Լրահոս
Դռնեդուռ
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. «Հայաստանի իշխանությունները, գտնվելով իրենց տաք կաբինետներում, ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի, հայկականության հետ կապված վախվխում են ասել ակնհայտ ճշմարտությունը»

Փետրվար 23,2026 15:21 Share

«Ակնհայտ է, որ Բաքվում այսպես կոչված «դատավարությունը» ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ էր, այլ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի, որովհետեւ երբ նայում ենք այդ դատավարության ամբողջ ընթացքը, այսպես կոչված, «հանցագործությունները» Հայաստանի Հանրապետության մասին էին՝ իբրեւ Հայաստանի Հանրապետությունը բռնազավթել է այդ տարածքը, ադրբեջանցիների դեմ հանցագործություններ է կատարել եւ այլն»,-ասաց «Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացված կեղծ դատավարությանը։

«Ակնհայտ է, որ այդ ամենը կեղծիք է եւ մենք բոլորս գիտենք այդ ամբողջ պատմությունը։ Եվ ի պատիվ այնտեղ գտնվող մեր հայրենակիցների, ինչքան էլ բոլորս հասկանում ենք, անհնար է պատկերացնել, թե արդեն երկու տարուց ավելի ինչ վիճակում են գտնվում այդ մարդիկ այնտեղ։

Դատավարության ընթացքում, վստահ եմ, չնայած բազմաթիվ ճնշումներին, այդպես էլ չեղան ցուցմունքներ Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ այդ մարդիկ բարձր պահելով իրենց պատիվը, իրենց հայ լինելը, ներկայացրեցին այն, ինչ տեղի է ունեցել՝ որ եղել է Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտում, որ արել են ամեն ինչ իրենց հայրենիքում ապրելու հետ կապված։ Եվ միջազգային հանրությունը, որ ինֆորմացիան ստանում էր ադրբեջանական աղբյուրներից, ակնհայտ տեսավ, որ այս ամենը ֆարս է եւ իրականության հետ կապ չունի։

Եվ Ռուբենը, եւ մյուսներն այդ առումով բացառիկ սկզբունքայնություն են դրսեւորում՝ ի հեճուկս իշխանությունների, որ գտնվելով իրենց տաք կաբինետներում, ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի, հայկականության հետ կապված վախվխում են ասել ակնհայտ ճշմարտությունը։ Հետեւաբար, Բաքվում տեղի ունեցածն, իհարկե, մեծ ողբերգություն է։ Եվ Ռուբեն Վարդանյանի այն խոսքը, որ դատավարության ամբողջ ընթացքում ինքը ոչինչ չէր խոսում, ցուցմունք չէր տալիս, իսկ վերջին նիստի ժամանակ նաեւ մի քանի անգամ Արցախի անունն է հնչեցրել, խոսում է այն մասին, որ Ռուբենի սկզբունքայնությունը կասկած չի հարուցում, այն նվիրումը, որ ունի Արցախին եւ Հայաստանին, շարունակվում է նույնիսկ Բաքվում գտնվելով։

Մենք ավելի վստահ ենք, որ Ռուբենի եւ մեր մյուս հայրենակիցների վերադարձը հնարավորություն է տալու՝ շարունակել իրենց նվիրումը Հայաստանին։ Հայաստանի իշխանությունները, որքան էլ ասում են, թե զբաղվում են գերիներով, զբաղվելն այլ բան է։ Ասում են՝ գերիների մասին բարձրաձայնում են։ Գերիների մասին կարող են բարձրաձայնել ընդդիմության ներկայացուցիչները, քաղաքացիները, լրագրողները։ Իշխանությունը չպետք է բարձրաձայնի։ Իշխանությունը պետք է զբաղվի։ Ակնհայտ է, որ գերիների առկայությունը միջազգային բոլոր նորմերի խախտում է եւ ոչ թե հայ-ադրբեջանական ինչ-որ հակասություն։ Իսկ Ադրբեջանը չի էլ ասում, որ ինքը գերիներ ունի։ Ադրբեջանը գերիներին դարձրեց «հանցագործ» եւ հիմա ասում է՝ այս մարդիկ գերի չեն, հանցագործություն են արել, ես էլ դատել եմ։

Մի կարեւոր խնդիր էլ։ Երբ Հայաստանի արտգործնախարարությունը այս կեղծ դատավարություններից հետո հերթական քար լռությունն է ցուցաբերում, սա խոսում է այն մասին, որ այդ լռությամբ չեն հերքում այս ամենը։ Հայաստանի իշխանության քաղաքականությունն առաջին հերթին պետք է լինի այդ կարգավիճակի ամրագրումը։ Այսինքն, Հայաստանի ԱԳՆ-ն պետք է ցույց տա, որ այս մարդիկ հանցագործություն չեն արել։

Եկեք պարզ հասկանանք։ Այս ամենը գիտենք մենք։ Միջազգային հանրությունը պարտավոր չէ մտնել դետալների մեջ, հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ ԱԳՆ-ը պետք է բոլորին հրավիրի, ասի, որ այս մարդիկ հանցագործություն չեն կատարել, վերահաստանի իրենց գերի լինելու կարգավիճակը»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728