«Գնացել էինք բանջարի, դաշտում նկատեցի փոքրիկ այծի ձագ, որի վրա կային վնասվածքներ: Մտածեցի, որ կենդանին դաշտում կարող էր սատկել, որովհետեւ վնասվածքները խորն էին, բերեցի տուն, դեղորայքով բուժեցինք, պահեցինք եւ արդեն գտնվում էր նորմալ վիճակում»։
Տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետի պարտականությունները կատարողի կողմից 2025 թ. մարտի 20-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ 2025թ. մարտի 20-ին ոստիկանության աշխատակցից ստացել է ահազանգ այն մասին, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Վարուժան Օհանյանն իր տանը բեզոարյան այծ է պահում:
Կարդացեք նաև
Նույն օրը տեսչական մարմնի աշխատակիցների հետ մեկնել են Վ. Օհանյանի բնակարան, հայտնաբերել են բեզոարյան այծին։
Արձանագրել են, որ Վ. Օհանյանի կողմից խախտվել է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի 3-րդ մասի պահանջները:
«Առավոտի» հետ երեկվա զրույցում թոշակառու, բազմանդամ ընտանիքի հայրը՝ Վ. Օհանյանը, տեղեկացրեց, որ Վայքի դատարանը նրան դատապարտել է 150 000 դրամի չափով տուգանքի, ըստ նրա, մեկ ամսական «ուլը», որին ինքը փրկել է, գտել, խնամել, արժե 15 մլն դրամ, բայց դատարանի որոշումից հետո տեղափոխել են հարյուր դրամանոց տոպրակով… Նա չի ստացել փորձագիտական եզրակացությունը:
Նա դիմել էր ընդդեմ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի՝ 09.04.2025 թ. թիվ Վ/15/25 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցով դատարան, որը դատարանը մերժել է։ Վ. Օհանյանը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը, գործի որոշ մանրամասներ կարդացեք մեր առաջիկա համարներից մեկում։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.03.2026





















































