Լոգոպեդ Մարիամ Պետրոսյանը, որը 10 տարուց ավելի աշխատել է Հայաստանում, այժմ Իսպանիայի առաջատար համալսարաններից մեկում ստանում է մագիստրոսական աստիճան՝ պատրաստվելով գիտական աշխատանքի պաշտպանությանը, և իր գործունեությունը ծավալում է նաև առցանց (ինչը նոր ուղղություն է լոգոպեդիայում)՝ աջակցելով խոսքի խնդիր ունեցող երեխաների ընտանիքներին իրենց իսկ երեխաների առաջին օգնող օղակը դառնալու հարցում։
Հաշվի առնելով հատկապես երիտասարդ ծնողների հետաքրքրվածությունը՝ Մարիամ Պետրոսյանի հետ զրույցում քննարկել ենք երեխայի խոսքի զարգացման առանձնահատկությունները, ինչպես նաև խոսքային խանգարումների կանխարգելման հնարավորությունները (առաջին մասը կարդացեք այստեղ)։
Խոսքային խնդիրները, սովորաբար, ինչպիսի՞ դրսևորումներ են ունենում։ Ինչպե՞ս նկատել խոսքի զարգացման խանգարումները՝ հնարավորինս վաղ, և ի՞նչ անել այդ խանգարումները հարթելու համար։
Խոսքի զարգացման խանգարումները երբեմն ակնառու են լինում ավելի փոքր տարիքից․ վերևում նշված խոսքի զարգացման առաջնային փուլերի բացակայության կամ թերի զարգացման դեպքում շատ ցանկալի է, որ ծնողն այդ ուղղությամբ օգնի երեխային, շատ խոսի նրա հետ, գուրգուրի նրան, կարողանա երեխայի հետ կոնտակտ ստեղծել, որպեսզի երեխան արձագանքի իր խոսքին։ Նշեմ, որ առավելապես կարևոր է երեխայի և մոր հուզական կապը, քանի որ 0-3 տարեկան երեխայի առաջատար գործունեությունը հուզական կապն է մոր, ծնողների հետ։
Եթե երեխան 1,8-2 տարեկանին մոտ է և չունի որևէ բառի արտասանություն, չի ընկալում խոսքը, անունին չի արձագանքում, պարզ կենցաղային հրահանգները չի հասկանում, դա արդեն անհանգստանալու առիթ է և պետք է դիմել տեղամասային պոլիկլինիկա, ստանալ մանկաբույժից ուղեգիր և դիմել տվյալ պոլիկլինիկային սպասարկող լոգոպեդական ծառայության։
Կարդացեք նաև
Եթե երեխան ունի խոսք, բայց խոսքը հասկանալի չէ, կամ հասկանալի է միայն ընտանիքի անդամներին, ապա սա ևս խոսքի զարգացման խանգարում է, և այդ ժամանակ ևս միջամտության անհրաժեշտություն կա։
5 տարեկանին մոտ եթե երեխան սխալ է արտասանում որոշակի հնչյուններ, ապա այդ դեպքում ևս երեխային պետք է օգնել։ Շատ կարևոր է, որ 6 տարեկանում երեխան դպրոց գնա արդեն բոլոր հնչյունները ճիշտ և լիարժեք արտասանելով, որովհետև գրավոր խոսքի ուսուցման փուլերում, երբ երեխան չի կարողանում այս կամ այն հնչյունը ճիշտ արտասանել, շատ հաճախ նա այդպես էլ գրում է և ստացվում է՝ բանավոր խոսքի խանգարումը արտացոլվում է գրավոր խոսքում, և երեխայի խնդիրները կարծես կրկնապատկվում են։ Դրա համար շատ կարևոր է մինչև դպրոց գնալն օգնել երեխային, որ նա կարողանա ճիշտ արտասանել և տարբերակել բոլոր հնչյունները։
4 տարեկանում խոսքի խնդիր է համարվում, եթե երեխան դժվարանում է իր տեսածը, լսածը պատմել, խոսքը կազմակերպված չէ, կան շարահյուսական ու քերականական կոպիտ սխալներ․ այդ դեպքում ևս պետք է երեխային օգնել։
Խոսքային զարգացման խանգարումների կանխարգելման համար ի՞նչ կարող են անել ծնողները։
Խոսքային խանգարումների կանխարգելման համար շատ կարևոր է երեխայի շփումը ծնողների ու հասակակիցների հետ՝ ծնված պահից սկսած, գուրգուրանքը, շոյանքը, երեխայի հետ կոնտակտ հաստատելը, տարրական շփման հմտություններն ուսուցանելն ու օրինակ ծառայելը։ Երեխայի հետ անհրաժեշտ է շատ խաղալ, խոսել, բայց մի կարևոր բան եմ ուզում շեշտել, որ ոչ թե մեկնաբանել ամեն ինչ՝ ռադիոյի էֆեկտով, այլ բնական, կենդանի խոսք ապահովել նրա համար, ավելի շատ խոսքում գերակշռի երկխոսությունը, միասին զրուցելը, քննարկելը։
Երեխաներին հեռու պահել էկրաններից, քանի որ էկրաններից երեխաները լսում են «անկենդան» խոսք, որը երկխոսություն չէ, և երեխան լսում է միայն այլ անհատի խոսքը և երկխոսության մեջ չի մտնում նրա հետ։ Իսկ երկխոսության մեջ մտնելը շատ կարևոր է երեխայի խոսքի և ընդհանուր զարգացման համար։
Երեխաների համար կարևոր նշանակություն ունեն ժեստերը, և երբ երեխան ունի սակավ բառապաշար, շատ հաճախ օգտվում է ժեստերից՝ ձեռքով կանչում է, գլխով այո կամ ոչ է ասում, ուզում է ինչ-որ բան, իր դեմքի միմիկայով, ժեստերով փորձում է արտահայտել իր հույզերն ու ցանկությունները, և շատ կարևոր է, որ ծնողն ուշադիր լինի, դրանք ևս նկատի և համապատասխան արձագանք տա։
Խոսքի զարգացմանը նպաստելու համար պետք է փորձել առավելագույնս ապահովել երեխայի շփումն իր հասակակիցների հետ, որովհետև երեխաները մեկը մյուսից շատ ավելի հեշտ են ընդօրինակում, խաղի միջոցով երկխոսություն են կառուցում։ Երեխային այս ընթացքում ակադեմիական գիտելիքներ սովորելու կարիք չունի, ինչպես անում են զարգացման շատ կենտրոններում, այլ հենց իր հասակակիցների հետ շփման, հաղորդակցման, խաղալու, շարժվելու կարիք ունի։ Եթե այս ամենն ապահովենք, շատ հավանական է, որ երեխայի խոսքը չի տուժի։
Մի կարևոր հանգամանք ևս կուզեմ ընդգծել՝ երկլեզվության առկայությունը։ Երկլեզվությունն ինքնին շատ կարևոր է երեխաների մտածողության, ուշադրության տեղափոխելիության համար, և ինքս կիրառում եմ երկլեզվությունն իմ երեխաների դեպքում։ Բայց եթե երեխան դժվարանում է հաղորդակցվել, կոնտակտի գնալ, չունի կենցաղային խոսքի տարրական ընկալում, օրինակ՝ «ձեռքդ տուր», «ո՞ւր է պապան», «գդալը տուր» և այլն, ցանկալի չէ ներմուծել երկրորդ լեզուն։ Հատկապես էլ ավելի բացասաբար է ազդում երեխայի վրա, երբ երեխան երկրորդ լեզուն սովորում է թվային տեխնիկայից՝ էկրաններից՝ լսելով անկենդան խոսք։ Սակայն եթե երեխան հասկանում է առօրյա կենցաղային խոսքը 1-1,5 տարեկանում, ունի բառեր, ունի շփման և հաղորդակցման հմտություններ, հանգիստ կարելի է ներմուծել երկրորդ լեզուն։
Եվ որպես վերջաբան, կխնդրեմ ծնողներին ուշադիր լինել երեխաների խոսքի զարգացման յուրաքանչյուր փուլին, քանի որ եթե առկա է որևէ խնդիր, վաղ փուլում հայտնաբերելու դեպքում շտկելն ավելի հեշտ է ու արագ։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ



















































