Լրահոս
Օրվա լրահոսը

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԵԱ. Արման Հարությունյանն ու Դավիթ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Մարտ 11,2026 12:05 Share

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամներ 57 կգ քաշային Արման Հարությունյանն ու 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալներ են նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում:

19-ամյա Արման Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Այանդար Օնդարին։ Վերջինս հասել է եզրափակիչ, ինչի արդյունքում հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել, որտեղ 16։5 հաշվով հաղթել է ուկրաինացի Միկոլա Բրատովին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը 10։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Բելառուսի ներկայացուցիչ Արտյոմ Պավլյուչենկայի նկատմամբ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5։3 հաշվով առավելության է հասել գերմանացի Մարսել Վագինի նկատմամբ։ Մեկնարկում Մարգարյանը ժամանակից շուտ զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Ելթեմիրովին, իսկ սփոփիչ գոտեմարտում 11։4 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցիչ Դանիելե Ջուբիոտիի նկատմամբ։

65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը ևս պայքարել է բրոնզե մեդալի համար, սակայն գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ զիջել է մրցակցին՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Մուսա Աղաևին։ Գոտեմարտն ավարտվել է 4:6 հաշվով: Մուսիկյանը մեկնարկում տուշեով հաղթանակի էր հասել հունգարացի Զոլտան Միժեիի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը ժամանակից շուտ հաղթել էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Սանդրո Հունգերբյուլերին, իսկ կիսաեզրափակչում 6։9 հաշվով զիջել է Բելառուսի ներկայացուցիչ Մագոմեդխան Մագամեդխանովին։

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը դուրս է եկել Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության եզրափակիչ: Մեկնարկում Միքայելյանը առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Վասիլյե Մարկուի (4։1) և բուլղարացի Էրդալ Գալիպի (1։1) նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Տոլգա Օզբեկին: Եզրափակչում Միքայելյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալլահվերդիևը:

Բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստանալու համար այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն նաև 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը և
125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը:

Հունահռոմեական և ազատ ոճերի հավաքականների գլխավոր մարզիչներ Արմեն Բաբալարյանն ու Հաբեթնակ Կուրղինյանն ավելի վաղ հրապարակել են մրցավայր մեկնող մարզիկների անունները։ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մարտի 9-15-ը:

Ազատ ոճ

57 կգ Արման Հարությունյան, 61 կգ Լևիկ Միքայելյան, 65 կգ Արման Մուսիկյան, 70 կգ Դավիթ Մարգարյան, 74 կգ Գրիգոր Չոլակյան, 79 կգ Հայկ Պապիկյան, 86 կգ Ռազմիկ Եփրեմյան, 92 կգ Կնյազ Իբոյան, 97 կգ Գուրգեն Սիմոնյան, 125 կգ Խաչատուր Խաչատրյան:

Հունահռոմեական ոճ

55 կգ Մանվել Խաչատրյան, 60 կգ Սուրեն Աղաջանյան, 63 կգ Արմեն Սուքիասյան, 67 կգ Յուրիկ Հովեյան, 72 կգ Աշոտ Խաչատրյան, 77 կգ Սամվել Տերտերյան, 82 կգ Մարտիկ Պետրոսյան, 87 կգ Վիգեն Նազարյան, 97 կգ Ռուբեն Գևորգյան, 130 կգ Արամայիս Հարությունյան:

Հունահռոմեականները պայքարը կսկսեն մարտի 13-ին:

Եվրոպայի առաջնության ժամանակ, որպես մրցավար, աշխատում է նաև Ալբերտ Վարդանյանը:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031