեւ վերջ կպայքարեմ Արցախի համար, այլ՝ «մինչեւ վերջ կպայքարեմ վերակառուցման համար»։ «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցչի համար սա բավական տարօրինակ էր։ Ինչեւէ։ Այդ փուլում, քանի որ արտակարգ դրություն էր հայտարարվել, լինում էին ձերբակալություններ, բայց քաղաքական հողի վրա նոր կալանավորումներ չեղան։ Ինձ էլ պահեցին չորս ամիս եւ Մոսկվայից որոշեցին՝ արտաքսելն է ճիշտ։ Ինձ սպառնում էին, խնդրում էին, համոզում էին, որ ինքս «խնդրեմ», որ ինձ թողնեն արտասահման։ Ես էլ իրենց հետ «խաղեր էի տալիս». հարցաքննությունների չէի մասնակցում, բայց այդ թեմայով խոսակցություններին մասնակցում էի՝ ասում էի՝ բռնել եք, հիմա էլ ասում եք՝ գնամ արտասահման։ Ասում էին՝ «ուզում ենք քեզ օգտակար լինել, ուզում ենք ազատել ու դրա համար առիթ է պետք, եթե դու ասես՝ ուզում եմ գնալ՝ դա կլինի առիթ»։ Ես էլ կարճ կտրեցի՝ ասացի, եթե բռնի արտաքսեք, օդանավում ինքնասպանություն կգործեմ։ Դրա համար երբ ինձ տանում էին հատուկ օդանավով՝ ձեռնաշղթաներով էի։ Ուղեկցող գեներալին ասացի՝ օդանավից ո՞ւր պիտի փախչեմ։ Հիշեցրեց իմ այդ խոսքերը՝ ասելով, որ զգուշություն են պահպանում։ Ես էլ ծիծաղելով ասացի՝ ես ձեր դեմ դեռ պայքարելու եմ, ի՞նչ ինքնասպանություն, ասում էի, որ չարտաքսեք։ Նա էդ շարքային չեկիստներին ասաց՝ «շատ համոզիչ է, հանեք ձեռնակապերը, ինքը մեր դեմ դեռ պետք է պայքարի»։

Հայաստանում այդ ընթացքում նպատակաուղղված գործողություններ չկային, բայց քայքայիչ քայլեր կային։ Օրինակ, ԱԻՄ մխրճել մարդկանց, որ քանդեն։ Բայց ԱԻՄ-ն էլ բաց էր աշխատում։ Լուրջ քայլ կարող եմ համարել Մովսեսի (Մովսես Գորգիսյանի-Ն. Գ.) սպանությունը. տարբեր աղբյուրներով՝ դա արվել է ամենաբարձր մակարդակով։ Հասկանում էին, որ Մովսեսը համարյա լիարժեք փոխարինում էր արտաքսված ԱԻՄ-ի ղեկավարին»,- հիշում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

1990-ի սկզբների մասին պատմելու շատ բան ունի Պարույր Հայրիկյանը. «Ահավոր էր։ ՀՀ նոր իշխանությունները բոլշեւիկյան դաստիարակությամբ էին ապրում՝ նպատակն արդարացնում է միջոցները, սկզբունքով։ Դա էր պատճառը, որ այդ շրջանում շատ բռնաճնշումներ եղան. ԱԻՄ-ականների նկատմամբ տարբեր մահափորձեր, Աշոտ Աբրահամյանին մեջքից կրակեցին։ Հետո, երբ ես պարետ էի եւ զբաղված էի բնակավայրեր ստեղծելով, իմ հանդեպ էլ մահափորձ եղավ։ Բայց վերադառնանք ընդհանուր Հայաստանի վիճակին՝ անակնկալ սպանություններ՝ Համբարձում Ղանդիլյան, Մարիուս Յուզբաշյան, Համբարձում Գալստյան… մեկ անգամ Հրանտ Բագրատյանը՝ արդեն վարչապետ դառնալուց հետո, բավական պատկերավոր ասաց՝ «կրակողն էլ էին իրենք, կրակոցները վերացնողն էլ»։ Այսինքն, ինքը ներսից գնահատական տվեց»։

Պարույր Հայրիկյանը նաեւ Մարիուս Յուզբաշյանի սպանության մասին հետաքրքիր մանրամասներ ունի, բայց հիմա այդ մասին խոսելը տեղին չի համարում. «Միայն ասեմ, որ ինձ վրա մահափորձ եղավ Արտաշատի ճանապարհին, ես հրաշքով փրկվեցի երեք ավտոմեքենաների հետապնդումներից ու հաջորդ օրը Յուզբաշյանը սպանվեց։ Յուզբաշյանն ինձ զգուշացնում էր։ Սպանողները, կարծում եմ, գիտեին, որ Յուզբաշյանն ինձ զգուշացրել է… իմ մեղքով գիտեին, ես սխալ էի թույլ տվել։ Սա մի նրբերանգ. ընդհանուր ուզում եմ ասել, որ Հայաստանի իշխանությունների կազմում կային ուժեր՝ մեկը Վազգեն Սարգսյանն էր, մյուսը՝ Վանո Սիրադեղյանը, որ համարում էին, որ իրենք հանրությունից վեր են։ Ցավում եմ շատ։ Երկուսի հետ էլ շփվելու կարճ առիթներ ունեցել եմ։ Վազգենը մի ժամանակ նույնիսկ գլուխն այնքան էր կորցրել, որ հրապարակավ հայտարարեց՝ ժողովուրդը 100 տոկոսով էլ որոշում ընդուներ, մեկ է, մենք դրան չէինք ենթարկվի։ Դրանից հետո Լեւոնը նրան անմիջապես պետք է հեռացներ պաշտոնից. չհեռացրեց եւ դրանով ցույց տվեց, որ ինքն էլ նույն բոլշեւիկյան գաղափարախոսության հետեւորդ էր։ Հետո՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլը, որը տեղին չէր (խոսքը ՀՅԴ-ն փակելու մասին է-Ն. Գ). նույնիսկ որեւէ կուսակցության մեջ առկա հանցավոր խմբի պատճառով կուսակցություն չեն փակում։ Լեւոնը շատ էր զարմացել, որ երբ ՀՅԴ-ն փակեց՝ առաջինն ԱԻՄ-ը ցույց արեց։ Ճիշտ է, ընդամենը մի հարյուր հոգով, բայց բողոքի ցույց արեցինք նախագահական նստավայրի դիմաց. ինքը դա շատ ծանր էր տարել»։

1994 թ. դեկտեմբերին ՀՅԴ-ն պաշտոնապես արգելվեց, իսկ տասնյակ դաշնակցականներ ձերբակալվեցին՝ «Վանո Սիրադեղյանի գործի» եւ «Դրո» ահաբեկչական խմբավորման մեղադրանքներով։ Այս արշավը լայնորեն ընկալվեց որպես քաղաքական հաշվեհարդար, թեեւ իշխանությունները այն ներկայացնում էին որպես պայքար ահաբեկչության դեմ։ Այդ տարիներին Հայաստանը փաստացի վերադարձավ «կիսաավտորիտար» կառավարման մոդելի՝ իշխանության կենտրոնացմամբ եւ ընդդիմության սահմանափակմամբ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Շարունակելի

«Առավոտ» օրաթերթ
20.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728