Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գնահատմամբ, Հայաստանի ընդդիմադիր դաշտում առաջ է եկել մի ուժ, որը ձեւավորվում է «ռուսաստանցի գործարարի» կողմից (նկատի ունի Սամվել Կարապետյանին-Ն․ Գ) կողմից․ այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
«Ռոբերտ Քոչարյանի ուժը շատ դժվար տվայտանքների մեջ է, որովհետեւ շատ մեծ է ռիսկը, որ ըստ այդ հարցումների՝ մնա նշաձողի տակ եւ չկարողանա անցնել խորհրդարան»,- ասաց նա։
Անդրադառնալով ՀՀԿ-ի՝ փողոցային պայքար սկսելու կոչերին էլ, ասաց․ «Օրինակ, Հանրապետականը, որը հայտարարում է, որ սկսում է փողոցային պայքար, ինչո՞ւ է դա հայտարարում, որովհետեւ շատ լավ գիտի, որ մասնակցի, հազիվ մեկ տոկոս էլ չհավաքի։ Վերջնականապես չխայտառակվելու համար որոշում են գնալ փողոցային պայքարի»։
Իր փոխանցմամբ՝ իշխող ՔՊ-ի վարկանիշն անհամեմատ ավելի բարձր է, քան հաջորդող ընդդիմադիր ուժերի վարկանիշը միասին։ Այս համոզմունքի հիմքում հարցումներն են, որոնք առաջիկայում կհրապարակվեն։
Կարդացեք նաև
Իսկ ՔՊ-ի՝ ժամանակից շուտ սկսած քարոզարշավին վերաբերող հարցերին, Հայկ Կոնջորյանը պատասխանեց՝ ասելով, որ իրենք Հայաստանի տարբեր մարզեր այցելում են՝ կուսակցական ներքին նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով։ Հայկ Կոնջորյանն ասաց, որ այդ այցերն անհրաժեշտ են իրենց՝ կուսակցության համամասնական ցուցակի ձեւավորման համար, որը գլխավորելու է երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ընդ որում, մենք նաեւ քաղաքացիների հետ շփմամբ ենք համադրում մեր այցերը։ Կարծում եմ, որ այդ քննադատությունը տեղին չէ միայն այն պատճառով, օրինակ՝ վարչապետը շատ հաճախ լինում է մարզերում, շփվում է քաղաքացիների հետ։ Բացի այդ, մենք որպես խմբակցություն տարբեր այցեր ենք ունենում մարզեր, գործադիրի ներկայացուցիչներն են տարբեր այցեր ունենում ու դրանք բոլորը հրապարակային են: Եթե մենք կամ վարչապետը հինգ տարի չգնայինք մարզեր, գուցե քննադատությունները տրամաբանություն կունենային, բայց այդ քննադատությունները որեւէ հիմք իրենց ներքո չունեն, որովհետեւ դա մեզ համար աշխատաոճ է»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































