Լրահոս
Օրվա լրահոսը

Թվային հետք ու մարդկային ցավ

Մարտ 21,2026 12:30 Share

Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են

«Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ «Առավոտն» ամեն ուրբաթ ներկայացնում է դետեկտիվի արտառոց բացահայտումները։

Դետեկտիվի աշխատանքային օրվա առավոտը սկսվում է մեկ գավաթ սուրճի անուշահամ բուրմունքով ու ռադիոյով հնչող հաճելի ջազային երաժշտության ուղեկցությամբ էլեկտրոնային փոստի ստուգմամբ:

Ֆորբսի լավագույն հնգյակում գտնվող ընկերության անվտանգության դեպարտամենտի տնօրենից ստացված նամակը մի պահ թվաց զեղծարարների կողմից ուղարկված: Նամակ, որը մասնագիտական բնազդով ցանկանում ես ջնջել՝ ի՞նչ գործ պետք է ունենա այդ ընկերությունը մեզ հետ: Սակայն մի ներքին ձայն հուշեց ամեն դեպքում ընթերցել նամակը:

Եվ ներքին ձայնը ճիշտ էր. նրանք դիմել էին Gabrielyan & Partners Detective Bureau-ին։

25 ազգությամբ հայերի մասին էր հարցումը: Նրանք ընկերության հարթակում բացել էին նույնականացված օգտահաշիվներ, եւ դրանց հիմքով վաճառքի էջեր: Այդ էջերի միջոցով սկսել էին կիրառել զեղծարար սխեմաներ։

Նրանց նույնականացված օգտահաշիվները դարձել էին խարդախության օպերացիոն գործիք։ Պատվերները ձեւակերպվել էին, գումարները՝ մուտքագրվել, բայց առեւտրական շղթան մնացել էր կիսատ։ Պատվիրատուն ոչինչ չէր ստացել։

Անվտանգության դեպարտամենտը փոխանցեց ամբողջ տեղեկատվությունը՝ լուսանկարներ, անձնագրային տվյալներ, հասցեներ, հեռախոսահամարներ, էլփոստի հասցեներ, համացանց մուտք գործելու IP հասցեներ։

Կոլեգաները խնդրում էին հետաքննել ու պարզել զեղծարարությունների ողջ շղթան ու հնարավոր խորությունը:

Խնդիրը հստակ էր, բայց դրա հետեւում թաքնված էր 25 հայի ճակատագիր։

Մենք սկսեցինք անհատական հանդիպումները։ Մարդիկ տարբեր էին՝ տարիքով, կրթությամբ, զբաղվածությամբ։ Բայց նրանց միավորում էր մեկ հանգամանք՝ ֆինանսական ծանր վիճակը։ Ոմանք ունեին վարկային պարտավորություններ, ոմանք ժամանակավոր գործազրկության մեջ էին, իսկ ոմանք պարզապես չէին հասկացել, թե ինչի են համաձայնվում Տելեգրամի խմբերում առաջարկվող 10 հազար դրամի դիմաց։

Ամենացնցողը մի աղջկա հետ հանդիպումն էր։ Նա նստած էր մեր դիմաց՝ վախեցած, խոնավ աչքերով։ Նա տուն չուներ, ապրում էր բարեկամների տանը։ Բայց երբ բացեցինք ղազախական բանկերից մեկում նրա անվամբ բացված հաշվեհամարը, էկրանին մի թիվ փայլեց, որը ֆանտաստիկ էր թվում նրա կենցաղի ֆոնին՝ 100,000 ԱՄՆ դոլար։

-Դուք գիտե՞ք, որ Ձեր անունով հարյուր հազար դոլար կա,— հարցրի ես ցածր ձայնով։

Նա ուղղակի նայեց ինձ, ու աչքերից արցունքներ հոսեցին։

– Պարոն Գաբրիելյան, ես այսօրվա հացի փողը չունեմ… Ինձ ասացին՝ սա ուղղակի էջ է…

Այդ պահին ես զգացի այն դառը հակասությունը, որը կազմում էր այս գործի հիմքը։ Զեղծարարների համար դա «զուտ էջ» էր, իսկ այս աղջկա համար՝ կործանված կյանքի հեռանկար։

Հետքերը մեզ տարան Ղազախստան։ Երեւանից Ալմաթի ուղիղ թռիչքներ չկային։ Մեքենայով մեկնեցինք Թբիլիսի ու այնտեղից լուսաբացին թռանք Ղազախստան: Օդանավի սրահում Գագիկի հետ ակտիվ քննարկում էինք մեր քեյսը՝ առանց շշնջալու, քանի որ միակ հայերն էինք։ Գիտեինք, որ այնտեղ մեզ սպասում են ոչ միայն հարցեր, այլեւ իրական գործողություններ։

Օդանավակայանում մեզ դիմավորեց մեր հարգարժան գործընկերը՝ Ղազախստանի լավագույն մասնավոր խուզարկու Ռուստամ Միրզաբաեւը: Բայց իրական ուժային աջակցությունը եկավ Գագիկի հին ընկերոջից՝ Սերիկից։

Նրանք դեռ ոստիկանությունում աշխատած տարիներից հին բարեկամներ էին, ու հիմա Սերիկը ղեկավարում էր Ղազախստանի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումներից մեկը։ Երբ նրանք իրար տեսան, ժամանակը կարծես մի պահ կանգ առավ։ Դա պրոֆեսիոնալների այն լուռ հարգանքն էր, որը ձեւավորվում է տարիների համատեղ աշխատանքի ընթացքում։

Այդ գիշեր իրականացվեց գրոհը։ Ալմաթիի սառը, մշուշոտ արվարձաններում Սերիկի ստորաբաժանումը՝ մեր եւ Ռուստամի տրամադրած տվյալների հիման վրա, շրջափակեց այն գրասենյակը, որտեղից կառավարվում էին հայկական օգտահաշիվները։ Դա տեխնիկական «լաբորատորիա» էր՝ լի համակարգիչներով ու կապի միջոցներով։ Գործողությունն իրական դետեկտիվ ֆիլմ հիշեցնող տեսարան էր. կոտրված դռներ, շղթայակապ ձերբակալվածներ եւ տասնյակ միացված համակարգիչներ, որոնց էկրաններին դեռ երեւում էին նաեւ այդ հարթակում գրանցված հայկական էջերը…

Այդ գիշեր մենք կտրեցինք ղազախական միջանկյալ օղակը։ Տեղական ռեսուրսների, տեխնիկական հետագծման եւ օպերատիվ տեղեկատվության համադրմամբ հայտնաբերվեց, որ ղազախական խումբը ինքնուրույն չէր գործում։ Նրանք հանդիսանում էին միջանկյալ օղակ։

Հարցաքննությունների արդյունքում պարզ դարձավ, որ վերջնական կառավարումը եւ համակարգումը կատարվում էր Մյանմայում գործող հանցավոր կլանների կողմից, որոնք մասնագիտացած էին զանգերի կենտրոնների (call-center fraud operations) միջոցով միջազգային խարդախ սխեմաների կազմակերպման մեջ։

Նրանց մոդելը հետեւյալն էր. ամբողջ աշխարհում հավաքագրել կամ գնել հաստատված օգտահաշիվներ, օգտագործել դրանք խարդախ վաճառքների կամ այլ թվային զեղծարար սխեմաների համար եւ արագ դուրս բերել միջոցները բազմաշերտ փոխանցումներով:

Մեր պատվիարտու ընկերությունը կամ այլ հարթակներ նրանց համար ընդամենը գործիք էին։

Հաջորդ առավոտյան Սերիկի աջակցությամբ, ձեռք բերված տեղեկատվությունն ամբողջությամբ պաշտոնական օպերատիվ խողովակներով փոխանցվեցին Մյանմայի իրավապահ մարմիններին՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

Գործի ղազախական փուլն ավարտվեց հաղթանակով։ Մեր վերջին երեկոն անցկացրինք Ալմաթիի հայտնի «Zheti Kazyna» (Յոթ գանձ) ռեստորանում։ Սեղանի շուրջ ես, Գագիկը, Ռուստամն ու Սերիկը։ Դա պաշտոնական ընթրիք չէր, դա հին ընկերների, ոստիկանության նախկին եւ գործող բարձրաստիճան սպաների հանդիպում էր, ովքեր մեկ անգամ եւս ապացուցեցին, որ մասնագիտական ու սպայի պատիվը սահմաններ չի ճանաչում։ Խոսում էինք անցած օրերի, բացահայտված սխեմաների ու այն մարդկային ճակատագրերի մասին, որոնք մենք փորձում էինք փրկել։

Հաջորդ առավոտյան օդանավակայանում հրաժեշտը լի էր ընկերական կարոտով ու նոր հանդիպման ակնկալիքով։ Ռուստամն ու Սերիկը մեզ ճանապարհեցին որպես հարազատ մարդկանց։

– Եղբայրներ, սահմանները միայն քարտեզի վրա են։ Մենք միշտ կողք կողքի ենք,- ասաց Սերիկը։

Վերադարձին Թբիլիսիի օդանավակայանում մեզ սպասում էր եւս մեկ անակնկալ։ Հենց դուրս եկանք ժամանման սրահ, տեսանք մեր անբաժան վրացի գործընկերոջն ու եղբորը՝ Շալվա Կուպրաշվիլիին։ Նա իմանալով մեր ճամփորդության ու բարդ գործի մասին, եկել էր օդանավակայան՝ մեզ դիմավորելու։

– Դուք կարծում էիք՝ Վրաստանով կանցնեիք ու Շալվան ձեզ հետ նախաճաշ չէր անի՞,-բացականչեց նա իր բնորոշ ջերմությամբ։

Մենք գնացինք «Puri Guliani», որտեղ թարմ թխված հացի բուրմունքի ու Թբիլիսյան առավոտյան ջերմության ներքո կիսվեցինք մեր տպավորություններով։ Այդ նախաճաշը լավագույն վերջակետն էր մեր բարդ ուղեւորության համար։

Այդ գիշեր, երբ Երեւանում արդեն անջատում էի գրասենյակի լույսը, մտքիս մեջ դեռ այն աղջկա հայացքն էր։ Մենք պատվիրատուին փոխանցեցինք բոլոր ապացույցները, բացահայտեցինք հանցավոր շղթան, բայց հասկացանք մի կարեւոր բան։ Թվային դարում մարդը դարձել է շատ խոցելի։

Թվային աշխարհը փոխվել է, բայց հանցագործության տրամաբանությունը՝ ոչ։ Միշտ կան մարդիկ, ովքեր կարծում են, թե մեծ համակարգին խաբելն աննկատ կանցնի։

Բայց մեծ հարթակներն ունեն ինստիտուցիոնալ ու խորը հիշողություն։ Իսկ երբ այդ հիշողությանը միանում է փորձառու հետաքննությունը, անտեսանելիությունը դառնում է միֆ։

Հանցագործությունը սահմաններ չի ճանաչում, բայց պատասխանատվությունն ու ընկերությունն էլ սահմաններ չունեն։

Եվ մեծ խաղերում մի բան հաստատ է. տարածությունը միշտ խաբուսիկ է։

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031