Լրահոս
Արևային մարդիկ
Օրվա լրահոսը

«Անշնորհակալ» դաշնակիցները, Մակրոնի «սառը ցնցուղը», նեղված Թրամփը

Մարտ 20,2026 12:00 Share

«Լարիջանիի մահը չի ազդի Իրանում իշխանության կայունության վրա»

Իրանի դեմ պատերազմի 18-րդ օրը Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնեց, որ իսրայելական հարվածներից սպանվել են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին եւ «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին։ Մի քանի ժամ շարունակված լռությունից հետո Թեհրանը պաշտոնապես հաստատեց, որ Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության ղեկավար, երկրի փաստացի առաջնորդ Ալի Լարիջանին սպանվել է։ Լարիջանին ներգրավված էր դիվանագիտական-բանակցային գործընթացում։ Վերջին ամիսներին նա պարբերաբար այցելում էր Օման եւ Կատար, որտեղ Իրանն անուղղակի բանակցություններ էր վարում ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ։

Այսպիսով, Լարիջանին Իսրայելի ու ԱՄՆ-ի հարվածներից սպանված երկրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է՝ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիից հետո։ Պրագմատիկ եւ չափավոր տոնով հայտնի Լարիջանին այաթոլլա Ալի Խամենեիի մերձավորներից մեկն էր համարվում եւ մեծ ազդեցություն ուներ բանակում, լրատվամիջոցներում եւ օրենսդիր մարմնում՝ տասնամյակների փորձառության շնորհիվ։ Անցյալ տարի՝ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ Իրանի 12-օրյա պատերազմից հետո, նա նշանակվեց Ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավար՝ պաշտոն, որը զբաղեցրել էր դրանից գրեթե երկու տասնամյակ առաջ՝ համակարգելով Իրանի պաշտպանական ռազմավարությունը եւ վերահսկելով միջուկային քաղաքականությունը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ վերջին շրջանում երկիրը ղեկավարում էր հենց Լարիջանին։

Ալի Լարիջանիի մահը չի ազդի Իրանում իշխանության կայունության վրա։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը դեռեւս չեն գիտակցել, որ Իսլամական Հանրապետությունն ունի ուժեղ քաղաքական կառուցվածք, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ու հավելել. «Եթե ԱԳ նախարարը ինչ-որ ժամանակ նահատակվի, ի վերջո, մեկ այլ անձ կա, որ կգա եւ կստանձնի պաշտոնը»։

Իրանի արտգործնախարարը նաեւ հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում պատերազմի հետեւանքները կզգացվեն ամբողջ աշխարհում, հետեւաբար միջազգային հանրության ավելի շատ ներկայացուցիչներ պետք է դեմ արտահայտվեն հակամարտությանը։ «Համաշխարհային հետեւանքների ալիքը նոր է սկսվել եւ կհասնի բոլորին՝ անկախ հարստությունից, հավատքից կամ ռասայից»,- X-ում գրել է Արաղչին՝ գրառմանը կցելով ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի՝ պատերազմի պատճառով արված հրաժարականի հայտարարության պատճենը։ «Միջազգային հանրության ավելի շատ անդամներ պետք է հետեւեն այդ օրինակին»,- հավելել է նա։

«Ռեժիմի առաջնորդները սպանվում են, իսկ նրանց կարողությունները՝ ոչնչացվում», – սոցցանցում գրել է Իսրայել Կացը՝ խոստանալով շարունակել թե՛ հարվածները, թե՛ Իրանի առաջնորդներին սպանելը։ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարն էլ նկատել է, թե «իրանցիներն ավելի անվտանգ են» առանց այս երկու պաշտոնյաների։

Իրանին զուգահեռ, Լիբանանում Իսրայելը շարունակել է ցամաքային գործողությունն ու ավիահարվածները Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Բեյրութում։ Իրանը, իր հերթին, հարվածել է Իսրայելին՝ թիրախավորելով նաեւ կիբեռտեխնոլոգիական կենտրոններ ու զենքի արտադրության օբյեկտներ։ Իրանի զինված ուժերի միասնական մարտական հրամանատարության շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է, որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը լրջորեն վնասված է եւ փլուզման եզրին է։ Նա դիմել է ԱՄՆ նախագահ Թրամփին. «Պատերազմի արդյունքը չի կարող որոշվել թվիթերյան գրառումներով։ Այն որոշվում է ռազմի դաշտում, այն վայրում, որին դուք եւ ձեր ուժերը չեք համարձակվում մոտենալ… Ավելի լավ է այս պատերազմն անվանել «Էպիկական վախ», ոչ թե «Էպիկական ցասում»»։ Իրանը նաեւ հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը, Արաբական Միացյալ Էմիրությունների տրանսպորտային եւ նավթային ենթակառուցվածքներին, նաեւ Կատարին եւ Քուվեյթին։

Պատերազմը, ըստ Թրամփի, երկար չի տեւի

ԱՄՆ-ի նախագահը Իրանի դեմ պատերազմի տեւողության արդեն մի քանի ժամկետներ է նշել։ Օրերս նա նշեց, թե Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմը երկար չի տեւի։ Միեւնույն ժամանակ, հարցին, թե արդյոք պատերազմը կարող է ավարտվել այս շաբաթ, պատասխանել էր. «Ես այդպես չեմ կարծում»։

Ի դեպ, ԱՄՆ նախագահը մտադիր է հետաձգել մարտի վերջին նախատեսված այցը Չինաստան՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով։ Նա Սպիտակ տանը լրագրողներին ասել է՝ կարեւոր է, որ ինքը հասանելի մնա՝ պատերազմի ընթացքը վերահսկելու համար։ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը նախատեսված էր մարտի 31-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում։

Հայտնի է, որ վերջին օրերին ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչները Փարիզում բանակցություններ էին վարել ներդրումների, սակագների եւ տնտեսական պատժամիջոցների շուրջ։ Որոշ հարցերի դեպքում նրանք համաձայնության են եկել, հայտնել էր Չինաստանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Լի Չենգանը։

Փետրվարի սկզբին ԱՄՆ-ի եւ Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Սի Ծինփինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը, Իրանի շուրջ իրավիճակը, Truth Social-ի իր էջում գրել էր Թրամփը։ «Դա երկար եւ մանրակրկիտ զրույց էր, որի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ կարեւոր թեմաներ, այդ թվում՝ առեւտուրը, ռազմական հարցերը, Թայվանը, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը, Իրանի հետ կապված ներկայիս իրավիճակը, Չինաստանի կողմից Միացյալ Նահանգներից նավթի եւ գազի գնումը», – նշել է ԱՄՆ նախագահը։

Այնուհետեւ, փետրվարի կեսերին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ, Վաշինգտոնը եւ Պեկինը փորձել են մեղմել լարվածությունը առեւտրային եւ մաքսատուրքերի հարցերի, ինչպես նաեւ Թայվանի ապագայի շուրջ։

Չինաստանը մերձավորարեւելյան ճգնաժամում ակտիվ շփումների մեջ է։ Օրերս Անկարայում Չինաստանի դեսպան Ցզյանգ Շյուեբինը հարցազրույց է տվել թուրքական «Millet» լրատվականին՝ անդրադառնալով Իրանի եւ ԱՄՆ-Իսրայել դաշինքի միջեւ լարվածությանը։ Նա նշել է, որ Չինաստանն այս պատերազմի կողմ չէ, եւ Թուրքիայի հետ դիվանագիտական ջանքեր են գործադրվում համաշխարհային պատերազմը կանխելու համար։ «Մենք փորձում ենք Թուրքիայի հետ միասին կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը։ Չինաստանը պատերազմի կողմ չէ։ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի իրանական ռեժիմը տապալելու իր սադրանքներից»,- նշել է Անկարայում Չինաստանի դեսպանը։ Անդրադառնալով Իրանի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումներին՝ դեսպանը նշել է, որ բանակցությունների ընթացքում իրականացվող ռազմական գործողություններն անընդունելի են։ Ըստ նրա՝ ինքնիշխան երկրի առաջնորդին թիրախավորելը եւ ռեժիմի փոփոխությանը խթանելը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, եւ Իրանի եւ Պարսից ծոցի երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։

Հորմուզի նեղուցն ու ԱՄՆ-ի դաշնակիցների «նվիրվածության» թեման

Հորմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը, դեռ փակ է, նավթի գինն էլ անցնում է 100 դոլարը մեկ բարելի դիմաց։ Իրաքը հայտարարել է, որ համաձայնության են եկել, որ Իրանը թույլատրի նեղուցով իր նավթատար նավերի անցումը։ ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ եթե պատերազմը շարունակվի մինչեւ հունիս, աշխարհում 45 միլիոն մարդ կարող է սովի մատնվել։

Հորմուզում ստեղծված իրավիճակի համար Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ին եւ Իսրայելին է մեղադրել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում Աբբաս Արաղչին ասել է՝ միջազգային հանրությունը պետք է դատապարտի նրանց գործողությունները եւ պահանջի դադարեցնել Իրանի դեմ ռազմական ագրեսիան։

ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունները հանգեցրել են ճգնաժամային իրավիճակի Հորմուզի նեղուցում նավագնացության հարցում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ «Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը չի կարելի դիտարկել առանց տարածաշրջանի ընդհանուր իրավիճակը հաշվի առնելու, քանի որ Հորմուզի նեղուցում նավագնացության խաթարումը դարձավ ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի սանձազերծած պատերազմի հետեւանքը։ Յուրաքանչյուր երկիր կամ միջազգային կազմակերպություն, որը մտահոգված է խաղաղությամբ եւ անվտանգությամբ, պետք է պատասխանատվությամբ եւ անզիջում կերպով դատապարտի այս երկու ռեժիմների հանցագործությունները եւ պահանջի դադարեցնել նրանց ռազմական ագրեսիան իրանական ժողովրդի դեմ»,- նշել է Արաղչին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը «այլեւս դաշնակիցների կարիք չունեն» Իրանի դեմ պատերազմում։ «ՆԱՏՕ-ի «դաշնակիցների» մեծ մասը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ նրանք չեն ցանկանում ներգրավվել Մերձավոր Արեւելքում Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր ռազմական գործողությանը», – գրել է Թրամփը իր Truth Social կայքում՝ հավելելով. «Քանի որ մենք ռազմական հաջողություններ ունենք, մենք այլեւս ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը չունենք, ոչ էլ ցանկանում ենք։ Մենք երբեք դրա կարիքը չենք զգացել։ Նույնը վերաբերում է նաեւ Ճապոնիային, Ավստրալիային կամ Հարավային Կորեային։ Իրականում, որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ աշխարհի ամենաազդեցիկ երկրի՝ նախագահ, ես հայտարարում եմ. «մեզ ոչ մեկից օգնություն պետք չէ»։

Նկատենք, որ Սպիտակ տան ղեկավարը վերջին օրերին դժգոհում էր, թե համաշխարհային տերությունները հրաժարվում են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ նավթային տանկերներին ուղեկցելու համար։ Այսօր նա պնդել է, թե զարմացած չէ. «ՆԱՏՕ-ն, որտեղ մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում, միշտ է եղել միակողմանի փողոց՝ մենք նրանց պաշտպանում ենք, բայց նրանք մեզ համար ոչինչ չեն անում, հատկապես, երբ մենք կարիքի մեջ ենք»։

Օրեր առաջ Թրամփն ասել էր, որ դաշնակիցների մի մասը շատ ոգեւորված են աջակցելու հարցում, մինչդեռ մյուսները, որոնց, ըստ նրա, ԱՄՆ-ն տարիներով օգնել է, այդքան էլ չէ։ «Նրանք պետք է ներգրավվեն ոգեւորությամբ։ Տարիներ շարունակ մենք պաշտպանել ենք այս երկրներին ՆԱՏՕ-ի հետ, քանի որ ՆԱՏՕ-ն մենք ենք։ Կարող եք հարցնել Պուտինին։ Նա վախենում է ԱՄՆ-ից։ Եվրոպայից ընդհանրապես չի վախենում»,- ասել էր ԱՄՆ-ի նախագահը։

Այսպես, ռազմական այս գործողությունների ֆոնին ԱՄՆ նախագահն արեւմտյան դաշնակիցներին մեղադրեց անշնորհակալ լինելու մեջ, երբ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ մերժեցին նրա պահանջը՝ ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ ուղեկցելու նավթատարներին, որոնք հարձակման են ենթարկվում Իրանի կողմից։

Ճաքեր ամերիկյան վարչակազմո՞ւմ

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը՝ Ջոզեֆ Քենթը, հրաժարական է տվել՝ Իրանի դեմ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմի ֆոնին՝ պնդելով, թե Իսրայելն է Նահանգներին ներքաշել հակամարտության մեջ։

«Ես չեմ կարող մաքուր խղճով աջակցել Իրանում շարունակվող պատերազմին», – գրել է Քենթն օրերս սոցիալական ցանցերում հրապարակված իր հրաժարականի նամակում՝ հավելելով՝ «Իրանը մեր ազգի համար անմիջական սպառնալիք չէր, եւ պարզ է, որ մենք այս պատերազմը սկսեցինք Իսրայելի եւ նրա հզոր ամերիկյան լոբբիի ճնշման պատճառով»։

«Նա շատ թույլ էր անվտանգության հարցում», եւ «լավ է», որ հրաժարական տվեց, ժամեր անց հակադարձել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես միշտ մտածել եմ, որ նա շատ թույլ էր անվտանգության ոլորտում», – Օվալաձեւ աշխատասենյակում լրագրողներին ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով՝ ուրախ է եղել տեսնել Քենթի հրաժարականի հայտարարությունը։

Քենթը ծառայել է բանակի հատուկ նշանակության զորքերում՝ 20-ամյա կարիերայի ընթացքում մասնակցելով 11 մարտական գործողությունների, իսկ ավելի ուշ աշխատել է ԿՀՎ-ում։ Նրա կինը՝ Շենոնը, սպանվել է 2019-ին մահապարտի ռումբի պայթյունից՝ Սիրիայում ԱՄՆ զինված ուժերի հետ ծառայելիս։

Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին

«Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին։ Մենք հակամարտության կողմ չենք, ուստի Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման կամ ազատման գործողություններին ներկայիս համատեքստում»,- այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցմանը, բայց միայն այն դեպքում, երբ իրավիճակը «կհանդարտվի», միեւնույն ժամանակ նկատել է Մակրոնը՝ հավելելով. «այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ, երբ իրավիճակը հանդարտվի… մենք պատրաստ ենք մյուս երկրների հետ միասին պատասխանատվություն կրել նավերի ուղեկցման համար»։

Հիշեցնենք, որ մարտի սկզբին Մակրոնը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ «Ես ընդգծեցի Իրանի կողմից տարածաշրջանի երկրների դեմ ուղղված հարվածները անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։ Իրանը պետք է նաեւ երաշխավորի նավարկության ազատությունը՝ վերջ դնելով Հորմուզի նեղուցի փաստացի փակմանը։ Վերջապես, ես վերահաստատեցի մեր խորը մտահոգությունը Իրանի միջուկային եւ բալիստիկ ծրագրերի զարգացման եւ տարածաշրջանում նրա ապակայունացնող գործունեության ամբողջ շրջանակի վերաբերյալ, որոնք ներկայիս ճգնաժամի պատճառն են։ Դիվանագիտական լուծումն ավելի քան անհրաժեշտ է այս կարեւորագույն մարտահրավերները լուծելու, սրմանը վերջ դնելու եւ խաղաղությունը պահպանելու համար։ Մենք համաձայնեցինք կապի մեջ մնալ»,- գրել էր նա։

Հետաքրքրական էր Թրամփի արձագանքը նույն օրը, երբ Մակրոնը հայտարարեց, թե՝ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին։ «Մակրոնը շուտով կարող է կորցնել իր պաշտոնը»,- ասել է Թրամփը։

Հորմուզի նեղուցը բաց պահելու համար պետք է դիվանագիտական ուղիներ գտնել, իր հերթին նշել է Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասը։ Ըստ նրա՝ կարող է կիրառվել նույն մոդելը, ինչ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Սեւ ծովով հացահատիկի արտահանման համար։ «Եթե հիշում եք, Սեւ ծովում եւս հրթիռներ էին թռչում, ծանր մարտեր էին ընթանում։ Սակայն ՄԱԿ-ը կարողացավ բանակցել Սեւ ծովի շրջակա բոլոր երկրների հետ՝ հացահատիկը ծովով դուրս բերելու համար, որպեսզի Աֆրիկայում սով չլինի։ Այսպիսի մոդել կարող է կիրառվել նաեւ Հորմուզի նեղուցի դեպքում»,- նշել է Կալլասը։ Միեւնույն ժամանակ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանում գործող երկու եւ Իրանում գործող մեկ ընկերությունների նկատմամբ՝ ԵՄ անդամ պետությունների դեմ իրականացված կիբերհարձակումների պատճառով։ Պատժամիջոցների ցուցակում են ընդգրկվել Չինաստանում հիմնված Integrity Technology Group եւ Anxun Information Technology ընկերությունները, ինչպես նաեւ Իրանի Emennet Pasargad ընկերությունը։

ԱՄՆ-ն թուլացնում է Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցները

Պարսից ծոցում նավերի եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները եւ Հորմուզի նեղուցով կենսական ուղու փաստացի փակումը ցնցել են համաշխարհային էներգետիկ շուկաները։ Այս ֆոնին, անցյալ շաբաթ ԱՄՆ-ն մեկ ամսով մեղմեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Նախագահ Թրամփը թույլ է տվել գնել պատժամիջոցների տակ հայտնված ռուսական նավթն ու նավթամթերքը՝ Իրանի հետ ամերիկա-իսրայելական պատերազմի տնտեսական հետեւանքները մեղմելու համար։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ասել է, որ դա ժամանակավոր միջոց է՝ թույլտվությունը կգործի մինչեւ ապրիլի 11-ը։ «Այս կարճաժամկետ միջոցը կիրառվում է միայն նավթի նկատմամբ, որն արդեն ճանապարհին է եւ էական ֆինանսական օգուտ չի բերի Ռուսաստանի կառավարությանը»,- ասել է Բեսենթը։

ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների վերացումը կտարածվի տարանցման մեջ գտնվող ռուսական նավթի շուրջ 100 մլն բարելի վրա, նշել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը։ Նա շեշտել է, որ աճող էներգետիկ ճգնաժամի ֆոնին ռուսական էներգակիրների նկատմամբ սահմանափակումների հետագա մեղմացումն ավելի անխուսափելի է թվում՝ «չնայած բրյուսելյան բյուրոկրատիայի մի մասի դիմադրությանը»։

«Եվրոպան մոտենում է այն կետին, երբ անհրաժեշտ կլինի բացել ՌԴ-ի հետ քաղաքական երկխոսության ուղիները». Ֆինլանդիայի նախագահ

Եվրոպան մոտենում է այն կետին, երբ անհրաժեշտ կլինի բացել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության ուղիներ, օրերս հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Նա կարծում է, որ դա պետք է արվի համակարգված ձեւով, այլ ոչ թե առանձին, ինչպես անում են Հունգարիայի եւ Սլովակիայի առաջնորդները։

Նկատենք, որ ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ որոշում էր կայացվել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ ուղիղ հաղորդակցության ուղիներ ստեղծելու մասին։ Իսկ դեռեւս փետրվարի սկզբներին Մակրոնի բանագնացը Մոսկվայում ռուս պաշտոնյաների հետ էր հանդիպել՝ Ուկրաինայում խաղաղության բանակցությունների համար։ Տեղեկությունը, ըստ France 24-ի, հայտնել էին հանդիպմանը ծանոթ դիվանագիտական աղբյուրները։ Էմանուել Բոնը, որը 2019-ից ղեկավարում է Մակրոնի վարչակազմի դիվանագիտական բաժինը, հանդիպել էր Կրեմլի պաշտոնյաների հետ։ Մանրամասներ չէին հայտնել, բացի այն, որ բանակցությունների նպատակն էր՝ երկխոսությունը հիմնական հարցերի, գլխավորը՝ Ուկրաինայում պատերազմի շուրջ։

Թրամփը կարո՞ղ է արագ հաղթանակ տանել Իրանում

Մարտի 9-ին Ֆլորիդայի իր գոլֆ ակումբում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել էր, թե՝ «պատերազմը շուտով կավարտվի», հստակ ժամանակացույց, սակայն, չէր ներկայացրել։ Սակայն Թրամփի լավատեսության ֆոնին Վաշինգտոնում բանավեճ է սկսվել հակամարտության նպատակների, ինչպես նաեւ ծախսերի եւ հնարավոր զարգացումների շուրջ։ Ալեքսանդր Գրեյը, որը Թրամփի առաջին վարչակազմի օրոք աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ նախագահը կարծես մարտահրավեր է նետում ռազմական միջամտության վերաբերյալ պատկերացումների այն շրջանակին, որը ձեւավորվել էր ԱՄՆ-ում 2003–2011 թթ. Իրաքյան պատերազմից ի վեր։ Ըստ Գրեյի՝ ամերիկացի քաղաքական գործիչները հաճախ իրենց ընտրությունը երկու հանգամանքով են պայմանավորել. կա՛մ իրականացնել ցամաքային ուժերի լայնածավալ տեղակայում՝ երկարաժամկետ պետականաշինական ջանքերի հետ մեկտեղ, կա՛մ ընդհանրապես խուսափել ռազմական գործողություններից։ «Միացյալ Նահանգները կարող է իրականացնել սահմանափակ տեւողությամբ թիրախային, վիրահատական հարվածներ՝ հասնելով ազգային նպատակների»,- ասել է Գրեյը։ Նա հավելել է, որ, եթե նման մոտեցումը հաջողվի Իրանում, դա կարող է «հսկայական աշխարհաքաղաքական վերելք» բերել ԱՄՆ-ին եւ նրա գործընկերներին։

Մինչդեռ, այլ վերլուծաբաններ ավելի թերահավատ են վարչակազմի ուղերձների նկատմամբ։ Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Փոլ Փոաստը «Ազատություն» ռադիոկայանին ասել է՝ Սպիտակ տնից եկող հակասական ազդանշանները հուշում են, որ պաշտոնյաները փորձում են միաժամանակ երկու բանի հասնել՝ հանգստացնել շուկաները եւ պատերազմի ընթացքը ներկայացնել որպես հաջողված։ Միեւնույն ժամանակ, Փոաստը նշել է, որ վարչակազմի հռետորաբանությունը իր նպատակների վերաբերյալ կարծես փոխվել է։ Ռեժիմի փոփոխության կամ Իրանին միջուկային զենք ձեռք բերելուց մշտապես զերծ պահելու վերաբերյալ սկզբնական շրջանի հայտարարությունների փոխարեն գնալով ավելի ու ավելի հաճախ են հնչում առավել նեղ նպատակների մասին հայտարարություններ, ինչպիսին է Իրանի հրթիռային ներուժի եւ ռազմածովային ուժերի ոչնչացումը։ Փոաստի խոսքով՝ այս ճշգրտումը կարող է թույլ տալ վարչակազմին ինչ-որ պահի ավարտել պատերազմն ու պնդել, որ հասել են իրենց նպատակին, նույնիսկ եթե Իրանի քաղաքական ղեկավարությունը շարունակի մնալ իշխանության գլուխ։

Մինչ Սպիտակ տունը խոսում է ռազմական հաջողությունների մասին, Կապիտոլիումում թափ է առնում պատերազմի շուրջ քաղաքական բանավեճը։ Դեմոկրատ սենատորներ, այդ թվում՝ Կոնեկտիկուտից Քրիս Մերֆին, Վիրջինիայից Թիմ Քեյնը, Իլինոյսից Թեմի Դաքվորթը, Կալիֆոռնիայից Ադամ Շիֆը եւ Վիսկոնսինից Թեմի Բոլդուինը, ներկայացրել են մի քանի բանաձեւեր, որոնք ուղղված են Միացյալ Նահանգների՝ հակամարտությունում ներգրավվածության դադարեցմանը՝ համաձայն «Պատերազմական լիազորությունների մասին» օրենքի, որը երկարատեւ ռազմական գործողությունների համար պահանջում է Կոնգրեսի հաստատում։ Սենատի նիստում Իլինոյսից դեմոկրատ Դիք Դըրբինը զգուշացրել է, որ այս հակամարտությունում հնարավոր է կրկնվեն Իրաքյան պատերազմի սխալները՝ նկատելով, որ վարչակազմն առաջարկում է ռազմական գործողությունների համար փոփոխական հիմնավորումներ եւ չունի հստակ, երկարաժամկետ ռազմավարություն։

Ըստ Սենատի հանրապետական եւ դեմոկրատ օրենսդիրների օգնականների, որոնք անանուն մնալու պայմանով զրուցել են «Ազատություն» ռադիոկայանի հետ, առաջիկա օրերին մի քանի զարգացում կարող է ակնհայտ դարձնել՝ արդյոք հակամարտությունն իսկապես մեղմանում է, թե մտնում է նոր փուլ։ Նրանց համոզմամբ՝ հիմնական նշաններից մեկը կլինի մարտական գործողությունների օպերատիվ տեմպը։ Ամերիկյան օդային հարվածների դանդաղումը կամ խոցված իրանական անօդաչու թռչող սարքերի քանակի նվազումը կարող է հուշել, որ Վաշինգտոնը կարծում է, թե մեծ մասամբ հասել է իր հիմնական ռազմական նպատակներին։ Մեկ այլ գործոն կլինի Իրանի արձագանքը։ Իրանի կամ նրա տարածաշրջանային դաշնակիցների կողմից հրթիռային կամ անօդաչու թռչող սարքերի շարունակական հարձակումները կնշանակեն, որ Թեհրանը դեռեւս պահպանում է մարտական գործողություններ շարունակելու ունակությունը եւ պատրաստակամությունը, ինչը կարող է երկարաձգել հակամարտությունը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031