Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտածել, որ Նիկոլի ռեժիմից հնարավոր է ազատվել ընտրությունների ճանապարհով, առնվազն միամտություն է, եթե չասենք՝ դավադրություն»

Մարտ 21,2026 13:00 Share

«Կամ եկեք հեղափոխություն անենք, որի մարտահրավերը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է բոլորիս՝ հասարակությանը, հայ ժողովրդին նետել, կամ եկեք գնանք Նիկոլի հետ ընտրությունների մասնակցենք ու դակենք հերթական անգամ, որ Նիկոլն է Հայաստանի վարչապետը։ Երրորդ տարբերակ գոյություն չունի»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ, ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Հակոբյանը։

-Արդեն հստակ է՝ Հայաստանի խնդրանքով ԵՄ-ն մեր երկրում կտեղակայի հիբրիդային արագ արձագանքման խումբ՝ երկրում ընտրություններից առաջ սպառնալիքներին հակազդելու համար: «Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը: Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»,-հայտարարել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Ինչի՞ են վերածվելու հայաստանյան ընտրությունները, մոլդովական սցենարի կրկնությո՞ւնն է լինելու։

-Եվրոպացիների այս մոտեցումը եւ Կայա Կալասի հայտարարությունը պարզ վկայություն է, որ տեւական ժամանակ է՝ Հայաստանի իշխանությունն արտաքին կառավարման ներքո է գտնվում։ Ո՞րն է այստեղ եվրոպացիների շահը. ակնհայտ է, մենք դա տեսնում ենք, անթաքույց է համարյա՝ Հայաստանում սպասվելիք ընտրությունները փորձ է կատարվում օգտագործել հերթական եվրոպական դիվանագիտական, աշխարհաքաղաքական շահերի քաղաքականության համատեքստում։ Հակառուսականության նոր դրսեւորում է՝ հիբրիդային պատերազմ, դրա մասին խոսակցություններ, ակնարկներ, որ ՌԴ-ն Հայաստանում փորձում է ընտրական գործընթացներին խառնվել, եվրոպացիներն էլ փորձում են դրան դիմակայել։ Այսինքն, ի՞նչ է ստացվում. մի կողմից ՀՀ իշխանությունը հայտարարում է, անընդհատ գոռում-գոչում է՝ մենք ինքնիշխան ենք, թույլ չենք տա ոչ ոք խառնվի մեր գործերին, մյուս կողմից, մեկ այլ աշխարհաքաղաքական ուժին բերում են Հայաստան, ենթադրյալ ինչ-որ հիբրիդային գործիքակազմով, ենթադրյալ հիբրիդային ներթափանցման փորձ կասեցնելու համար։ Այսինքն, մենք գործ ունենք դասական աբսուրդի հետ, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ՀՀ իշխանությունը փորձում է ամեն գնով վերարտադրվել եւ դրա համար լայն հնարավորություններ է տվել նաեւ եվրոպացիներին, որպեսզի իրենք իրենց աշխարհաքաղաքական շահերին հասնելու համար, այդ շահերը սպասարկելու համար նաեւ Հայաստանը, Հայաստանում տեղի ունեցող գործընթացները օգտագործեն։

-Ի դեպ, տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ ընտրություններից առաջ. միավորվելու եւ մեկ ճակատով ՔՊ-ական իշխանության դեմ պայքարելու փոխարեն՝ ընդդիմադիրները միմյանց դեմ են պայքարում։ Ձեր վերջին գրառումներում դուք էլ «կատաղի պատերազմ» եք մղում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա թիմի դեմ։ Բայց Ռոբերտ Քոչարյանը վատ բան չի ուզում, ասում է՝ չի հանգստանա, մինչեւ ՔՊ-ական իշխանությանը չհեռացնի, ասում է՝ Հայաստանին ուժեղ առաջնորդ եւ ուժեղ բանակ է պետք, իրական տնտեսական զարգացում։

-2026 թվականի ընտրություններից դեռ մեկ տարի առաջ, քաղաքական տարբեր ուժերին, բոլոր դերակատարներին խնդրանքներ, կոչեր, հորդորներից հետո, որ պետք չի պատրաստվել ընտրությունների եւ մտածել, որ հնարավոր է Նիկոլի ռեժիմից ազատվել ընտրական ճանապարհով, այլ պետք է փողոցային շարժում գեներացնել ու խնդիրը լուծել հեղափոխական տրամաբանությամբ, փողոցային պայքարի միջոցով՝ սահմանադրական իմպիչմենտի գործիքակազմն օգտագործելով, ցավոք, նրանց մեծ մասն ասացին, որ մասնակցելու են ընտրությունների։ Գնալու են Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի, նրա հետ մրցակցելու դասական քարոզարշավի տեսանկյունից, որը, կարծում եմ, անարդյունավետ է, որովհետեւ ընտրություններ տեղի են ունենում ժողովրդավարական համակարգերում։ Ընտրությունը հենց բուն ընտրության օրը քվեաթերթիկ գցելը չէ տուփի մեջ, դրան նախորդում են շատ այլ դեմոկրատական գործընթացներ, որոնք Հայաստանում ոչ միայն չկա, այլեւ Հայաստանը ռեկորդներ է սահմանում քաղբանտարկյալների, մամուլի նկատմամբ հալածանքների եւ տարբեր այլ ավտորիտար մոտեցումներով։

Ես որոշել էի, որ առժամանակ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ կարծիք չեմ հայտնելու։ Բայց այս իրավիճակում, երբ որոշել են գնալ ընտրությունների, քոչարյանական որոշ տելեգրամ ալիքներ՝ ուղղորդվելով Մոսկվայում բնակվող հայտնի քոչարյանական կոմունիկատորի կողմից, որոշեցին, որ պետք է դրդեն ասել այն, ինչ մտածում եմ իրենց մասին։ Ես էլ՝ կարծիքս արտահայտում եմ ու արտահայտում եմ բաց, հրապարակային։

-Լավ, եթե խնդիրը ընտրություններով ՔՊ-ական իշխանությանը հաղթել-չհաղթելու մեջ է, ապա ի՞նչ երաշխիքներ, որ ոչ ընտրություններով, փողոցային պայքարով կամ իմպիչմենտով հնարավոր կլինի հեռացնել նրանց իշխանությունից, մանավանդ որ, նման մի քանի անհաջող փորձեր ունենք։

-Հայաստանում ներկայումս ստեղծված իրավիճակը դասական քաղաքագիտական առումով ավտորիտար համակարգ է ու այս իրավիճակում որեւիցե առողջ քննադատության չի դիմանում այն մոտեցումը, որ հնարավոր է ընտրությունների ճանապարհով փոխել մի ռեժիմ, որի համար իշխանության մնալը կյանքի եւ մահու հարց է։ Տրամաբանական պարզ հարց է, չէ՞, առաջանում. ինչո՞ւ է այս իշխանությունը գնում ավտորիտար մոտեցումներով, ինչո՞ւ է քաղբանտարկյալներով լցնում բանտերը, ինչո՞ւ է հալածում մամուլին, ինչո՞ւ է բոլոր հնարավոր տարբերակներով փորձում այլակարծությունը ճզմել։ Մի պարզ պատճառով՝ ցանկանում է անընդհատ մնալ իշխանության։ Իսկ ընտրությունները՝ իշխանությունը վերարտադրելու գործընթացի լեգիտիմացնելու, լեգալացնելու միակ տարբերակն են։ Հիմա, այս պայմաններում մտածել, որ Նիկոլի ռեժիմից հնարավոր է ազատվել ընտրությունների ճանապարհով, ես կարծում եմ, առնվազն միամտություն է, եթե չասենք՝ դավադրություն։ Այսինքն, եթե Հայաստանում կան ուժեր, որոնք ցանկանում են Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատել՝ հույս ունենալով, որ կգա պահը, որ աշխարհաքաղաքական կենտրոնները կփոխեն իրենց որոշումները, իշխանությունն իրենց կհանձնեն, կարծում եմ, որ վերջին 7-8 տարիների պատմությունն ապացուցել է՝ այդպես չի լինում։

Սա ընդհանուր մոտեցումն է՝ ինչո՞ւ պետք է մտածել Նիկոլից ազատվելու այլ տարբերակի մասին։ Իսկ այլ տարբերակը՝ սահմանադրական գործիքակազմով՝ դա փողոցային ճնշումն է, որի իրավական ձեւակերպումը, այսինքն՝ սահմանադրական լուծումը, իմպիչմենտի գործընթացն է։ Այլ տարբերակ, բնության մեջ ուղղակի գոյություն չունի։ Եթե ինչ-որ մեկը դրոշակ է բարձրացնում եւ ասում է՝ ես հավակնում եմ փրկել ձեզ, ազատել Հայաստանը Նիկոլի ռեժիմից, դա նշանակում է, որ ինքն ունի այնքան համախոհներ, որ կարող է նրանց հավաքել փողոցում եւ փողոցային ճնշման ճանապարհով հասնել իմպիչմենտի գործիքակազմի կիրառմանը։ Սա է ամբողջ խնդիրը։ Եթե այլ տարբերակներ գոյություն ունեն, թող հրապարակեն։ Ես վերջին մեկ-երկու տարիների ընթացքում որեւիցե այլ բան չեմ լսել, որովհետեւ բնության մեջ այլ տարբերակ գոյություն էլ չունի։

Սա է խնդրի էությունը. կամ եկեք հեղափոխություն անենք, որի մարտահրավերը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է բոլորիս՝ հասարակությանը, հայ ժողովրդին նետել, կամ եկեք գնանք Նիկոլի հետ ընտրությունների մասնակցենք ու դակենք հերթական անգամ, որ Նիկոլն է Հայաստանի վարչապետը։ Երրորդ տարբերակ գոյություն չունի։

-Բոլորը բղավում են՝ իրենք են ուժեղը, իրենք են միակ ճիշտը, իրենք են միակ կարող ուժը, միայն իրենք կարող են Նիկոլ Փաշինյանին հաղթել. փաստն այն է, որ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, իշխող ուժն էլ Քաղաքացիական պայմանագիրը, իսկ հիասթափվածների քանակն օրեցօր ավելանում է քաղաքացիների շրջանում։ Ի՞նչ անեն մարդիկ, ովքեր իրավունք ունեն չհավատալու եւ չվստահելու միայն աղմկող քաղաքական ուժերին։

-Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին, բոլոր սրտացավ մարդկանց, իրենց հայ համարող մարդկանց, երկրի, երկրի ապագայի, երկրի լինել-չլինելու մասին մտածող մարդկանց՝ խորհուդ եմ տալիս՝ կյանքի եւ մահու հարց չդարձնել այս ընտրությունները, որոնք անկախ արդյունքներից, կարծում եմ, բոլորի համար էլ մոտավորապես պարզ են։ Բայց եթե ցանկանում են մասնակցել ընտրությունների, պետք է ընտրեն ցանկացածին, բացի Նիկոլից։ Եթե ընտրությունների չեն ցանկանում մասնակցել կամ կարծում են, որ այլ մոտեցումներով պետք է առաջնորդվել, միեւնույն է՝ զինվեն համբերությամբ եւ պատրաստվեն երկարատեւ, տեւական դիմադրության պայքարի, որի արդյունքը լինելու է հաղթանակը։

Որեւիցե մեկը չի կարող ասել՝ պատին գրված է, հարյուր տոկոս է, որ միայն այս ճանապարհով է հնարավոր հեռացնել Նիկոլին, եթե այս ընտրություններով Նիկոլին հնարավոր չեղավ հեռացնել, հաջորդ հնարավորությունը լինելու է հինգ տարի հետո. ՉԿԱ նման բան։ Այս ընտրություններով չի ստացվի, ուրեմն այս ընտրություններից մեկ ամիս հետո պետք է ինչ-որ մի բան մտածել։ Դա էլ չի ստացվի՝ կես տարի հետո, նորից մեկ ամիս հետո. անընդհատ պետք է այդ ուղղությամբ աշխատել՝ օգտագործելով Սահմանադրության ամբողջ զինանոցը։ Միայն ընտրությունները չեն իշխանությունը փոխելու ճանապարհը։ Կան շատ այլ սահմանադրական ճանապարհներ, որոնցից գլխավորը շարունակում է մնալ իմպիչմենտի գործիքակազմը, որը հնարավոր է կիրառել միայն, եթե փողոցում կա բողոքող հասարակույթուն, իրենց իրավունքների, իրենց խնդիրների, իրենց արժանապատվության համար հետեւողականորեն փողոցում կանգնելու պատրաստակամություն ունեցող ժողովրդական զանգված։ Կա՞ այդպիսի հասարակություն Հայաստանում։ Այո՝ կա։ Ո՞րն է խնդիրը։ Խնդիրը՝ մարդկանց համախմբելն է ու դրան պետք է պատրաստվել. պատրաստվել այժմվանից եւ առաջինը՝ հոգեբանորեն։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
20.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Եղբայր, եթե դու ասում ես ընտրություններով նիկոլը չի փոխվի, քո այդ խոսքից շատերը կհասկանան, որ ընտրություններին չգնալը, այսինքն ընտրությունները բոյկոտելը ճիշտ է (մանավանդ, որ օգտագործում ես «ընտրությունների վրա հույս դնելը դավադրություն է» միտքը)։ Բայց հայտնի բան է, որ ընտրողների պասիվ մասնակցությունների դեպքում Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններն էլ շահել են, ուստի՝ նիկոլն էլ կշահի, որովհետև իշխանությունն ունի վարչական կայուն ռեսուրս, դրան գումարած ուղեղները լվացած իշխանամետ ընտրազանգված, դրան էլ գումարած ընտրական տարբեր մանիպուլյացիաների փորձարկված մեխանիզմներ ու այդքան բանից հետո եթե նիկոլին դեմ և ուրիշ մեկին ընտրող մարդիկ չմասնակցեն ընտրություններին, ապա նիկոլը մեկից-մեկ կհաղթի։
    Ուրիշ բան, եթե դու ասեիր, որ ամեն դեպքում պետք է գնալ ընտրությունների և փորձել նիկոլից ազատվել, իսկ եթե դա չստացվի, ապա դրանից հետո հետընտրական փողոցային շարժում ծավալել և թեկուզ այդ ճանապարհով ազատվել այս չարիքի իշխանությունից։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031