Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ անել ու ինչ չանել ոսկորների ամրությունը պահպանելու համար

Փետրվար 25,2026 09:30 Share

73-ամյա Մարգարիտան պատմում է՝ խոհանոցում սովորականի նման գործ էի անում, երբ թեթևակի սայթաքեցի, ընկա ու ազդրոսկրի կոտրվածք ստացա․․․ Նման պատմությունները բազմաթիվ են, քանի որ ամբողջ աշխարհում կանանց գրեթե կեսը և տղամարդկանց մինչև 25 տոկոսն իր կյանքի ընթացքում ոսկրերի կոտրվածքներ է ունենում օստեոպորոզի՝ ոսկորների թուլության և փխրունության պատճառով։ Եվ եթե կանայք գոնե ինչ-որ չափով տեղեկացված են, որ դաշտանադադարի ընթացքում և դրանից հետո հնարավոր են ոսկորների ամրության հետ կապված խնդիրներ, և կարող են որոշ քայլեր ձեռնարկել դրանք նվազեցնելու ուղղությամբ, ապա տղամարդիկ մեծ մասամբ անուշադրության են մատնում ժամանակի հետ օստեոպորոզի զարգացման ռիսկերը։

Ոսկորների խտության վրա ազդող գործոնները տարբեր են․ դրանցից որոշները ամբողջովին կամ մասամբ կառավարելի չեն մարդու կողմից (սեռ, տարիք, հորմոններ), բայց և կան գործոններ, որոնք վերահսկելի են, դրանց թվում են՝

Կալցիումի անբավարարությունը․ կալցիումի՝ առողջ մեծահասակներին խորհուրդ տրվող օրական նորման 1000 մգ է, 50-ից բարձր տարիքի կանանց ու 70-ից բարձր տարիքի տղամարդկանց համար նախընտրելի օրական չափաբաժինը 1200 մգ է։ Այս հանքանյութով հարուստ են կաթն ու կաթնամթերքը, ընդեղենը, ձկնեղենը, ծովամթերքը, քունջութը, արևածաղկի, չիայի սերմերը, կանաչ տերևավոր բաջարեղենը, նարնջի հյութը, սոյան, սոյայի մթերքները, բրինձը, կանաչ ոլոռը և այլն։

Կոֆեինի ու գազավորված ըմպելիքների չարաշահումը․ թեև այս կետի հետ կապված կան հակասական տվյալներ, սակայն հայտնի է, որ մեծ քանակով օգտագործելու դեպքում այդ ըմպելիքները կարող են խոչընդոտել օրգանիզմի կողմից կալցիումի յուրացմանը։

Սպիտակուցի անբավարարությունը․ սպիտակուցները ոչ միայն անհրաժեշտ են մկանների ձևավորման ու պահպանման համար, այլ նաև կարևոր դեր են խաղում ոսկորների խտության պահպանման գործում։

Ալկոհոլի չարաշահումը․ Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ալկոհոլի ամենօրյա չարաշահումը կարող է խոչընդոտել ոսկորների վերականգնմանն ու մեծացնել կոտրվածքների վտանգը։

Նստակյաց կյանքը․ ոսկորների ամրությանը նպաստող ֆիզիկական վարժությունների բացակայությունը նույնպես բացասաբար է անդրադառնում ոսկորների որակի վրա։

Ծխելը, որը ազդում է առողջության բոլոր ասպեկտների վրա, այդ թվում մեծացնում է նաև կոտրվածքների վտանգը։

Հաճախակի դիետաներն ու սննդային սահմանափակումները կարող են խաթարել ոսկորների առողջությունը՝ զրկելով դրանք անհրաժեշտ սննդանյութերից։

Որոշ դեղամիջոցներ․ այդ թվում են այրոցի դեմ կիրառվող դեղամիջոցները՝ պրոտոնային պոմպի ինհիբիտորները, պերօրալ ընդունվող ստերոիդները, որոնք օգտագործվում են ասթմայի կամ աուտոիմունային հիվանդությունների դեպքում։

Օստեոպորոզի նախանշանները

Օստեոպորոզը սովորաբար անախտանիշ է ընթանում, և դրա մասին հաճախ տեղեկանում են միայն կոտրվածքից հետո։ Սակայն կան որոշ վիճակներ, որոնք կարող են հուշել խնդրի առկայության մասին։

  • Կոտրվածքներ թույլ հարվածների, չնչին ազդեցությունների (օրինակ՝ հազի կամ փռշտոցի) կամ թեթևակի ընկնելու հետևանքով,
  • Հասակի կորուստ, կռացած վիճակ,
  • Մեջքի ցավեր։

Օստեոպորոզի վաղ հայտնաբերման համար աշխարհում կիրառվում է դենսիտոմետրիայի սքրինինգը։ Ուլտրաձայնային դենսիտոմետրիայի դեպքում ոսկրի խտությունը որոշվում է ուլտրաձայնային ճառագայթների օգնությամբ։ Այս սքրինինգը թույլ է տալիս հատկապես դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ կանխարգելել ողնաշարի, հոդերի խնդիրները։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Harvard Medical School

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728